Աղեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղեգի գյուղատեղի[1] Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում։ Երկու թաղամասերից բաղկացած այս հայտնի գյուղատեղին գտնվում է Ջիլիզայից ուղիղ գծով 3,5 կմ հյուսիս-արևելք՝ հյուսիսահայաց անտառածածկ լեռնալանջի ստորոտին։ Միմյանցից շուրջ 0,4 կմ հեռավորության վրա գտնվող թաղամասերից յուրաքանչյուրն ունի իր առանձին եկեղեցին և գերեզմանոցը։ Թե՛ տնատեղերի քանակով (շուրջ 30) և թե՛ գերեզմանոցի ընդարձակությամբ և կանգուն եկեղեցով առանձնանում է գյուղատեղիի մեծ կամ արևելյան թաղամասը։ Այն ծովի մակարդակից ունի 970 մետր միջին բարձրություն։ Գյուղատեղիի տարածքում նկաելի են հազիվ նշմարվող շուրջ 30 տնատեղերի հետքեր՝ լցված հողով ու պատված փարթամ բուսականությամբ։

Եկեղեցին միանավ թաղածածկ հորինվածքով պարզ շինություն է՝ կառուցված անմշակ տեղական քարով, կրաշաղախով (արտաքին չափերն են՝ 8,0 × 4,8 մետր, որմերի հաստությունը՝ 82 սմ)։ Երկթեք ծածկի տակ առնված կիսաշրջանաձև թաղը կրող սրբատաշ թաղակիր կամարը ներքուստ հենված է մեկ զույգ ամբարձակավոր հենարանին։ Լուսավորությունն իրականացված է արևելյան և արևմտյան ճակատներից բացված դեպի ներս լայնացող մեկական լուսամուտով, որոնցից արևմտյանն ունի բաց գույնի միակտոր քարից կերտված պարզ շրջանակ։ Խորանում առկա են զույգ խորհրդարանններ։ Ունեցել է երկու մուտք՝ բացված հարավային և արևմտյան ճակատներից, բայց, ինչպես երևում է, այս վերջինը փակվել է շինարարության ավարտից հետո։

Խիտ թաղումներով գերեզմանոցը տարածված է եկեղեցուց շուրջ 100 մետր հյուսիս՝ բլրաճյուղի փոքրիկ բարձրության վրա և պարունակում է շուրջ 60 անմշակ սալատապաններ, ուղղանկյունաձև մշակված մի քանի տապանաքարեր, որոնց թվում կան նաև պատկերաքանդակվածներ։ Վերջիններից առանձնանում է մեկը, որի վրա ձեռքերը կրծքին խաչած մարդու ուրվաքանդակից զատ, առկա են նաև հեծյալի, կժի, դանակի, սազի քանդակներ։

Հնավայրում կան նաև պատվանդաններից թափուր՝ տեղահան 5-6 խաչքարեր և խաչքարաբեկորներ։ Պահպանված արձանագրությունները երկու խաչքարերի վրա են։

Աղեգի գյուղատեղիի փոքր կամ վերին թաղը գտնվում է նախորդից 0,5 կմ հարավ-արևմուտք՝ շուրջ 120 մետր բարձրության վրա։ Այստեղ նկատելի են նույն վիճակում գտնվող մոտ 20 տնատեղեր։ Այս թաղը ևս ունեցել է իր առանձին եկեղեցին, որը գրեթե կրկնում է գյուղատեղիի մեծ թաղում գտնվող եկեղեցու հորինվածքը (միակ տարբերությունն այն է, որ այստեղ մուտքը բացված է միայն արևմտյան ճակատից), սակայն ունի ավելի փոքր չափեր (6,35 ×4,45 մետր, որմի հաստությունը՝ 72 սմ)։

Խիտ թաղումներով գերեզմանոցը տարածվում է եկեղեցու ավերակից փոքր-ինչ հարավ-արևմուտք՝ ավելի բարձր դիրքում (ծովի մակարդակից 1012 մետր)։ Տեղում պահպանվել են շուրջ 30 անմշակ սալատապաններ և ԺԶ-ԺԷ (XVI-XVII) դարերին բնորոշ ոճական և գեղարվեստական հարդարանքով տեղահան մի քանի խաչքարեր։ Դրանցից մեկի վրա նշմարվում է թվակիր աձանագրության մնացորդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մհեր Վարդանյան. «Սահմանամերձ Ջիլիզայի պատմական անցյալը աշխարհին կներկայացնենք զբոսաշրջիկների միջոցով»». Hetq.am. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, Ջիլիզայի պատմական հուշարձանները, էջ 9-15