Արթուր Հակոբյան (մարմնամարզիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Հակոբյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ և gymnastics coach
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 28, 1961(1961-09-28)[1] (62 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]

Արթուր Հրաչյայի Հակոբյան (սեպտեմբերի 28, 1961(1961-09-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մարմնամարզիկ, մարմնամարզության մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)։ Սպորտային մարմնամարզության աշխարհի թիմային առաջնության հաղթող (1979, 1981) և հենացատկի չեմպիոն (1983), 1983 թվականի աշխարհի առաջնության բազմամարտի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ (1981, 1983) և ԽՍՀՄ ժողովուրդների VIII սպարտակիադայի (1983) չեմպիոն։ ԱՄՆ մարմնամարզության ազգային հավաքականի մարզիչ։ Արթուր Հակոբյանը հայտնի է որպես առաջին մարզիկը, որ կատարել է «Ցուկահարա» պարույրաձև երկու պտույտներով հենացատկ։ Նա ստացել է երեք տասը միավոր 1981 թվականին Մոսկվայում անցկացվող աշխարհի առաջնությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Հակոբյանը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1983

Արթուր Հակոբյանն սկսել է զբաղվել սպորտային մարմնամարզությամբ 1969 թվականին Հենրիխ Վանիսյանի գլխավորությամբ։ 1977 թվականին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության չեմպիոն բացարձակ առաջնությունում։ 1978 թվականից ընդգրկվել է Խորհրդային Միության ազգային հավաքականի կազմում։ 1979 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում։ 1980 թվականին վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել Մոսկվայում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերին։

1981 թվականին Արթուր Հակոբյանը դարձել է ԽՍՀՄ հենացատկի չեմպիոն և ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ մասնակցելու նույն թվականին Մոսկվայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։ Այդ մրցաշարում նա նվաճել է արծաթե մեդալներ զուգափայտերի վրա վարժություններում և հենացատկում, ինչպես նաև դարձել չեմպիոն թիմային առաջնությունում։ Այդ ժամանակ էլ նրան հաջողվել է դառնալ առաջին մարզիկը պատմության մեջ, որ կարողացել է մրցումների ժամանակ կատարել «Ցուկահարա» պարույրաձև երկու պտույտներով հենացատկ։ 1983 թվականին նա կրկնել է իր հաջողությունը Խորհրդային Միության առաջնությունուն, իսկ Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնությունում դարձել է հենացատկի չեմպիոն, նվաճել արծաթե մեդալ թիմային առաջնությունում և բրոնզե մեդալ բազմամարտում։ Լոս Անջելեսում անցկացվող Օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին ԽՍՀՄ քաղաքական իշխանությունների որոշման պատճառով Արթուր Հակոբյանը չի մասնակցել այդ Օլիմպիական խաղերին։ 1985 թվականին Արթուր Հակոբյանը Մոնրեալում անցկացվելիք աշխարհի առաջնությանը պատրաստվելիս ստացել է ծնկի ծանր վնասվածք, որից հետո չի կարողացել լիարժեք ապաքինվել և 1988 թվականին ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան։

1988 թվականից մինչև 1989 թվականն Արթուր Հակոբյանը՝ որպես մարզիչ, աշխատել է Երևանի մանկապատանեկան մարզադպրոցում։ 1989 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է զբաղվել մարզչական աշխատանքով Լոս Անջելեսի «All Olympia» մարմնամարզական կենտրոնում[2]։ Նրա սաների թվում են եղել ազատ վարժություններում Միացյալ Նահանգների չեմպիոն (2010), աշխարհի թիմային առաջնության արծաթե մեդալակիր (2010) Մեթի Լարսոնը[3] և մարզագերանի (2007, 2008) ու անհավասար զուգափայտերի (2008) վրա վարժությունների Միացյալ Նահանգների պատանեկան առաջնության եռակի չեմպիոն Սամանտա Շապիրոն[4], աշխարհի թիմային ու հենացատկի առաջնության (2011) չեմպիոն, Օլիմպիական խաղերի թիմային առաջնության չեմպիոն և հենացատկի արծաթե մեդալակիր (2012) Մակայլա Մարոնին։ Արթուր Հակոբյանը Միացյալ Նահանգներում ճանաչման է արժանացել այն բանից հետ, երբ Բելա Կարոյին նրան խնդրել է օգնել մարմնամարզուհի Քիմ Զմեսկալին։ Մի քանի օրվա ընթացքում Արթուր Հակոբյանը կարողացել է Զմասկալին սովորեցնել այն հնարքները, որոնց վրա նա աշխատել էր մեկ տարի[5][6][7][8]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցույթ Բաց. առաջն. Թիմային Հենացատկ Զուգափայտեր Այծիկ Ազատ վարժ.
1976 ԽՍՀՄ գավաթ (պատանեկան) 1-ին
1977 ԽՍՀՄ առաջնություն (պատանեկան) 1-ին
Բարեկամության խաղեր 6-րդ 1-ին
Համամիութ. երիտ. մարզական խաղեր 1-ին
1978 ԽՍՀՄ առաջնություն (պատանեկան) 2-րդ
Բարեկամության խաղեր (պատանեկան) 4-րդ 1-ին 2-րդ
1979 ԽՍՀՄ Սպարտակիադա 13-րդ 5-րդ
ԽՍՀՄ առաջնություն 6-րդ 5-րդ 4-րդ
USSR-ROM Dual Meet 1-ին 1-ին
USSR-GDR Dual Meet 1-ին 1-ին
ԽՍՀՄ գավաթ 1-ին 2-րդ 3-րդ 1-ին
Չունիչի գավաթ 3-րդ
Տոկիոյի գավաթ 1-ին 1-ին
1980 ԽՍՀՄ գավաթ 6-րդ
Moscow News 3-րդ
1981 ԽՍՀՄ գավաթ 11-րդ 2-րդ
ԽՍՀՄ առաջնություն 5-րդ 1-ին 2-րդ
University Games 3-րդ 5-րդ 6-րդ 7-րդ
Միլանի գրան պրի 4-րդ
Աշխարհի առաջնություն 8-րդ 1-ին 2-րդ 2-րդ
1983 ԽՍՀՄ Սպարտակիադա 3-րդ 1-ին
ԽՍՀՄ գավաթ 2-րդ 1-ին 3-րդ
ԽՍՀՄ առաջնություն 5-րդ 1-ին 4-րդ 6-րդ
USA-USSR Dual Meet 6-րդ 1-ին
Դինամո Սպարտակիադա 3-րդ
Riga International 1-ին 1-ին 1-ին
Աշխարհի առաջնություն 3-րդ 2-րդ 1-ին
1985 ԽՍՀՄ գավաթ 6-րդ
ԽՍՀՄ առաջնություն 6-րդ 8-րդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.gymn-forum.net/bios/men/akopyan.html
  2. «USA Gymnastics: Artur Akopyan». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «Մեթի Լարսոնի էջը ԱՄՆ մարմնամարզության ֆեդերացիայի կայքում (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  4. Սամանտա Շապիրոյի էջը ԱՄՆ մարմնամարզության ֆեդերացիայի կայքում (անգլ.) (չաշխատող հղում)
  5. «USA Gymnastics: Artur Akopyan».
  6. Zakharian, Lianna (Jan–Feb 2011). «Spotting the Champions». Yerevan Magazine. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «All Olympia Gymnastics Center: Staff». All Olympia Gymnastics Center. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «USA Gymnastics: McKayla Maroney». USA Gymnastics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։