Առաքելական հանգանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Առաքելական հանգանակը (լատիներեն՝ Symbolum Apostolorum, Credo Apostolorum) մեզ հասած ծագումով ամենահին հավատո հանգանակն է։ Ըստ ավանդության՝ նրա հեղինակները Քրիստոսի առաքյալներն են, սակայն ժամանակակից ուսումնասիրողների և աստվածաբանների մեծ մասը գտնում է, որ այն կազմվել է մ.թ. II դարում։ Առաքելական հանգանակի կազմության պատմությունը տրված է Օգոստինոսին վերագրված ճառերից մեկում՝ «Հանգանակի մասին» վերնագրով։ Այստեղ հանգանակի բանաձևումներից ամեն մեկը վերագրվում է որևէ առաքյալի։

Առաքելական հանգանակը հատկապես մեծ հեղինակություն է վայելում Արևմտյան քրիստոնեական եկեղեցիներում (կաթոլիկ և անգլիկանական եկեղեցիներ), որոնք ընդունում են հանգանակի առաքելական ծագումը, իբրև հավաքական խմբագրություն՝ կատարված Սուրբ Հոգու ներշնչումով։

Արևելյան եկեղեցիներում այդ մոտեցումն առարկվում է այն հիմնավորմամբ, թե առաքյալները եթե իրապես խմբագրած լինեին հանգանակը, ապա դա անպայման կհիշատակվեր Գործք առաքելոցում։