Բայկալյան ծալքավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բայկալյան ծալքավորություն, բայկալյան տեկտոգենեզ, տեկտոնական շարժումների ցիկլ, որը տեղի է ունեցել վերին պրոտերոզոյում ու վաղ քեմբրիում։ Այդ շարժումները խիստ արտահայտվել են Սիբիրում և առաջին անգամ առանձնացվել են Ն․ Ս․ Շատսկու կողմից (1932 թվականԲայկալյան ծալքավորության բեկորային լեռները (բայկալիդները) եզրապատում են Սիբիրական պլատֆորմն արևմուտքից (Ենիսեյի բլրաշար) ու հարավից (Սայաններ, Բայկալյան լեռներ)։ Այդ շարժումները տեղի են ունեցել նաև Կենտրոնական Ղազախստանում, Սալաիրում, Արևմտյան Ատյաններում, Հարավային Ուրալում, որտեղ Բայկալյան ծալքավորության կառուցվածքները կազմում են նշված լեռնաշղթաների միջուկները։ Արևելա–Եվրոպական, Սիբիրական և մյուս հին պլատֆորմներում Բայկալյան ծալքավորությունը նշանավորվել է ավլակոգենների գոյացումով։ Արևմտյան Եվրոպայում ու Հյուսիսային Աֆրիկայում Բայկալյան ծալքավորությունը հայտնի է կադոմյան կամ ասինտյան ծալքավորություն անվամբ։ Հյուսիսային Ամերիկայում Բայկալյան ծալքավորության նմանակն են գրենվիլյան, իսկ Հարավային Ամերիկայում՝ մինասյան կոմպլեքսները։ Բայկալյան տեկտոնական էտապի տևողությունը, ըստ բացարձակ ժամանակագրության, մոտ 700 մլն տարի է և ֆաներոզոյի (պալեոզոյան, մեզոզոյան ու կայնոզոյան դարաշրջաններ) հետ միասին կազմում է մեգացիկլ 1200 մլն տարի տևողությամբ։ Բայկալյան ծալքավորությամբ ստեղծված Երկրի կառուցվածքային պլանը կանխորոշել է նրա հետագա ամբողջ պատմության ընթացքում Երկրի կարևորագույն ստրուկտուրային տարրերի տեղաբաշխումը։ Ապացուցված է, որ Ալպ–Հիմալայան ծալքավոր գոտու (Աֆղանստան, Իրան, Կովկաս, Թուրքիա) մետամորֆիզացված հիմքը բայկալյան հասակի է։ ՀՍՀ–ում այդ ապարները մերկանում են Ծաղկունյաց լեռնաշղթայում՝ Արզականի զանգվածում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png