Բենիամին Թումասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենիամին Թումասյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1925(1925-10-17)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 2012(2012-01-24) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Բենիամին Հակոբի Թումասյան (հոկտեմբերի 17, 1925(1925-10-17), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2012(2012-01-24), Երևան, Հայաստան), հայ խորհրդային էլեկտրատեխնիկ։ «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն և Երևանի էլեկտրական լամպերի գործարանի տնօրեն (1974-1993)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1986)[1]։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիամին Հակոբի Թումասյանը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում, ախալցխահայերի ընտանիքում[2]։ 1927 թվականին Թումասյանների ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվում Ախալցխա[3]։ 1932-1942 թվականներին Բենիամինը սովորել է Ախալցխայի հայկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ[3][4]։ 1939 թվականին ընդունվել է կոմերիտմիության շարքերը[5]։ Դպրոցն ավարտելուց հետո մինչև 1943 թվականի մայիսն աշխատել է կոլտնտեսությունում[4]։

Մասնակցություն Հայրենական մեծ պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Բենիամին Թումասյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Նրան ուղարկել են սովորելու Կրասնոդարի գնդացրա-ականանետային ուսումնարան, որն ավարտել է 1944 թվականին[2]։ 1944 թվականի սեպտեմբերի 21-ից նա արդեն ռազմաճակատում էր։ Թումասյանը ծառայել է Առաջին ուկրաինական ռազմաճակատում, որպես գվարդիական լեյտենանտ։ Նա մարտնչել է 225-րդ գվարդիական հրաձգային Դեմբիցկիի կարմիր դրոշի շքանշանակիր գնդի 78-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի կազմում, որպես 1-ին հրաձգային վաշտի գնդացրորդների հրամանատար[6]։ Հունվարի 31-ին, Նոյդորֆ գյուղի մերձակայքում, թշնամու կրակի տակ, Թումասյանը երկու գնդացրային հաշվարկով առաջինն է հատել Օդեր գետը և գնդացրային կրակով հնարավորություն տվել, որ ամբողջ գումարտակը անցնի գետը։ 1945 թվականի փետրվարի 4-ին Բրիգ քաղաքի (այժմ՝ լեհական Բրզեգ քաղաք) համար մղված մարտերում Թումասյանի ստորաբաժանումը գնդացրային կրակով հետ է մղել թշնամու երկու հակագրոհները։ Մարտի ընթացքում գնդացրային հաշվարկներից մեկը շարքից դուրս է եկել, որից հետո Թումասյանն անձամբ պառկել է գնդացրի առջև և հետ մղել առաջ շարժվող թշնամուն՝ թույլ չտալով, որ նրանք մոտենան։ Նա ծանր վիրավորվել է, բայց շարունակել է մարտնչել մինչ հակահարվածը հետ է մղվել[6]։ Թումասյանին տեղափոխել են հոսպիտալ, իսկ 1945 թվականի հուլիսին նա զորացրվել է որպես Հայրենական մեծ պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ[3]։ Մարտական ծառայության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի երկու շքանշաններով և մեդալներով։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Բենիամին Թումասյանը ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[4]։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և 1951 թվականին ավարտել է ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը էլեկտրատեխնիկի որակավորմամբ[3]։ Ինստիտուտն ավարտելուց հետո Թումասյանին գործուղել են աշխատելու Երևանի նորաստեղծ էլեկտրական լամպերի գործարանում։ Մասնակցել է գործարանի առաջին արտադրանքի թողարկման աշխատանքներին՝ նախ որպես վարպետ, ապա 1951 թվականի սեպտեմբերից՝ որպես լամպերի հավաքման արտադրական բաժնի վարիչ[7]։ 1952 թվականին վերապատրաստման դասընթաց է անցել Մոսկվայում, հոսքային գծերի ուսումնասիրության վերաբերյալ[8]։ 1958-1961 թվականներին Թումասյանը գործարանի գլխավոր տեխնոլոգն էր, իսկ 1961-1969 թվականներին եղել է գործարանի գլխավոր կոնստրուկտորական բյուրոյի ղեկավարն ու գործարանի գլխավոր ինժեների տեղակալը[2]։ 1966 թվականին կազմակերպվում է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորումը և Երևանի էլեկտրական լամպերի գործարանը ընդգրկվում է դրա կազմում, 1969 թվականին Թումասյանը նշանակվել է «Հայէլեկտրլույս» միավորման գլխավոր ինժեներ (գլխավոր տնօրենի առաջին տեղակալ)[9][3]։

