Ռոքսանա Բաբայանը ծնվել է 1946 թվականին Տաշքենդում։ Հայրական կողմը Ղարաբաղից է, ապրել են Շուշիում։ Ռոքսանան 1970 թվականին ավարտել Տաշքենդի ինստիտուտը և դարձել երկաթգծի ինժեներ։ Սովորելու տարիներին ինստիտուտում ձևավորվել է ջազ նվագախումբ, որի մեներգչուհին եղել է Ռոքսանան։ Ինստիտուտն ավարտելուց հետո եղել է Երևանում՝ երգել Կոնստանտին Օրբելյանի խմբում։ 1974 թվականին համագործակցելու առաջարկ է ստացել Մոսկվայից և ընդգրկվել «Երկնագույն կիթառներ» անսամբլի կազմում[4][5]։ Ռոքսանա Բաբայանի համար երգեր են գրել Վյաչեսլավ Դոբրինինը, Գեորգի Գարանյանը, Իլյա Ռեզնիկը։ 70-ականների վերջերին Ռոքսանա Բաբայանը տեղ էր զբաղեցնում խորհրդային վեց ամենահեղինակավոր երգիչների շարքերում[6]։ 80-ականների սկզբին «Մելոդյա» ֆիրման թողարկեց երգերի տասնմեկ ձայնասկավառակ։ 1987 թվականին Բաբայանն արժանացավ վաստակավոր, իսկ 1999 թվականին՝ ժողովրդական արտիստի կոչմանը։