Jump to content

Ամառային ճամբար (գիտափորձ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամառային ճամբար (գիտափորձ) (անգլ.՝ Robbers cave study), սոցիալ-հոգեբանական գիտափորձերի շարքի ընդհանուր անվանում, որոնք անց էին կացվում 1948-1961 թվականներին Մուզաֆեր Շերիֆի և նրա գործընկերների կողմից (Մարվին Բ. Սասմեն, Ռոբերտ Հանտինգտոն, Օ. Ջ. Հարվի, Քերոլին Վ. Շերիֆ)[1]։ Այս գիտափորձն իրենից ներկայացնում է հոգեբանական հետազոտություն, նպատակ ունենալով ապացուցել, որ միջխմբային կոնֆլիկտները խմբերի գոյության փաստի անխուսափելի հետևանք չեն հանդիսանում, այլ սահմանափակ պաշարների համար մղվող միջխմբային մրցակցության արդյունք են, ինչպես նաև առաջանում են այլ թվացյալ և իրական հետաքրքրությունների բախումներից։

Անց էր կացվում մեկուսացված մանկական ճամբարում, փորձի ենթարկվողները 11-12 տարեկան տղաներ էին, հետազոտողները հանդես էին գալիս ճամբարի սովորական անձնակազմի տեսքով. տնօրեն, դաստիարակ և այլն։ Արդյունքում վարկածը հաստատվեց, իսկ գիտափորձը դարձավ համաշխարհային հոգեբանության դասական օրինակներից մեկը։

Գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիտափորձի գաղափարն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Մ. Շերիֆն ու նրա գործընկերները որոշեցին անց կացնել իրենց հետազոտությունները ազատ տիպի խմբում՝ որտեղ միջխմբային հարաբերությունների զարգացումը կլիներ բնական և ինքնաբերաբար, առանց դրսից ճնշումների և ղեկավարման։ Ելնելով դրանից, նրանք որոշեցին, որ այդ նպատակների համար հարմար է մեկուսացված ամառային ճամբարը։ Գիտափորձի նպատակն էր միջխմբային կոնֆլիկտների առաջացման փաստերի ուսումնասիրությունը. Շերիֆը և նրա գործընկերները կարծում էին, որ այդպիսի կոնֆլիկտներն առաջանում են սահմանափակ ռեսուրսների համար մղվող միջխմբային մրցակցությունից, այլ ոչ թե խմբի գոյության փաստից։

Հետազոտության համար ընտրվեցին 11-12 տարեկան տղաներ, որոնց համար ամառային ճամբարում գտնվելը կլիներ հետաքրքիր և գրավիչ։ Որպեսզի ստեղծվեր մրցակցային պայմաններ, Շերիֆն ու իր գործընկերները մտածված, միատեսակ սոցիալական միջավայրից, ընտրում էին տղաների, ովքեր չունեին ֆիզիկական և հոգեբանական շեղումներ։ Փորձարկվողների ընտրությունը կատարվում էր ծայրահեղ հանգամանորեն. հարցաքննում էին նրանցից յուրաքանչյուրի ընտանիքի անդամներին և դպրոցի աշխատակիցներին, հավաքում էին թեստրի արդյունքները, դպրոցական մատյանները և բժշկական տեղեկանքները։ Արդյունքում, գիտափորձին մասնակցում էին առողջ, ադապտացվող 11-12 տարեկան տղաներ, ովքեր ունեին բավականին բարձր ինտելեկտ և ծագում էին միջին դասակարգի բողոքական ընտանիքներից։

Տղաները, մինչև ճամբար գալը ծանոթ չէին միմյանց հետ։ Նաև ոչ-ոք նրանց չէր ասել, որ մասնակցում են գիտափորձի, իսկ հետազոտողները հանդես էին գալիս որպես ճամբարի աշխատակիցներ։ Բնական պայմանների պահպանման համար հետազոտություններն անց էին կացվում խաղերի տեսքով։ Տղաները էնտուզիազմով մասնակցում էին, անգամ չկարծելով, որ իրենց թեստավորում են։ Բոլոր գրառումներն արվում էին աննկատ, նաև հնարավորության դեպքում հետազոտողներն օգտագործում էին թաքնված տեսախցիկներ՝ միկրոֆոններով։

Փուլ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի առաջին փուլում յուրաքանչյուր խմբի տղաները չգիտեին այլ խմբի գոյության մասին։ Կազմակերպվում էին տարբեր առաջադրանքներ, որոնց նպատակն էր խմբային նույնականության զարգացումը, որը խմբային համախմբվածության, նվիրվածության և ավելի նեղ միջանձնային շփումների նախապայման էր։ Նրանք վրաններ էին տեղադրում, սեղան գցում և այլն։ Այդ փուլը տևեց 1 շաբաթ և արդյունքում երկու խումբն էլ ունեցան առանձնահատկություններ, մասնավորապես. տղաները ձեռք բերեցին մականուններ, բաժանվեցին ներքին դերեր, հաստատվեցին վարքագծի նորմեր, յուրաքանչյուր խմբում ի հայտ եկավ լիդեր և այլն։ Վերջում, ձևավորված խմբերում երեխաները միմյանց ընդունում էին որպես մեկ ամբողջություն։ Այսպիսով, հետազոտության առաջին փուլը հանգեցրեց նրան, որ առաջացան ներքին հիերարխիաներ, սիմվոլիկաներ, ժարգոններ և խմբային կառուցվածքի այլ դրսևորումներ։

