Արմենակ Հայրանյան
Ծնվել է | 1881 |
---|---|
Ծննդավայր | Տիվրիկ, Սեբաստիայի նահանգ |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1915 |
Մահվան վայր | Սեբաստիայի մոտ |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Այլ անուններ | Տօքթ. Ա. Հ. |
Կրթություն | Ժնևի բժշկական համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Արմենակ (Արմենշահ) Հայրանյան (1881, Տիվրիկ, Սեբաստիայի նահանգ - 27 սեպտեմբերի, 1915, Սեբաստիայի մոտ), հայ բժիշկ, ՀՅԴ անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1881 թվականին Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տիվրիկ գավառակի կենտրոն Տիվրիկ ավանում՝ բարեկեցիկ ընտանիքում։ Պապը՝ Կարապետ Փաշա Հայրանյանը, մեծ հարգանք էր վայելել հայերի և թուրքերի շրջանում։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում։ 1908 թվականին ավարտել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի բժշկական համալսարանը։ Ուսանելու տարիներին անդամակցել է ՀՅԴ-ին։
1908-09 թվականներին Գերմանիայի Բեռլին մայրաքաղաքում մասնագիտացել է վիրաբուժության գծով։ Բեռլինում ծանոթացել ու ամուսնացել է Բաքվի հայ առևտրական Ադամյանի աղջկա հետ և ունեցել երկու դուստր։
«Տօքթ. Ա. Հ.» ծածկանունով հրապարակախոսական հոդվածներ է տպագրելէ Կ. Պոլսի «Ազատամարտ» (1909, թ. 158; 1911, թ. 376) և «Ազատամարտ, Հավելված» (1910-1911 թթ.) թերթերում։
1913 թ. ընտանիքը թողնելով Բեռլինում, վերադարձել է հայրենի Տիվրիկ՝ ծանր հիվանդ մորը բուժելու համար։ Այստեղ սկսել է բուժել նաև իրեն դիմած համաքաղաքացիներին։ Հետագայում աշխատել է Սեբաստիայում։ Եղել է դաշնակցական գործիչ, ՀՅԴ Սեբաստիայի կենտրոնական կոմիտեի լավագույն դեմքերից մեկը։
Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ ծառայել։ Լավ հարաբերություններ է հաստատել Սեբաստիա եկած գերմանացի մարզիչ սպաների հետ և եղել նրանց թարգմանիչը (ողջ պատերազմի ընթացքում գերմանացի սպաների թարգմանիչները մեծ մասամբ հայեր էին)։ Օգտվելով այդ մտերմությունից և հույսը դնելով գերմանացիների պաշտպանության վրա, համարձակ դիմումներ է գրել Սեբաստիայի ջարդարար նահանգապետ Մուամմերին՝ իր ձերբակալված ընկերներին ազատելու պահանջով։
Բժիշկը լուր է ստացել, թե հայդուկ Սեբաստացի Մուրատը Սախարի լեռան վրա ժանտախտով ծանր հիվանդ է և անհետաձգելի բուժման կարիք ունի։ Ընկեր վերցնելով բժիշկ Բաղդասար Վարդանյանին` Արմենակ Հայրանյանը գաղտագողի բարձրացել է սարը և ծանր հիվանդ Մուրատին գտել է մութ ու խոնավ քարայրում։ Բժիշկներն անհրաժեշտ բուժումը նշանակել են նրան, դեղեր տվել և վերադարձել։ Մի քանի օրից Մուրատը լավացել է և թուրքերի դեմ կռիվներում նորանոր սխրանքներ գործելով մինչև Կովկաս հասել։
1915 թվականի մայիսին բժիշկ Բաղդասար Վարդանյանը (դեղագործ Վահան Վարդանյանի եղբայրը), բժիշկ Արմենակ Հայրանյանը և ոստիկանական բժիշկ Մագսուտը ձերբակալվել են ու բանտարկվել։
1915 թվականի մայիսի 27-ին Բ. Վարդանյանին, Ա. Հայրանյանին և Մագսուտին խիստ ծեծի և տանջանք ների ենթարկելուց հետո, ձեռքերը կապած տարել են Յենիխանից 2 ժամ դեպի հարավ-արևմուտք, Իթ Տաղըի ստորոտում` Իթ Մեզարը կոչված վայրը (Սեբաստիայի մոտակայք) և Մուամմերի հրահանգով, թուրք ոստիկան-զինվորների ձեռքով գնդակահարել ու թաղել։ Ոճրագործությանը ներկա են եղել Իթթիհատի պատասխանատուներից Ալի Շեֆիքը և Փերթև բեյը, որոնք նաև լուսանկարել են դեպքը։ Արմենակ Հայրանյանը եղել է 34 տարեկան։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Համբարձումեան Վահան, Գիւղաշխարհ, Փարիզ, 1927։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Կազմեց Առաքել Ն. Պատրիկ, Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ Եւ Գաւառի Հայութեան, Ա. Հատոր, Հրատարակութիւն՝ Համասեբաստահայ Վերաշինաց Միութեան, Նիւ Եորք, տպ. «Մշակե, Պէյրութ, 1975, մեծ չափի 880 էջ։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Համբարձումյան Վահան, Գյուղաշխարհ, Երևան, 2000։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925,
Լոս Անճելըս, 2001։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ
հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2002։
- Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի
(1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։
- Տիվրիկցիների հայրենակցական միության հուշերը…
- ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-229, պ-14։
- Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։