1974 թվականին Բենիամին Թումասյանը նշանակվել է ԽՍՀՄ էլեկտրարդյունաբերության նախարարությանն առընթեր աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն[3]։ Թումասյանի ղեկավարման տարիներին «Արմելեկտրալույս» արտադրական միավորումը արտադրանք էր մատակարարում հանրապետության շատ կարևոր նախագծերի համար, և առաջատար դիրքեր է զբաղեցրել Խորհրդային Միության լուսատեխնիկական ձեռնարկությունների շարքում[10]։ Արտադրական միավորումում մշակվել են «Ակացիա» և «Հերկուլես» միջուկային էլեկտրական հրթիռային շարժիչի ստեղծման կանոնակարգն ու ծրագրակազմը և կատարել նատրիումի լամպի մետաղակերամիկական միավորների ջերմամշակման, եռակցման և զոդման աշխատանքները, ապահովելով անհրաժեշտ հերմետիկության ռեսուրս [10]: Թումասյանի ղեկավարությամբ ԱՄ կոլեկտիվը ժամանակակից լուսավորության սարքավորումներ է տեղադրել Երևանի մետրոպոլիտենի կայարանների լուսավորման համար[11]։ Նրա ղեկավարությամբ Երևանի էլեկտրական լամպերի գործարանում են արտադրվել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի շենքի ջահերը, որի համար 1980 թվականին Թումասյանը կոլեկտիվի հետ արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի[2]։ Թումասյանի ղեկավարության ընթացքում արտադրական միավորման կոլեկտիվը 9 տարի անընդմեջ արժանացել է ԽՄԿԿ Կենտկոմի, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի, Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի և Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի փոխանցիկ կարմիր դրոշի[3][12]։

Բենիամին Հակոբի Թումասյանը մեծ ուշադրություն է դարձրել արտադրական միավորման տեխնիկական անձնակազմի պատրաստմանը։ Թումասյանի նախաձեռնությամբ Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումում կազմակերպվել է էլեկտրավակուումային բաժին, որը հետագայում վերափոխվեց ՊՊ «Հայէլեկտրալույս» արտադրական միավորմանը կից առանձին տեխնիկումի։ Նրա նախաձեռնությամբ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվել է լուսատեխնիկական բաժին, որի շրջանավարտներից շատերն աշխատանք են ստացել արտադրական միավորումում[4]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1986 թվականի հունիսի 10-ի հրամանագրով Բենիամին Հակոբի Թումասյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնվել է Լենինի շքանշան ու «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալ տասնմեկերորդ հնգամյա պլանի և սոցիալիստական պարտավորությունների գծով առաջադրանքների ժամկետից շուտ կատարման գործում ունեցած մեծ ավանդի, էլեկտրատեխնիկական սարքավորումների որակի և արտադրական տեխնոլոգիաների բարելավման ու աշխատանքային արիության համար[13][14]։

Հետագայում «Հայէլեկտրալույս» ԱՄ-ն վերանվանվել է «Լույս» ԱՄ-ի, Թումասյանը ԱՄ-ի տնօրենն է եղել մինչև 1993 թվականը[15]։ 1993-2000 թվականներին Թումասյանը եղել է Երևանի լուսատեխնիկական գործարանի տնօրենի խորհրդական։ 2000 թվականին գործարանի հիման վրա ստեղծվել է «Գրանդ Սան» ընկերությունը, իսկ Թումասյանը մնացել է ընկերության ղեկավարի խորհրդական[2]։

Բենիամին Հակոբի Թումասյանը 17 գյուտերի և բազմաթիվ նորարարական առաջարկների հեղինակ է, այդ թվում` «Լյումինեսցենտային լամպի և դրա արտադրության եղանակը», «Լույսի աղբյուրների սկավառակների շիկամշակման և հալման վառարաններ», «Լյումինեսցենտային լամպերի կոթառների հավաքման ավտոմատ մեքենա», «Լույսի աղբյուրների հրակայուն մետաղներից պատրաստված մասերի ակվադագից մաքրման մեթոդներ»[16]։ Նա համարվում է նաև «Լամպագործների աշխատանքային ուղին» գրքի հեղինակ (Մ. Լ. Աթաջանյանի հետ միասին) որը նվիրված է «Հայէլեկտրալույս» ԱՄ-ում արտադրության կազմակերպման և արտադրանքի որակի բարելավման խնդիրների պատմությանը[17]։ Թումասյանը ընդգրկված էր ՀԽՍՀ Պետպլանի օրգան «Հայաստանի արդյունաբերություն» (1986 թվականից՝ «Հայաստանի արդյունաբերություն, շինարարություն և ճարտարապետություն») ամսագրի խմբագրական խորհրդի կազմում։

