Զբոսաշրջությունն Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլանզեե լիճ

Զբոսաշրջությունը Ավստրիայում, ավանդական ակտիվ, մշակութային և «կանաչ» զբոսաշրջություն։ Զբոսաշրջությունը հանդիսանում է Ավստրիայի տնտեսության կարևոր մաս և կազմում է համախառն ներքին արդյունքի գրեթե 9 %-ը։

Զբոսաշրջիկներն Ավստրիայում հիմնականում այցելում են Վիեննա, ինչպես նաև Մոցարտի հայրենի քաղաք Զալցբուրգ, Տիրոլ երկրամասի Ինսբրուք քաղաք։ Երկրի արևմտյան մասում գտնվող Ֆորարլբերգ երկրամասը եզերում է Բոդենի լիճը։

Զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են գտնվում ավստրիական դահուկային սպորտը և արշավային զբոսաշրջությունը։ Արվեստով հետաքրքրվողների համար Ավստրիայում կան բազմաթիվ թանգարաններ և թատրոններ։

Զբոսաշրջության ազդեցությունը տնտեսության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ավստրիայի համար զբոսաշրջությունը հանդիսանում է եկամտի հիմնական աղբյուրը, որով ծածկվում է ավանդական բացասական առևտրային հաշվեկշիռը։ 1964-1990 թվականներին զբոսաշրջության վրա կատարվող ծախսերը աճեցին շուրջ 28 անգամ՝ նպաստելով զբոսաշրջային դրական հաշվեկշռի ձևավորման։

Հետպատերազմական տարիներին զբոսաշրջությունը հանդիսանում էր Ավստրիայի բացասական առևտրային հաշվեկշռի ծածկման կարևորագույն աղբյուր։ Սակայն 1970-1980 թվականներին զբոսաշրջությունից ստացվող ֆինանսական միջոցները նվազման միտում ունեին։

Տարիներ 1955 1960 1964 1969 1975 1980 1985 1990
Տոկոս 33 % 58 % 91 % 116 % 96,4 % 49,1 % 74,8 % 74,2 %

Ավստրիայի զբոսաշրջության զարգացումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով․

  • Ժամանցային հարուստ ռեսուրսների առկայություն,
  • Ենթակառուցվածքների զարգացվածություն,
  • Քաղաքական և տնտեսական կայունություն,
  • Բարենպաստ աշխարհագրական դիրք,
  • Հումքի և վառելիքի սեփական ռեսուրսների պակաս,
  • Առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ։

Զբոսաշրջության կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԸՆդհանուր առմամբ ավստրիական Ալպերը կարելի է բաժանել մի քանի շրջանների, որոնք միմյանցից տարբերվում են թեքությամբ, մայրուղիների բարդությամբ, հանրաճանաչությամբ, ծառայությունների որակով, ենթակառուցվածքների զարգացվածությամբ և բնության առանձնահատկություններով։

Կենտրոնական Տիրոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրոլյան աշտարակներ

Կենտրոնական Տիրոլի շրջանը գտնվում է Արլբերգ և Կիտցբյուել լեռնաշղթաների միջև։ Այստեղ տեղակայված են Ավստրիայի ամենահայտնի հանգստավայրերը։ Առաջին հերթին դա Տիրոլի մայրաքաղաք Ինսբրուքն է։ Այստեղ երկու անգամ՝ 1964 և 1976 թվականներին անց են կացվել ձմեռային Օլիմպիական խաղերը։ Դահուկային շրջանն այստեղ տևում է դեկտեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջ, իսկ Շտուբայ սառցադաշտ զբոսաշրջիկներն այցելում են անգամ ամռանը։ Քաղաքում կան սահքի բազմաթիվ շրջաններ։

Օլիմպիական ուղի, Զեեֆելդ

Ինսբրուքի հայտնիությունը բացատրվում է նաև տրանսպորտային հասանելիությամբ․ տարբեր ավիաուղիներ կապում են Ինսբրուքը եվրոպական խոշոր քաղաքների հետ՝ Ցյուրիխ, Վիեննա, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Ամստերդամ։

Բարձրադիր վայրերի միջին բարձրությունը կազմում է 1500 մ (874-2343 մ)։ Ինսբրուքի կենտրոնում գործում են հիմնականում թանկարժեք հյուրանոցներ, իսկ ծայրամասային շրջաններում՝ ավելի մատչելի հյուրանոցներ, ավստրիա-ալպյան ոճի առանձին տնակներ։

Ցիլլերտալի հովտում տեղակայված են ոչ մեծ գյուղեր և քաղաքներ։ Դրանք ձևավորում են մի ամբողջական լեռնադահուկային տարածք՝ իր մայրուղիներով, ճոպանուղիներով և հյուրանոցներով։ Մայրհովենի շրջանը Տիրոլի երկրամասի ամենաշատ այցելվող հանգստավայրն է, որտեղ բարձրությունը հասնում է 3250 մետրի։ Դրանից դեպի հյուսիս գտնվում է Կենտրոնական Տիրոլի մյուս լեռնադահուկային հանգստավայրը՝ Զեեֆելդը։

