Ավո Թումայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետիս Թումայան
Ծնվել է1920(1920)
ԾննդավայրՉորք Մարզպան
Վախճանվել էօգոստոսի 15, 1989
Վախճանի վայրԲեյրութ
Գրական անունԱվո
Մասնագիտությունգրող, նկարիչ
Ազգությունհայ
Ուշագրավ աշխատանքներՆժդեհ. Կեանքն ու գործունէութիւնը: Նշխարներ: Վկայութիւններ / Աւօ

Ավետիս Մարգարի Թումայան (Աւօ Մարգարի Թումայեան), 1920, Չորք Մարզպան (Դյորդ-յոլ, Օսմանյան կայսրություն֊օգոստոսի 15, 1989, Բեյրութ, հայ գծանկարիչ, ինքնուս գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նժդեհ. Կեանքն ու գործունէութիւնը», առաջին հրատարակություն

Ծնվել է Կիլիկիայի Չորք Մարզպան (Դյորդ-յոլ) քաղաքում՝ սասունցիների ընտանիքում: 1922 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ Ավոն հետագայում 5֊ամյա կրթություն է ստացել Հայկական վարժարանում։ 16 տարեկանում արվեստանոց է բացել Հալեպի Սալիբե թաղամասում, որտեղ նա ձեռքով նկարում էր խանութների անուններ, լոգոներ, գովազդային պլակատներ, կինոցուցադրումների ազդագրեր: Որոշ ժամանակ անց Ավոն իր աշխատանոցը տեղափոխել է Հալեպի մեկ այլ վայր: Նկարչությունից բացի զբաղվել է պատմության ուսումնասիրմամբ, նրա հեղափոխական թեմաներով նյութերը տպագրվել են Հալեպի, այնուհետև՝ Բեյրութի հայկական թերթերում: 1949 թվականից լույս ընծայել է «Հեղափոխական ալբոմ» շարքը, որի թեմաները նվիրված են եղել հայ ազատագրական պայքարի երևելի դեմքերին: Նա մեկնել է Իրաք և Իրան, որտեղից վերադարձել է նոր նյութերով, որոնց մի մասն առաջին անգամ հրատարակվել է իր շարքում: Իր հետ բերել է նաև լուսանկարներ, որոնք հետագայում լույս են տեսել գրքերի վերածված ալբոմներում:

1962 թվականին Ավոն տեղափոխվել է Բեյրութ և հաստատվել հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում, որտեղ շարունակել է զբաղվել նույն գործով։ Աշխատել է ՀՅԴ Լիբանանի պաշտոնաթերթ «Ազդակ» օրաթերթում: 1965 թվականից սկսած նա երեք անգամ այցելել է ԱՄՆ՝ նոր նյութեր հայթայթելու և պատմական փաստեր հավաքելու նպատակով։ ԱՄՆ֊ում հանդիպել է քաղաքական, կուսակցական և հասարակական գործիչների հետ: 1975 թ.՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի առաջին տարում դադարեցրել է «Հեղափոխական ալբոմի» հրատարակությունը: Հետագայում «Հեղափոխական ալբոմի» բոլոր շարքերը առանձին գրքերով լույս են տեսել և շատ արագ տարածվել՝ հայկական սփյուռքում ու Հայաստանում:

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 50-ամյակին՝ 1968 թվականի մայիսի 28-ին Բեյրութի «Համազգային» տպարանում լույս է տեսել Ավոյի Գարեգին Նժդեհի մասին առաջին հիմնարար և ամենաամփոփ գիրքը՝ «Նժդեհ. Կյանքն ու գործունեությունը»[1][2], որը հիմք է հանդիսացել հետագա հետազոտությունների համար։ Վերատպվել է 1989 թ. Լոս Անջելեսում։

Ավետիս Թումայանը մահացել է 1989 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում[3]։

Ավո Թումայանի որդին ու թոռը՝ Մարգար և Ավետիս Թումայանները նրա արվեստանոցը վեր են ածել լուսանկարչական և տեսանկարահանման ստուդիայի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աւօ (1968)։ Նժդեհ: Կեանքն ու գործունէութիւնը: Նշխարներ: Վկայութիւններ։ Պէյրութ: Համազգային տպ 
  2. «Նժդեհ Գարեգին — Hayazg»։ am.hayazg.info։ Վերցված է 2020-04-29 
  3. «Ազդակ» օրաթերթ, 1989 թ., 23 սեպտեմբեր, Արտաշես Տեր-Խաչատուրյանի հոդվածը՝ Ավոյի մահվան քառասունքի առթիվ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]