Բենիամին Հակոբի Թումասյանը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ, մի քանի անգամ ընտրվել է Երևանի էլեկտրական լամպերի գործարանի կուսակցության կազմակերպության քարտուղար և կուսակցական կոմիտեի անդամ[4]։ Թումասյանն ընտրվել էր նաև Երևանի քաղխորհրդի պատգամավոր, Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի անդամ[3], եղել է ԽՄԿԿ XXV և XXVII համագումարների պատվիրակ[2]։

Բենիամին Հակոբի Թումասյանը մահացել է 2012 թվականի հունվարի 24-ին Երևանում[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1986 թվականի հունիսի 10-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» մեդալ) - տասնմեկերորդ հնգյակի առաջադրանքների, տարեկան պլանների և սոցիալիստական պարտավորությունների ժամկետից շուտ կատարման գործում ունեցած ներդրման, էլեկտրական սարքավորումների որակի բարելավման, արտադրական տեխնոլոգիաների կատարելագործման և աշխատանքային արիության համար[13][14],
  • Լենինի շքանշան (31.03.1981)[12][14],
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (03/10/1976)[14],
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի երկու շքանշան (03.03.1945, 06.11.1985)[5][6],
  • Աշխատանքի կարմիր դրոշի երկու շքանշան (08.08.1966, 20.04.1971)[14],
  • «Արիության համար» մեդալ (02.10.1966)[14],
  • «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[2],
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1980) - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի վերակառուցման նախագծման և իրականացման համար[12],
  • ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ[3],
  • ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի երեք ոսկե մեդալ[3],
  • ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի արծաթե մեդալ[3],
  • «ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշան[18],
  • Ախալցխայի պատվավոր քաղաքացի (19.09.1987) - Ախալցխա քաղաքին և քաղաքի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցին մշտական օգնություն ցուցաբերելու համար[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асрян А. Г. Тумасян Бениамин Акопович // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 309. — 360 с.
  • Тумасян Б. А., Атаджанян М. Л. Трудовой путь ламповиков (передовой опыт, перспективы) = Լամպագործների աշխատանքային ուղին (առաջավոր փորձ, հեռանկարներ). — Ер.: Айастан, 1985. — 206 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / В. А. Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Тумасян Бениамин Акопович» (հայերեն)։ Интернет портал Джавахка։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-25-ին։ Վերցված է 2014-01-19 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Тумасян Бениам (Вачик) Акопович» (հայերեն)։ Новостной сайт Джавахка։ 2010-03-16։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-19-ին։ Վերցված է 2014-01-19 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Тумасян, Атаджанян, 1985, էջ 111
  5. 5,0 5,1 Тумасян Вениамин Акопович 1925г.р.
  6. 6,0 6,1 6,2 http://www.podvignaroda.ru/?#id=1521288045&tab=navDetailManUbil
  7. Тумасян, Атаджанян, 1985, էջ 15
  8. 8,0 8,1 Асрян, 2015, էջ 309
  9. Тумасян, Атаджанян, 1985, էջ 118
  10. В. Ломанов (2012-06-12)։ «Ереванские светильники»։ Научная цифровая библиотека «Порталус»։ Վերցված է 2017-05-09 
  11. Владимир Евгеньевич Гудилин։ «Ядерные ракетные двигатели»։ buran.ru։ Энциклопедия крылатого космоса։ Վերցված է 2017-05-09 
  12. 12,0 12,1 12,2 Тумасян, Атаджанян, 1985, էջ 114
  13. 13,0 13,1 Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда работникам объединений Министерства электротехнической промышленности СССР» от 10 июня 1986 года // Ведомости Верховного Совета СССР. — 1986. — № 25 (2359). — С. 426.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5  Բենիամին Թումասյան «Երկրի հերոսներ» կայքում
  15. «ПО «Луйс»»։ Предприятия и компании России и СНГ։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-06-ին։ Վերցված է 2017-03-05 
  16. «Патенты Бениамина Акоповича Тумасяна»։ www.findpatent.ru։ Վերցված է 2014-01-19 
  17. Тумасян, Атаджанян, 1985, էջ 2
  18. Тумасян, Атаджанян, 1985, էջ 127
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 667 CC BY-SA icon 80x15.png