Սիմֆոնիկ մետալ
Սիմֆոնիկ մետալ symphonic metal | |
---|---|
Ոճային հիմքեր | մետալ փաուեր մետալ, գոթիկ մետալ, սիմֆոնիկ երաժշտություն |
Ծագման ժամանակ | 1995 |
Ծագման երկիր | Եվրոպա |
Ճանաչում | 2000-ական թվականներ |
Ենթաժանրեր | |
սիմֆո բլեք մետալ, սիմֆո փաուեր մետալ | |
Տես նաև | |
մետալ |
Սիմֆոնիկ մետալ կամ սիմֆո-մետալ (անգլ.՝ symphonic metal), երաժշտական ժանր, որի մեջ համադրվում են մետալ և սիմֆոնիկ նվագախմբային երաժշտությունը։
Սիմֆոնիկ մետալ ժանրում հաճախ օգտագործվում է բարձր կանացի վոկալ (որը բնորոշվում է որպես «օպերային»)։ Ալբոմների ձայնագրության համար սովորաբար հրավիրվում են փոքր սիմֆոնիկ նվագախումբ[1] և ակադեմիական («կամերային») երգչախումբ։ Ժանրին բնորոշ են կոնցեպտուալ ալբոմները, վառ թատերական ներկայացումները համերգների ժամանակ, բեմական կոստյումները, բարձր գեղարվեստականությամբ աչքի ընկնող, միջին դարերի, նոր միջնադարի գեղագիտությունը պատկերող տեսահոլովակները, ինչպես նաև` ֆենտեզի և գոթիկա ժանրով ստեղծագործությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆոնիկ մետալի նախահայրերն են եղել այնպիսի գոթիկ մետալ խմբեր, ինչպիսիք են The Gathering-ը և Theatre of Tragedy-ն, որոնք իրենց երաժշտության համար օգտագործում էին ստեղնային գործիքներ ու կանացի վոկալ։ Նվագախմբի և մետալի համադրության փորձեր են արել Savatage, Rage, Symphony X, Celtic Frost 7 և Believer խմբերը։ Սիմֆոնիկ մետալի` որպես առանձին ժանրի ի հայտ գալը կապված է 1996 թվականին շվեդական Therion խմբի Theli ալբոմի լույս ընծայման հետ։ Therion-ը նախկինում էլ որոշ ալբոմներում համադրել էր մետալն ու սիմֆոնիկ գործիքավորումը, սակայն հենց Theli ալբոմով ժանրը ձևավորվել է վերջնականապես` դառնալով նոր երևույթ ծանր երաժշտության բեմում[1]։ Ի տարբերություն շատ այլ խմբերի, Therion-ն արդեն 1990-ականների վերջին նվագում էր «մաքուր» սիմֆոնիկ մետալ` օպերային վոկալով, երգչախմբով, նվագախմբով և առանց այլ ոճերի կիրառման։ 1997 թվականը կարևոր տարի էր սիմֆոնիկ մետալի զարգացման համար։ Այդ տարի թողարկվել են միանգամից 4 խմբերի դեբյուտային ալբոմներ, որոնք հետագայում ազդեցություն են ունեցել ժանրի զարգացման վրա։ Ֆիննական Nightwish և իտալական Rhapsody խմբերն օգտագործել են սիմֆոնիկ գործիքավորումը փաուեր մետալի հիմքի վրա։ Հոլանդական Within Temptation խմբի դեբյուտային ալբոմն իրենից ներկայացնում էր գոթիկ մետալ սիմֆոնիկ գործիքավորումով, սակայն արդեն հաջորդ ալբոմով Mother Earth խումբն անցել է սիմֆոնիկ մետալ ժանրին։ Վերջապես, Haggard խումբը ներկայացրել է ծանր, մռայլ ու ավանգարդ սիմֆոնիկ մետալ դեթ-դում-մետալի հիմքի վրա` մի շարք գործիքների օգտագործումով։
