Բագոս (Ալեքսանդր Մակեդոնացու սիրելին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագոս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
Մահացել էենթդ․ մ.թ.ա. 4-րդ դար
Ազգությունպարսիկ
ՄասնագիտությունՊալատական
Աշխատավայրներքինի
 Bagoas Վիքիպահեստում

Բագոս (հին հունարեն՝ Βαγώας /Bagōas/), Ֆարնուկի որդի, պարսիկ ներքինի, ով դարձել է Ալեքսանդր Մակեդոնացու սիրեցյալը և սիրեկանը[1]։ Այն փաստը, որ Բագոսը սերտ հարաբերություններ է ունեցել արքայի հետ, վկայել են նաև Պլուտարքոսը[2] և Քվինտոս Կուրտիոս Ռուփոսը[3]։

Ալեքսանդր Մակեդոնացին Բագոսին ստացել է պարսից իշխան Նաբարզանի կողմից՝ որպես հարճ։ Բագոսը ծառայել է նաև աքեմենյան թագավոր Դարեհ III արքայի արքունիքում․

«Նաբարզանը, ստանալով անվտանգության երաշխիք, դիմավորեց Նրան մեծ ընծաներով։ Նրանց թվում էր նաև գեղեցկադեմ Բագոսը՝ երիտասարդ ներքինին, ում սիրում էր Դարեհը։ Շուտով նրան սիրեց նաև Ալեքսանդրը»[4]։

Բագոսը ուղեկցել է Ալեքսանդրին՝ հնդկական արշավանքի ժամանակ։ Նրա անունը, Ալեքսանդրի մյուս զինակիցների նման, նշվել է տրիարքոսների շարքում։ Սրանք այն մարդիկ էին, ովքեր իրենց հաշվին զինում էին նավերը։ Ալեքսանդրի վրա Բագոսի մեծ ազդեցության մասին է վկայում Պարսկաստանի սատրապ Օրսինի գլխատումը։

Քվինտոս Կուրտիոս Ռուփոսը նշում է․

«… Արքայի ընկերներին նվիրելով իրենց ուզածից ավելին, նա հարգանք չցուցաբերեց Բագոսի նկատմամբ, ով իր անառակությամբ գայթակղել էր Ալեքսանդրին։ Իմանալով, որ Բագոսը Ալեքսանդրի սիրելին է, Օրսինը պատասխանել է, որ ինքը գոհացնում է Ալեքսանդրի ընկերներին, այլ ոչ թե սիրեկաններին։ Նա նշել է, որ պարսիկների մոտ ընդունված չեն այն տղամարդիկ, ովքեր կատարում են կանանց պարտականությունները»[5]։

Բագոսը մեղադրեց Օրսինին՝ Կյուրոս Բ Մեծի դամբարանը ավերելու մեջ, որի համար էլ սատրապը պատժվեց։ Բագոսը, Կուրտիոսի շարադրմամբ, իր ձեռքով սպանել է Օրսինին։ Ըստ Արիանոս պատմիչի, Օրսինին կախել են տաճարների և դամբարանների թալանի համար[6]։

Մակեդոնացիները՝ հելլենների նման, նորմալ են վերաբերվել արական սեռի ներկայացուցիչների միջև սեռական հարաբերությունների գոյության փաստին։ Պլուտարքոսի վկայությամբ, Ալեքսանդրը համբուրում էր Բագոսին՝ ներկաների ծափահարությունների ներքո, երբ վերջինս հաղթում էր երգերի և պարերի մրցույթներում։ Աթենեոս պատմիչը իր աշխատության մեջ անդրադառնում է հետևյալ պատմությանը․

Ալեքսանդր արքան խելացնոր կերպով սիրում էր պատանիներին։ Դիկեարքոսը իր «Իլիական զոհաբերություն» աշխատության մեջ պատմում է մի դեպք, ըստ որի, Ալեքսանդրը այնքան էր տարված ներքինի Բագոսով, որ ամբողջ թատրոնի ներկայությամբ շրջվել և համբուրել էր նրան։ Անգամ, երբ հանդիսատեսը բղավել և ծափահարել էր, արքան մի քանի անգամ ևս համբուրել է իր սիրեցյալին[7]

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, Բագոսի կյանքի մասին որևէ տվյալ չկա։ Պարսկական արքունիքում Բագոս անունով ևս մեկ ներքինի է եղել, ով վարել է Դարեհ III-ի պետական գործերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աթենեոս, 13.603
  2. Պլուտարքոս․ Համեմատական կենսագրություններ 67.3-4
  3. Քվինտոս Կուրտիոս Ռուփոս։ Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը, գիրք X, գլուխ 1
  4. Կուրտիոս, 6.5
  5. Կուրտիոս, 10.1.22
  6. Արիանոս Ալեքսանդրի արշավանքը, 6.30
  7. Աթենեոս։ Իմաստունների խրախճանքը (գիրք 13-րդ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագոս (Ալեքսանդր Մակեդոնացու սիրելին)» հոդվածին։