Անտառային գորշ հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային գորշ հողեր

Անտառային գորշ հողեր, հողերի տիպ, ձևավորվում է սաղարթավոր և խառնանտառների ծածկոցի տակ, բարեխառն ցամաքային կլիմայի ու պարբերաբար լվացող ջրային ռեժիմի պայմաններում, հիմնականում լյոսային ավազակավերի, կարբոնատային մորենների վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնութագրվում են փոխանակական կատիոնների բարձր պարունակությամբ, վերին հորիզոններում օրգանական նյութերի և մոխրային սնուցման տարրերի զգալի կուտակմամբ, ընկուզաձև կառուցվածքով, թթու կամ թույլ թթվային ռեակցիայով, բարենպաստ ջերմաստիճանով ու ջրային ռեժիմներով, կենսաբանական բարձր ակտիվությամբ։ Անտառային գորշ հողերը բերրի են, ունեն լավ արտահայտված հողի կտրվածք, որի հզորությունն անտառի ծածկոցի տակ կարող է հասնել մինչև 150 սանտիմետր, վարելահողի դեպքում՝ մինչև 200 սանտիմետր։ Ստորաբաժանվում են բաց գորշ (հումուսի պարունակությունը՝ 2,5–7%), գորշ (3,5–10%) և մուգ գորշ (5–16%) ենթատիպերի։ Անտառային գորշ հողերի զգալի մասը որպես վարելահողեր օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, մշակում են հացահատիկներ, կերեր, տեխնիկական բույսեր, բանջարեղեն, պտղատու մշակաբույսեր, կազմակերպում են մշակովի խոտհարքներ ու արոտավայրեր։ Անտառատնտեսության անտառային գորշ հողերում աճեցնում են արդյունաբերական նշանակության կաղնուտներ։ Անտառային գորշ հողերը կազմում են Հայաստանի տարածքի 15,4%-ը (133000 հեկտար տարածք), մեծ տարածում ունեն Տավուշում, Զանգեզուրում, Արցախի, Մռավի լեռնաշղթաներում՝ 1300–2250 մետր բարձրություններում։ Անտառային գորշ հողերի մեծ մասը միջին հզորության, թույլ էրոզացված է՝ մարգագետիններով ծածկված։ Վերին անտառային գորշ հողերի շուրջ 17%-ն օգտագործվում է որպես խոտհարք, արոտավայր և գյուղատնտեսական որոշ բույսերի մշակության համար։ Թեք լանջերի վրա գտնվելու, թույլ մասնատվածության պատճառով հաճախ ենթարկվում են հողատարման։ Հումուսի պարունակությունը 4–8% է, ունեն միջին կլանունակություն և թթվային ռեակցիա (pH=4,6–5,9), բարենպաստ ջրաֆիզիկական հատկություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։