1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին հայտնվել են մի շարք խմբեր` «օպերային» կանացի վոկալով։ Այդ թվում են After Forever, Delain, Edenbridge, Epica, Leaves' Eyes, Lunaticam Tristania, Sirenia, Xandria, Dark Moor խմբերը։ Այս կատարողներից շատերն սկսել են 1990-ականներին, գոթիկ մետալ ոճով, իսկ 2000-ականներին հեռացել են ժանրից` ընտրելով առավել հայտնի ու մեղեդային սիմֆոնիկ մետալը։ Մյուս կողմից, սիմֆոնիկ-փաուեր այնպիսի խմբեր, ինչպիսիք են Nightwish և Edenbridge խմբերը, վերջին ալբոմներում թուլացրել են փաուեր մետալի ազդեցությունը, իսկ նվագախմբի ձայնագրությունները մշտական էին դարձել։ Այդպիսով, սիմֆոնիկ մետալը վերջնականապես դարձել է առանձին ժանր։
2000-ականների կեսերին սիմֆոնիկ մետալը դարձել է մետալիկ երաժշտության ամենատարածված ժանրերից մեկը Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում։ Որոշ խմբեր, հատկապես` Nightwish-ը, հասել է մեծ կոմերցիոն հաջողության։ 2013 թվականին Nightwish-ը մասնակցել է առաջին սիմֆոնիկ մետալիկ երաժշտական Imaginaerum ֆիլմի ստեղծմանը։ ԱՄՆ-ում այս ժանր ներկայացուցիչ խմբերն ավելի փոքրաթիվ են։ Այստեղ կան մի շարք խմբեր, որոնց հիմնական գործունեությունը վերաբերում է փաուեր կամ նեոկլասիկ մետալին, այսինքն, պարունակում է սիմֆոնիկ մետալ ժանրի տարրեր։ Դրանցից են Kamelot, Trans-Siberian Orchestra, Symphony X խմբերը։
Կապն այլ ժանրերի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆոնիկ գործիքավորումների տարածումը հասել է նաև բլեք մետալին։ Այնպիսի խմբեր, ինչպիսիք են Cradle of Filth, Dimmu Borgir և Graveworm-ը առաջնային տեղ են տալիս ստեղնաշարային գործիքններին, ինչը true black-ի կանոնների կոպիտ խախտում էր։ Հետագայում Cradle of Filth խումբն անգամ կին վոկալիստների հետ մի շարք դուետներ է ձայնագրել։ Ավելի ուշ այնպիսի խմբեր, ինչպիսիք են Bal-Sagoth-ն ու Summoning-ը, սկսել են օգտագործել ստեղնաշարային ու սիմֆոնիկ գործիքավորումներ նույնքան ակտիվորեն, որքան կիթառը։
Սիմֆոնիկ գործիքավորումը տարածվել է նաև հին հեվի մետալ խմբերում։ Metalica-ն, Արիան, Scorpions-ը, Rage-ը, U.D.O-ն ձայնագրվել ու ելույթ են ունեցել նվագախմբի հետ, իսկ Manowar խումբը կոնցեպտուալ Gods of War ալբոմը ձայնագրել է սիմֆոնիկ մետալի ակնհայտ տարրերով։ Blind Guardian փաուեր մետալ և Ayreon պրոգրեսիվ մետալ խմբերը նույնպես մշտապես օգտագործում են սիմֆոնիկ գործիքավորում, միևնույն ժամանակ չդառնալով «մաքուր» սիմֆոնիկ մետալ։ Apocalyptica խմբի երաժշտությունը, որը մետալ է նվագում թավջութակի վրա, հաճախ բնորոշվում է որպես սիմֆոնիկ մետալ։ Սակայն այն չի պատկանում որևէ կոնկրետ երաժշտական ենթաճյուղի, այլ իրականում երաժիշտների փորձն է, ովքեր սկսել են դասական մետալ խմբերի երգերի կամերային գործիքային քավր տարբերակներ նվագելուց։ Անգլերենում հայտնվել է չելլո-ռոք (անգլ.