Jump to content

Առնմանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առնմանում, հնչյունափոխական երևույթ, երբ հատկապես միևնույն բառի մեջ մի որևէ հնչյուն ազդում է մի հնչյունի վրա և ամբողջովին կամ որևէ հատկանիշով նմանեցնում է իրեն։ Ըստ այդմ առնմանությունը լինում է լրիվ և մասնակի։ Լրիվ է այն առնմանումը, երբ հնչյունները նույնանում են։ Օրինակ՝ բոկիկ-բոբիկ (կ-ն բառասկզբի բ-ի ազդեցությամբ դարձել է բ), շարժք-ժաժք, ջրցան-ցրցան-ցրցամ և այլն։

Մասնակի առնմանությունը կարող է լինել ըստ արտաբերության տեղի, ըստ եղանակի (պայթականության, շփականության), ըստ հնչեղության (խուլ, ձայնեղ), ըստ սուլականության, շչականության և այլն։ Օրինակ՝ փողովակ-խողովակ (ըստ արտաբերության տեղի՝ շրթնային փ-ն ետնալեզվային ղ-ի ազդեցությամբ վերածվել է ետնալեզվային խ-ի. սա միաժամանակ արտաբերական եղանակի նմանեցում է՝ պայթական փ-ն շփական ղ-ի ազդեցությամբ դարձել է շփական խ), զքողել-սքողել (ըստ հնչեղության՝ խուլ ք-ի առնմանությամբ զ ձայնեղը դարձել է խուլ ս) և այլն։

Առնմանությունը լինում է առաջընթաց և հետընթաց։ Երբ առջևի հնչյունն ազդում է հետևի հնչյունի վրա, տեղի է ունենում առաջընթաց առնմանություն (օրինակ՝ բոկիկ-բոբիկ), իսկ երբ առջևի հնչյունը փոխվում է հետևի հնչյունի ազդեցությամբ, առնմանությունը հետընթաց է (օրինակ՝ զքողել-սքողել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 546