Աղեքսանդր Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աղեքսանդր Մխիթարյան
Ծնվել էհուլիսի 3, 1846(1846-07-03)[1]
Ալեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 17, 1916(1916-08-17)[1] (70 տարեկան)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, բանահավաք և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց
Ալմա մատերՆերսիսյան դպրոց[1]

Աղեքսանդր Մխիթարի Մխիթարյան (հուլիսի 3, 1846(1846-07-03)[1], Ալեքսանդրապոլ, Վրացա-Իմերեթական նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 17, 1916(1916-08-17)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), բանահավաք, բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1846 թվականի հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) քաղաքում։ Նրա ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից։ 7 տարեկան Աղեքսանդրին ծնողները տվել են կրթության քաղաքում գրագետ մարդու համբավ ունեցող մի տիրացուի մոտ։ 2 տարվա ընթացքում նա սովորել է գրել-կարդալ, ազատ կարդացել է «Սաղմոս, Քերական և Նարեկ»։ Այնուհետև հաճախել է Սարգիս Խալֆայի դպրոցը։ Հոր մահից հետո նա թողել է ուսումը և սկսել դասեր տալ։ 1867 թվականին նա բացել է մասնավոր դպրոց։ 1876 թվականի Մխիթարյանը աշխատել է Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցում, դասավանդել հայոց լեզու (գրաբար) և թվաբանություն։ 1879 թվականին Մխիթարյանը մեկնել է Թիֆլիս` Ներսիսյան դպրոցում էքտեռն քննություններ հանձնելու նպատակով, որոնք հանձնել է հաջողությամբ։ 1879-1889 թվականներին անընդմեջ աշխատել է քաղաքի վիճարկային և Արղության օրիորդաց դպրոցներում։

1889 թվականին Մխիթարյանը ընդմիշտ թողել է մանկավարժությունը և Ալեքսանդրապոլում բաց է արել գրավաճառանոց` սերտ կապ պահպանելով Վենետիկի հայ միաբանության և Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերության հետ` տարածելով նոր լույս տեսնող թարմ գրականությունը։ Ազատ օրերին ու ժամերին շրջել է Շիրակի գյուղերով, հավաքել ու գրի առել բազմաթիվ ավանդություններ, հեքիաթներ, ժողովրդական երգեր ու խաղեր, առակներ ու առածներ, հանելուկներ, շուտասելուկներ, օրհնանքներ ու անեծքներ։ Այս տարիներին Մխիթարյանն աշխատակցել է նաև Էջմիածնի «Արարատ» ամսագրին և այլ պարբերականների։

Կյանքի վերջին տարիներին Աղեքսանդր Մխիթարյանը ծավալել է նաև հրատարակչական գործունեություն։ Թուրքերենից փոխադրել ու հրատարակել է արևելյան վիպաշխարհի բազմաթիվ տարածված հեքիաթներ։

Ա. Մխիթարյանը վախճանվել է 1916 թվականի օգոստոսի 17-ին[2][3][4], թաղված է Ալեքսանդրապոլի հին գերեզմանատանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Մխիթարյանը հրատարակել է «Տաղեր ու խաղեր» խորագրով ժողովածուն, ուր բացի ժողովրդական երգերից ու պարերգերից, տեղ են գտել նաև շարականներ ու ազգային զանազան երգեր։

1901 թ. Լազարյան ճեմարանի հրատարակությամբ լույս է տեսել նրա մյուս ժողովածուն «Փշրանքների Շիրակի ամբարներից» խորագրով, որը կազմում է «Էմինյան ազգագրական ժողովածու» մատենաշարի առաջին հատորը։ Գիրքը խմբագրել է Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Գրիգոր Խալաթյանցը։ Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջինում զետեղված են ժողովրդական հեքիաթներ, առակներ, առածներ, ասացվածքներ, հանելուկներ և այլն։ Հեքիաթներից անմիջապես հետո այս մասում տեղ են գտել թվով 21 առակներ և 1421 առած-ասացվածքներ, որոնցով հարուստ է Շիրակի բանահյուսությունը։ Առաջին մասում ամփոփված են նաև օրհնանքներ (260), անեծքներ (220), երդումներ (150), փաղաքշանքներ (112), սպառնալիքներ (110), խրատներ և այլն, ինչպես նաև ժողովրդական հանելուկներ ու շուտասելուկներ (չափածո), մոտ 150 կտոր (152—162)։ Գրքի երկրորդ մասի նյութը կազմում են սնոտիապաշտությունը, ավանդությունները, նախապաշարմունքները, երազների մեկնությունը, ժողովրդական բժշկարանը, ինչպես նաև կախարդությունը, թովչությունը, ընտանեկան բարք ու սովորույթը, կենցաղը և այլն։ Ազգագրական նյութերի այս ժողովածուն ունի նաև ժողովրդական բառերի բառարան (1146 բառ)։

«Փշրանքների» չհրատարակված մասը (ձեռագիր 200 մեծադիր էջ) պարունակում է բազմաթիվ ազգագրական նյութեր ու հետաքրքրական տեղեկություններ Շիրակ աշխարհի վերաբերյալ։ Հետաքրքրական են նաև Շիրակի բազմազգ բնակչության տարազն ու արտաքին նկարագիրը, ինչպես նաև հագուստի ու զարդերի անուններն ու մանրամասն նկարագրությունը։ Ձեռագիր այս մատյանում առատ նյութ կա հասարակաց օջախների՝ սրճարանների, աշուղների քաղաք Գյումրիի մտավոր կյանքի ու այլ հարցերի մասին։ Երաժշտագետներն այստեղ կարող են գտնել ժողովրդական երգերի և պարերի անունները, թիվն ու նկարագրությունը։

1902 թվականին Ալեքսանդրապոլում լույս է տեսել Մխիթարյանի «Ուղեցույց Անի քաղաքի և շրջակա ավերակաց» գրքույկը։ Բացի պատմական համառոտ տեսությունից, գրքույկում մանրամասն մատնացույց են արվում Ալեքսանդրապոլից դեպի Անի տանող բոլոր 4 ճանապարհներն ու դրանց սահմաններում գտնվող ավերակները, ծանոթություններ են տրվում շրջակա գյուղերի, ավանների, նրանց բնակիչների անցյալի ու ներկայի վերաբերյալ։

1890-ական թվականներին Մխիթարյանը գրել է մի շարք գրական ու պատմական գործեր, ինչպիսիք են՝ «էջեր հայ ազատագրական շարժումների պատմությունից» (1898), «Ըմբոստի երգեր» և «Բանտի երգեր» բանաստեղծությունների ժողովածուները, «Վարդան Մամիկոնյան կամ Ավարայրի պատերազմը» պատմական ողբերգությունը (երեք արարվածով և մեկ պատկերով, 1887), «Արնոտ լեռներ կամ սասունցիք» դրաման (երեք արարով, 1896), «Ոսկի երազներ» (պատկերներ թուրքահայ գաղթականների 1895-1896 թթ. արկածներից) և այլն։

1910 թվականի Մխիթարյանը հրատարակել է «Զվարճալի զբոսարան» գիրքը (357 էջ), որտեղ զետեղել է իր կազմած բազմատեսակ կրթական վիճակախաղերը։

Մխիթարյանը հավաքել և գրի է առել նաև աշուղական բազմաթիվ արժեքավոր երգեր (Շիրին, Շերամ և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 634.
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ.3:
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղեքսանդր Մխիթարյան» հոդվածին։