Աննա Քրիստինե Բրոյնումը (դան․՝ Anna Kirstine Brøndum) ծնվել է 1859 թվականի օգոստոսի 18-ին Յուտլանդիայի հյուսիսում գտնվող դանիական ձկնորսական Սկագեն ավանում։ Հայրը եղել է վաճառական Էրիկ Անդերսեն Բրոյնումը (դան․՝ Erik Andersen Brøndum, 1820-90), իսկ մայրը՝ Անե Խեդվիգ Մյոլերը (դան․՝ Ane Hedvig Møller, 1826-1916)։ Աննան եղել է ընտանիքի վեց երեխաներից հինգերորդը, նա մանկուց հետաքրքրված է եղել գեղանկարչությամբ, ծանոթ է եղել սկագենցի շատ նկարիչների հետ։ Սովորել է գեղանկարչություն Կոպենհագենում, այնուհետև՝ Փարիզում։ 1880 թվականին Աննան ամուսնացել է նկարիչ Միքայել Անկերի հետ։ 1883 թվականին ծնվել է Աննայի աղջիկը՝ Հելգա Անկերը։ Նկարչուհին շարունակել է նկարել ամուսնության ընթացքում, նա մշակել է իր սեփական ոճը, դրսևորվել է որպես բնորոշ նկարիչ և ուշադիր գունանկարիչ։ Աննայի ստեղծագործությունները կարևոր դեր են ունեցել Սկանդինավյան գեղանկարչության մեջ ռեալիզմի հաստատման գորոծում՝ «Կապույտ Անե» (1882), «Աղջիկը խոհանոցում» (1883-1886)։ Աննա Անկերը նախընտրել է նկարել ինտերիերներ և հասարակ տեսարաններ առօրյա գյուղացու, ձկնորսի, նրանց կանանց և երեխաների կյանքից։
Աննան և Միքայելը պատկերված են դանիական կրոնի 1000 թղտադրամի վրա։