Փուլ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի երկրորդ փուլում խմբերն առաջին անգամ հանդիպում են մինյանց։ Որպեսզի նրանց միջև կոնֆլիկտ առաջանա, հետազոտողներն անց են կացնում տարբեր մրցույթներ. բեյսբոլ, ֆուտբոլ, պարանի ձգում և յուրաքանչյուր մրցույթում խմբերը մրցում էին միմյանց դեմ։ Սկզբում տղաները նորմալ փոխհամագործակցում էին, բայց որոշ ժամանակ անց առաջացավ խմբից դուրս թշնամանք։ Հետազոտողները նաև հաղթողներին պարգևատրում էին, ինչը խաղի ընթացքում մեծացնում էր հակակրությունն ու թշնամանքը։ Եթե սկզբում տղաներն ուղղակի ծիծաղում էին միմյանց վրա, ապա դրանից հետո նրանք սկսեցին մյուս խմբի նկատմամբ ցուցադրել բավականին վառ նախատրամադրվածություն։ Իրենց խմբակիցներին նրանք նկարագրում էին՝ «համարձակ» և «ընկերասեր», իսկ մյուս խմբի անդամներին անվանում էին «վախկոտ», ինչը հանդիսանում է ներխմբային ֆանատիզմի վառ դրսևորում։ Երբ տղաներին խնդրեցին անվանել իրենց ընկերներին, նրանք թվարկեցին միայն իրենց խմբի անդամներին։ Նրանք փնտրում էին բախումների առիթ, հարձակվում էին միմյանց կացարանների վրա։ Շերիֆի և նրա գործընկերների այն վարկածը, որ մրցակցությունը կոնֆլիկտ է առաջացնում հաստատվեց։

Փուլ 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի վերջին, երրորդ փուլում Շերիֆն ուզում էր ճամբարում նվազեցնել նախապաշարվածության մակարդակը, որն ի հայտ էր եկել մրցակցության արդյունքում։ Սկզբում նա որոշեց ստուգել այն ենթադրությունը, ըստ որի հակասությունները կհարթվեն, եթե խմբերը շփվեն բարենպաստ պայմաններում։ Սակայն ենթադրությունը չհաստատվեց։ Թշնամանքը շարունակում էր աճել անգամ երբ բոլորը միասին սկսեցին ֆիլմ դիտել, իսկ երբ սրճարանում տղաներին խնդրեցին նստել մյուս խմբի անդամների հետ միասին, դա վեճի հանգեցրեց։ Դրանից հետո հետազոտողները վերադարձան նախնական վարկածին, որ մրցակցությունը առաջացնում է կոնֆլիկտ և ենթադրեցին, որ հակառակը՝ համընդհանուր ջանքերն առաջացնում են համերաշխություն։ Որպեսզի ճշտեն դա փորձարարական տեսանկյունից, առաջադրեցին «գերխնդիրներ», որոնք հնարավոր չէին կատարել յուրաքանչյուր խմբին առանձին։ Առաջին դեպքում ճամբարում խնդիրներ առաջացան ջրամատակարարման համակարգում։ Տղաները փորձեցին համատեղ լուծել խնդիրը՝ սկզբում փնտրելով անսարքության պատճառները (ամբարի ծորակը խցանվել էր), իսկ հետո սկսեցին քննարկել տարբեր գաղափարներ, թե ինչպես բացել ծորակի խցանումը և հասան արդյունքի։ Երկրորդ դեպքում հետազոտողները կազմակերպեցին բեռնատարի խափանում, որը պիտի տեղ հասցներ պարենամթերք։ Նրանք նորից սկսեցին համատեղ աշխատել, որպեսզի մտածեն, թե ինչպես այն գործի գցեն (ձեռքով հրեն առաջ, որպեսզի վարորդը փորձեր միացնել շարժիչը)։ Նրանք որոշեցին պարան կապել և բոլորը քաշում էին բեռնատարն այնպես, որ վարորդը կարողանար աշխատեցնել շարժիչը։ Այս իրադարձություններից հետո հետազոտողները նկատեցին, որ թշնամանքը տեսականորեն անհետացել է։ Յուրաքանչյուր խումբ սկսել էր դրականորեն վերաբերվել մյուս խմբի ներկայացուցչի հանդեպ, իսկ որոշներն անգամ ընկերացել էին։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի առանցքային վարկածը հաստատվեց. միջխմբային մրցակցությունը հանգեցնում է կոնֆլիկտի առաջացմանը, ագրեսիվ վարքի և բացասական կարծրատիպերի ձևավորմանը։ Իսկ համատեղ գործունեությունը և ընդհանուր նպատակը՝ կարծրատիպերի կոտրմանը, միջխմբային տարաձայնությունների էական նվազեցմանը։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուսումնասիրությունը կարևոր ներդրում է ունեցել հոգեբանության միջխմբային հարաբերությունների հետազոտության մեջ, չնայած արդյունքները սպասելի էին և տեսականորեն նորույթ չէին։ Շերիֆի հետազոտություններում արժեքավոր է այն հանգամանքը, որ այն ընթանում էր իրական պայմաններում, այլ ոչ թե արհեստականորեն ստեղծված լաբորատոր խմբերում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harvey,O. J., White, B. J., Hood, W. R., & Sherif, C. W. «Intergroup conflict and cooperation: The Robbers Cave experiment»(англ.) — University of Oklahoma Press, 1961.
  2. Агеев В. С. Исследование межгрупповых отношений в зарубежной социальной психологии // Вопросы психологии : журнал. — 1980. — № 80'4. — С. 151.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]