Այնուամենայնիվ այն պտտվում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիլեյը բանտում: Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի նկարը, 1643, 1645 կամ 1646 թվական:

«Այնուամենայնիվ այն պտտվում է» (իտալ.՝ E pur si muove! [ɛ ˈpur si muˈovɛ]), թևավոր խոսք, որն իբր 1633 թվականին արտասանել է հայտնի աստղագետ, փիլիսոփա և ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը՝ ստիպված լինելով ինկվիզիցիայի առջև հրաժարվել իր այն համոզմունքից, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը և ոչ թե հակառակը։

Դատելով նրա ընկերների վկայություններից և հենց Գալիլեյի նամակներից՝ ցուցադրական ապաշխարությունից հետո նրա հայացքները չեն փոխվել, նա նախկինի պես համոզված է եղել Երկրի պտտվելու մեջ։ Այնուամենայնիվ, որևէ ապացույց չկա, որ Գալիլեյն ասել է այս արտահայտությունը։ Գալիլեյի կենսագրությունը, որը 1655-1656 թվականներին գրվել է նրա աշակերտ և հետևորդ Վինչենցո Վիվիանիի կողմից, այդ արտահայտության մասին ոչ մի հիշատակություն չի պարունակում։

Ինչպես հաստատվել է 1911 թվականին՝ 1643 (1645?) թվականին[1] թվագրված իսպանական նկարի հայտնաբերումից հետո, որտեղ Գալիլեյը պատկերված է բանտում, արտահայտությունը նրան է վերագրվել ժողովրդական խոսք ու զրույցում նրա մահից անմիջապես հետո[2]։ Այս բառերը տպագրության մեջ Գալիլեյին առաջին անգամ վերագրել է իտալացի լրագրող Ջուզեպպե Բարետտին իր «The Italian Library» գրքում[2] 1757 թվականին (այսինքն՝ նրա նրա հրաժարումից 124 տարի անց)[3][4]։ Միֆը լայնորեն հայտնի է դարձել 1761 թվականին՝ Բարետտիի գրքի ֆրանսերեն թարգմանությունից հետո[4]։ Մասնավորապես, Querelles Litteraires («Գրական վեճեր») գրքում, որը լույս է տեսել 1761 թվականին Փարիզում, Օգյուապեն Սիմոն Թրելը գրել է. «հավաստիացնում են, որ Գալիլեյը, որն արդեն ազատ էր արձակվել, տանջվելով խղճի խայթից, մի անգամ, այնուամենայնիվ, ոտքերը գետնին խփելով, ասել է. «Այնուամենայնիվ այն պտտվում է»՝ նկատի ունենալով Երկիրը»[5]։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այնուամենայնիվ այն պտտվում է» արտահայտությունը բազմիցս օգտագործվել է գրականության մեջ և երաժշտական ստեղծագործությունների տեքստերում.

  • Խորհրդային գրող Իլյա Էրենբուրգի գրքի վերնագիրը, որը լույս է տեսել 1921 թվականին Բեռլինի «Գելիկոն» հրատարակչությունում։
  • Այս արտահայտությունը դարձել է խորհրդային դրամատուրգ և սցենարիստ Ալեքսանդր Խմելիկի պիեսի վերնագիրը։
  • «Enigma» երաժշտական նախագծի «A Posteriori» ալբոմի առաջին թրեքը կոչվում է «Eppur Si Muove»:
  • Այս արտահայտությունը գրվել է «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի չորրորդ սեզոնի իններորդ սերիայի ներածական գրադրվագում։
  • Պետդումայի խոսնակ Բորիս Վյաչեսլավովիչ Գրիզլովը «Մաքուր ջուր» նախագծի և դրա ղեկավար Վ. Ի. Պետրիկի պաշտպանության ժամանակ այս խոսքերը վերագրել է Կոպեռնիկոսին, որին նաև վերագրել է ինկվիզիցիայի խորույկով մահ՝ ակնհայտորեն շփոթելով Ջորդանո Բրունոյի հետ[6]։
  • «Haggard» գերմանական սիմֆոնիկ մետալ խմբի երրորդ ալբոմը կրում է «Eppur Si Muove» անվանումը։
  • Այս արտահայտության անգլերեն տարբերակը դարձել է պլատֆորմեր ժանրի «And Yet It Moves» համակարգչային երկչափ խաղի անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տարեթվի վերջին թվանշանը հստակ չի կարդացվում։
  2. 2,0 2,1 Drake, Stillman Galileo at Work: His Scientific Biography. — [Facsim. ed.].. — Mineola (N.Y.): Dover Publications Inc, 2003. — ISBN 0486495426
  3. Мессори В. Черные страницы истории Церкви, глава IV. — Караганда, 1999.
  4. 4,0 4,1 A. Rupert Hall. Galileo nel XVIII secolo. Rivista di filosofia, 15 (Turin, 1979), pp. 375—378, 383.
  5. В.Серов. Энциклопедический словарь крылатых слов и выражений. — Локид-Пресс, 2005. — 880 стр. ISBN 5-320-00323-4 А все-таки она вертится!
  6. Տեսանյութը ՅուԹյուբում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]