Jump to content

Արմենիա (որմնանկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենիա
տեսակմշակութային արժեք և որմնանկար
նկարիչՄինաս Ավետիսյան
տարի1973
քաղաքՎահրամաբերդ
Ծանոթագրություններ

«Արմենիա», «Հայաստան», Մինաս Ավետիսյանի 1973 թվականին ստեղծած որմնանկարը։ Գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում։ Որմնանկարն ընդգրկված է Վահրամաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

«Արմենիա» որմնանկարը գտնվում է Վահրամաբերդ գյուղում։ Մինաս Ավետիսյանն այն ստեղծել է 1973 թվականին Վահրամաբերդի մշակույթի տան պատին։ Վարպետն այն ստեղծել է գաջի կրային սվաղի հիմքի վրա։ 1988 թվականի երկրաշարժից հետո շենքն ավերվել է, սակայն Մինասի որմնանկարով պատը պահպանվել է[1]։ Որմնանակարը 1988 թվականի երկրաշարժից հետո մինչև 2010 թվականի սկիզբ գտնվել է բաց երկնքի տակ՝ փայտե պատնեշի մեջ։

Որմնանկարը ոչնչացումից փրկելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ և պետական միջոցներով կառուցվել է մշակույթի տուն` «Արմենիա» որմնանկարը թողնելով կառույցի ներսում[2]։ 2011 թվականին «Արմենիա» որմնանկարի վերականգնման պատրաստակամություն են հայտնել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և քաղաքի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը[1]։ Վահրամաբերդի մշակույթի տան կառուցման ծրագրով «Արմենիա» որմնանկարը ներառվել է նորակառույց շենքում։ Պահպանելով որմնանկարով պատը՝ դրա հիման վրա կառուցվել է մշակույթի նոր տունը[3]։

Վերականգնման աշխատանքներն իրականացվել են ինչպես տեղի մասնագետների, այնպես էլ իտալացի ռեստավրատորների կողմից։ Աշխատանքերն իրականացվել են ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով՝ «Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամ»-ի կողմից։ «Արմենիա» որմնանկարը Մինասի միակ ստեղծագործությունն է, որ վերականգնվել է տեղում՝ առանց տեղափոխման։ Վնասված մեծ հատվածը վերկանգնել հաջողվել է որմնանկարի պահպանված լուսանկարներով՝ պահպանելով բնօրինակի գունային երանգները[4]։

Վերականգնված այլ կտավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինասի որմնանկարների վերականգնման աշխատանքները սկսվել են 2008 թվականին։ 2010-2012 թթ. «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի կողմից ամրակայվել, վերականգնվել կամ տեղափոխվել են նկարչի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական հովվերգություն» և այլ որմնանկարներ[2]։ Իտալացի մասնագետների ջանքերի շնորհիվ 2009 թվականին վերականգնվել և Ջաջուռում Մինասի թանգարանում տեղադրվել է «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը։ 2010 թվականին Մինասի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» աշխատանքները վերականգնվել և տեղադրվել են ՀՀ կառավարության շենքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 8.108/9