Էցտալի հովիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էցտալի հովիտն ամենամեծն է Արևելյան Ալպերում։ Այն գտնվում է Տիրոլից դեպի հարավ՝ Իտալիայի սահմանին։ Այստեղ համեմատաբար բարենպաստ կլիմայական պայմաններն են, այդ թվում՝ սառը, չոր ձմեռային օդ և բազմաթիվ արևային օրեր, սառցադաշտեր և կայուն ձնածածկ։

Էցտալում են գտնվում ավստրիական լեռնադահուկային զբոսաշրջության առաջատարներից երկուսը՝ Զելդենը և Հոխզելդենը։ Այս քաղաքներն ընդունում են Տիրոլի զբոսաշրջիկների մինչև 18 %-ը։ Դահուկային հիմնական ուղիները տանում են դեպի Ռետտենբախ, Տիֆենբախ և Հայս-լահգոլ սառցադաշտեր։ Այնտեղ է տանում նաև Եվրոպայի ամենաբարձր «պանորամային» ճանապարհը (2800 մ)։ Հովտի խորքում է գտնվում ալպյան ամենաբարձր հանգստավայրը՝ Օբերգուրգլը (1930 մ)։

Արլբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկները «SILVRETTA» դահուկային ուղիների վրա

Արլբերգը զբոսաշրջության հսկայական կենտրոն է, որը գտնվում է Ավտրիայի արևմուտքում և բաժանվում է երկու մասի՝ Իշգլը, Սանկտ-Անտոնն ու Սանկտ-Քրիստոֆը պատկանում են Տիրոլին, իսկ Լեխը, Ցյուրսն ու Շտուբենը՝ Ֆորարլբերգին։ Այս շրջանը բազմաթիվ ցուցանիշներով շատ մոտ է շվեյցարական Ալպերին։

Իշգլը գտնվում է Պացնաուն կիրճի ստորոտում 1377 մ բարձրության վրա։ Այն շվեյցարական Զամնաուն հանգստավայրի հետ միաիսն կազմում է մեկ ամբողջական լեռնադահուկային համակարգ՝ «SILVRETTA-SKIARENA»։

Ավստրիայի մյուս հանրահայտ հագստավայրը Սանկտ-Անտոնն է, որը մտել է լեռնադահուկային սպորտի պատմության մեջ, քանի որ այստեղ անցկացվել են այդ սպորտաձևի աշխարհի առաջնության խաղեր։ Այստեղ են գտնվում Ավստրիայի լեռնադահուկային ամենաթանկարժեք հյուրանոցները։

Ֆորարլբերգի լեռնադահուկային հանրահայտ հանգստավայրերից մեկը Լեխն է՝ փոքրիկ գյուղ, որը տեղակայված է շատ հարմար աշխարհագրական դիրքում և գրեթե ամբողջ տարին ձյունածածկ է։

Ցյուրսում 20-րդ դարի սկզբին ձևավորվել է լեռնադահուկային սահքի ուսուցման առաջին դպրոցը, իսկ 1937 թվականին այստեղ կառուցվեց ավստրիական առաջին ճոպանուղային վերելակներից մեկը։

Զալցբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպյան գետ

Զալցբուրգի շրջանի մեջ մտնում են նույնանուն ֆեդերատիվ երկրամասը և Տիրոլի արևելյան մասը։ Այստեղ է գտնվում այսպես կոչված «Եվրոպական սպորտային շրջանը». դա Ցել ամ Զեե, Կապրուն և Զաալբախ, Խինտերգլեմ հանգստավայրերն են։

Այստեղ 30 տարիների ընթացքում ձևավորվել է հզոր զբոսաշրջային ենթակառուցվածք, որն առաջարկում է բազմապիսի ծառայություններ։

«Դահուկային կրկես», այսպես է կոչվում Ավստրիայի սպորտային խոշորագույն շրջաններից մեկը՝ իր Զաալբախ, Խինտերգլեմ և Լեոգանգ հանգստավայրերով։ Այստեղ բարձունքների բարձրությունը տատանվում է 800-2090 մետրի սահմաններում։ Զաալբախից հարավ տեղակայված է Գաստայներտալ առողջարանային հանգստավայրը, որի բոլոր դահուկային ուղիները տանում են դեպի Կիցբյուել քաղաք, որտեղ կան ավելի քան 725 տարվա պատմություն ունեցող ճարտարապետական կոթողներ։ Այստեղ է գտնվում նաև աշխարհում ամենագեղեցիկը համարվող լեռնային ավտոմոբիլային ճանապարհը՝ Գրոսգլոկները։

Կարինտիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինտիա ֆեդերատիվ նահանգը գտնում է Ավստրիայի հարավում։ Այստեղի ամենահայտնի հանգստավայրը Բադ Կլյայնկիրհայմն է, որը գտնվում է Կարինտիայի հյուսիսում, 1100 մ բարձրության վրա։ Վերջինս հայտնի է Ցանկտ-Կատրայն և Տերմալ Րյոմերբադ տաք աղբյուրներով, որոնք բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից օգտագործվում է բժշկական նպատակներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Морозова С. Н. Туризм в Австрии. М.։ АСТ, 2000. — 122 с. (ռուսերեն)
  • Арефьев В. Е. Введение в туризм. Барнаул։ Изд-во АГУ, 2002. — 282 с. (ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]