՝ cello-rock - թավջութակով ռոք) տերմինը, որը բնորոշում է տվյալ ոճը։ Վերջին տարիներին մետալի այլ տեսակների շատ խմբեր դիմում են այս ժանրին և այն զարգացնում են խառնուրդների ու փորձերի միջոցով։ Այսպես, ֆոլկ մետալի կատարողները հաճախ հատում են այս երկու ժանրերի սահմանները։ Ֆիննական Turisa խումբը սիմֆոնիկ մետալը կիրառել է իր Stand Up and Fight ալբոմում։ Mago de Oz խմբի ուշ շրջանի ալբոմները ևս մեկ օրինակ են ֆոլկ և սիմֆոնիկ մետալների խառնուրդի։ Diablo Swing Orchestra ավանգարդ նախագիծը ցուցադրել է դասական վոկալի և սիմֆոնիկ գործիքավորման ու ջազի ռիթմիկ կառուցվածքի համադրությունը։
Երաժշտական բնորոշիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերույթուն մետալի այլ ոճերի, որտեղ առաջատար վոկալիստները տղամարդիկ են[2], սիմֆոնիկ մետալում ակտիվորեն ներգրավված է կանացի վոկալը, որը որպես կանոն սոպրանո է կամ մեցո սոպրանո (այն բավականին հաճախ, բայց սխալմամբ անվանում են «օպերային»)։ Այս ոճի շատ վոկալիստներ կարող են ունենալ դասական երաժշտական կրթություն և իրենց իմիջով հաճախ են նմանակում օպերային երգչուհիներին (օրինակ, Տարյա Տուրունեն (Nightwish), Լորի Լյուիս (Therion), ֆլոր Յանսեն (After Forever, Nightwish), Սիմոնա Սիմոնս (Epica)): Հենց կին վոկալիստներն են հաճախ դառնում սիմֆոնիկ մետալ խմբի դեմքը, նրանց հաճախ անվանում են «մետալի թագուհիներ»։
Բացի կանացի վոկալը, սիմֆոնիկ մետալն առանձնանում է նաև գոթական մետալից վերցրած «գեղեցկուհին և հրեշը» մեթոդով, որտեղ մաքուր կանացի ձայնին հակադրվում է տղամարդկային կոպիտ մռնչյունը` գրուլինգը, կամ էլ տղամարդկային խռպոտ չոր ճիչը` սքրիմինգը։ Սակայն սիմֆոնիկ մետալ երաժշտական ոճի գլխավոր բնորոշիչը ոչ թե «օպերային» վոկալն է, այլ սիմֆոնիկ նվագախումբն ու դրա` սիմֆոնիկ հնչողության էֆեկտը (հուն. συμφωνία -համահնչողություն, բազմաձայն հնչողություն)։ Սիմֆոնիկ նվագախմբի հիմքը կազմում են չորս տեսակի գործիքներ.
- լարային կսմիթային
- պղնձե փողային
- փայտե փողային
- լարային[3]
Անհրաժեշտության դեպքում նվագախմբում ներառվում են նաև այլ օժանդակ գործիքներ, նախ և առաջ, տավիղ, ինչպես նաև` ֆորտեպիանո, երգեհոն, կլավեսին, հատուկ դեպքերում ներառվում են նաև սիմֆոնիկ նվագախմբի համար «էկզոտիկ» օժանդակ գործիքներ` սիտար, դոմրա, բալալայկա և այլն։ Քանի որ սիմֆոնիկ նվագախումբն ամբողջ կազմով հավաքելը բարդ է և ծախսատար, սիմֆո մետալիստները սովորաբար սահմանափակվում են միայն մեկ լարային կսմիթային տեսակի գործիքներով (ջութակ, թավջութակ)։ Սիմֆոնիկ նվագախմբի ամբողջական կազմով ձայնագրված հազվադեպ հանդիպող ալբոմներից կարելի է առանձնացնել Epica խմբի The Holographic Principle ալբոմը։ Սիմֆոնիկ նվագախմբում երաժշտական գործիքները միավորվում են փոքրիկ սիմֆոնիկ նվագախմբում, որն աշխատում է «մետալ» ժանրում։ Օրինակ, այդ խումբը կարող է կազմված լինել 5-10 ջութակահարներից և 3-5 