Անդրանիկ Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Զոհրաբյան
1996-2016
ԾննդավայրՎեդի քաղաք
Մահվան վայրԱրցախ Մարտակերտի շրջան
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ2014-2016
Կոչումշարքային
ԶորամասN զ/մ-ի 4-րդ մարտկոց
Հրամանատարն էրԱրմենակ Ուրֆանյան
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
Պարգևներ«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան, Արցախի «Մարտական ծառայության» մեդալ

Անդրանիկ Ատոմի Զոհրաբյան (մայիսի 1, 1996(1996-05-01), Վեդի, Արարատի մարզ, Հայաստան - ապրիլի 2, 2016(2016-04-02), Մարտակերտի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի շարքային, գնդացրորդ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 1-ին Վեդի քաղաքում՝ Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում[2]։ Անդրանիկը սովորել է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում` հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում։ Սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում։ Երևանում` «Խաղային մարզաձևերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել է ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ։ Մարզվում էր Երևանում։ Ուներ երկու քույր։ Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014 թվականի հուլիսին մեկնեց ծառայության։ Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանում։ Հուլիսի 16-ին զորացրվելու էր։ 2016 թվականի ապրիլի 2-ի հարձակումների ժամանակ գրոհի է ենթարկվել նաև Անդրանիկի դիրքը։ Անդրանիկը գործում է "ոչ-մի քայլ ետ" սկզբունքով, նա այն երեք զինվորներից մեկն էր, ով չլքեց կապիտան Ուրֆանյանին և պայքարեց մինչև վերջ։ Նրան էր պատկանում դիրքի ամենածանր զենքը՝ Կալաշնիկովի գնդացիրը։ Թշնամին այդ դիրքում կորցրեց 80-90 զինվոր, որոնց մեծ մասին ոչնչացրել է Անդրանիկը։ Կռվի վերջում նա դուրս է գալիս բաց մարտի և վտանգի տակ դնելով սեփական կյանքը ոչնչացնում է թշնամու բազմաթիվ գրոհայինների։ Որոշ ժամանակ անց Անդրանիկը ստանում է ծանր վիրավորումներ և զոհվում է հերոսի մահով։ Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ գտնվեց և ընտանիքին հանձնվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը։

Հուշաղբյուր Վեդու մշակույթի տան առջև՝ նվիրված Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Զոհրաբյանը Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝

  • «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով
  • Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 9-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 10-ին ժամը 13:00-ին Վեդու մշակույթի տանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում». CIVILNET. 2022 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. ««Համեստ էր, զուսպ, իր նկատմամբ եղած սերն էլ իր նման է». Մարտակերտում զոհված Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 20 տարեկան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]