Բարվախոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարվախոս ( <բարք + խոս), բարոյախոս (<բարոյք + խոս), բնախոս (<բուն + խոս), առակների և առակատիպ զրույցների հին հունական ժողովածու։ Կազմվել է հավանաբար 2-րդ դարում, Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Սկզբնաբար իր նյութն առել է միայն կենդանական աշխարհից, բայց հետագա խմբագրություններում պատահում են նաև ծառերի, քարերի, ինչպես նաև մարդկանց անուններ։ Կենդանիների օրինակով այլաբանորեն ուսանելի ընդհանրացումներ է անում։ Առակներին ու զրույցներին երբեմն տրվում են կենցաղային, իսկ երբեմն՝ կրոնաբարոյական մեկնաբանություններ։ Միջին դարերում բարվախոս տարածված էր շատ լեզուներով։ Հայտնի են լատիներեն, ասորերեն, հայերեն, ղպտիերեն, եթովպերեն, արաբերեն և այլ հին թարգմանություններ ու խմբագրություններ։ Հայերեն թարգմանությունը հավանաբար կատարվել է 5–6-րդ դարերում։ Այդ թարգմանությունից հայտնի են ձեռագիր բազմաթիվ օրինակներ ։ Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 1855 թվականին։ Նիկողայոս Մառը 1894 թվականին և 1904 թվականին տարբեր ձեռագրերի հիման վրա տվել է երկու նոր հրատարակություն, որոնք բնագրի տարբեր խմբագրություններ են։ Մառն ապացուցել է, որ վրացերեն բարվախոսը հայերենից է թարգմանվել։ Հեղինակը հայտնի չէ։ Այդ մասին բանասիրության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ, վերագրվում է Եպիփանես Կիպրացուն կամ Պետրոս Աղեքսանդրացուն, Բարսեղ Կեսարացուն, Հովհաննես Ոսկեբերանին և ուրիշների։ Հայերեն ձեռագրերում բարվախոսը մեծ մասամբ անանուն է և հաճախ խորագրված՝ «Ի»րատք իմաստասիրաց և ուղղափառ վարդապետաց», «Բանք խրատականք ասացեալ յիմաստնոց» և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 338