թավջութակահարներից։ Գործիքների յուրաքանչյուր խումբ կատարում է իր մասը, ինչի շնորհիվ էլ հաջողվում է սիմֆոնիկ հնչողության էֆեկտը։ Հենց սրանով էլ սիմֆոնիկ մետալն սկզբունքորեն տարբերվում է այլ, շատ նման ուղղություններից` գոթիկ մետալից ու կանացի բարձր վոկալով փաուեր ոճից, չնայած որ նշված բոլոր ոճերում կարող են հանդիպել ջութակի կամ թավջութակի միանման կատարումներ։ Նաև հատկանշական է այն, որ խմբում ստեղնաշարային գործիքների առկայությունը հաճախ դիտարվում է որպես «սիմֆոնիկ» երաժշտության նշան։ Սիմֆոնիկ մետալի ևս մեկ կարևոր բնորոշիչ է ակադեմիական վոկալ երգչախումբը (երբեմն նաև` կամերային երգչախումբ), որը կարող է սիմֆոնիկ հնչողության էֆեկտ ունենալ։ Իր երաժշտական ձևով սիմֆո մետալը հաճախ միօրինակ չէ։ Ինչ-որ չափով այն կախված է սիմֆո մետալի ակունքների` մելանխոլիկ, անշտապ, միստիկ դում-գոթիկի և ակտիվ, հանդիսավոր, շարժուն փաուերի հետ, որոնք ոճին ռիթմիկ կառուցվածքի և տրամադրության հակասություններ են տվել։ Սիմֆոնիկ մետալը հաճախ նմանություններ ունի օպերային, կոնցեպտուալ, մասշտաբային, մեծ ձևերի հետ։
Թեմատիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆոնիկ մետալ ժանրում լայնորեն տարածված են պատմության, առասպելաբանության, կրոնի, ֆենտեզի թեմաներով տեքստերը։ Հաճախ են հանդիպում նաև քնարական տեքստերը անձնական ապրումների և բնության վերաբերյալ տեքստեր։ Խմբերը հաճախ ձայնագրում են կոնցեպտուալ ալբոմներ` էպիկ պոեմների կամ օպերաների ոճով։ Օրինակ, Therion Secret of the Runes ալբոմը նվիրված է սկանդինավյան առասպելաբանության ինը աշխարհներին, ինչպես նաև` խմբի բոլոր այլ աշխատանքները հիմնված են առասպելաբանության ու առեղծվածների վրա։ Leaves’ Eyes Vinland Saga ալբոմը նվիրված է վիկինգ Լեյֆ Էրիկսոնի կողմից Ամերիկան բացահայտելուն, Njord և Meredead ալբոմները նվիրված է առասպելաբանությանը։ Cradle of Filth խմբի մի շարք ալբոմներ հիմնված են Լավկրաֆտի, Բարկերի և Լե Ֆանյուի առեղծվածային գրականության վրա։ Haggard-ը ալբոմներ է ստեղծել Նոստրադամուսի և Գալիլեյի կենսագրություններով, Kamelot-ը` Ֆաուստի պատմությունով, իսկ Xandria-ն` Սալոմեի մասին աստվածաշնչյան պատմությունով։ Trans-Siberian Orchestra խմբի բոլոր ալբոմները հեքիաթային սյուժեներով ռոք օպերաներ են։ Սիմֆոնիկ մետալի այլ հայտնի թեմաներից են բնությունը, էկոլոգիան, կենդանի աշխարհը։ Within Temptation-ի և Nightwish-ի շատ երգեր նվիրված են բնությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Symphonies: Webster’s Quotations, Facts and Phrases. Icon Group International, Inc., 2008 ISBN 0-546-66549-7, 9780546665499
- ↑ Florian Heesch, Niall Scott. Heavy Metal, Gender and Sexuality: Interdisciplinary Approaches. Routledge, 2016. ISBN 1317122984, 9781317122982
- ↑ Берлиоз и Штраус, 1948, էջ 1