Jump to content

Ակունք (ազգագրական համույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակունք
Հայաստանի Ակունք ազգագրական համույթի համերգը, 2024թ․
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերազգագրություն
Գործունեություն1974
Կայքfolkmusicdance.am
 Akunk folk ensemble Վիքիպահեստում

«Ակունք» ազգագրական համույթ»՝ ձևավորված 1974 թվականին։

«Ակունք» ազգագրական համույթ» ստեղծվել է 1974 թվականին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։ Խմբում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1977 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ խմբի առաջին պաշտոնական ելույթը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին խումբը հրավիրվում է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունենում։ 1981 թվականին այն պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ Սկսվում են նկարահանումները և ձայնագրությունները։ Մոսկվան, ի դեմս կենտրոնական հեռուստատեսության, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրում է նրան հաղորդաշարերի, նրա մասնակցությամբ նկարահանում վավերագրական ֆիլմեր։ Համույթի երգացանկի հիման վրա և նրա մասնակցությամբ նկարահանվում են «Երգի ակունքներում», «Տարոն Աշխարհ» և «Երգի վերադարձը» երաժշտական ֆիլմերը։ Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանանում է մրցանակի։ Սկսվում են ակտիվ համերգային շրջագայությունները։ Խումբը հրավիրվում է բազմաթիվ երկրներ Խորհրդային Միության տարածքով մեկ, նաև՝ արտասահմանյան երկրներ՝ ամենուրեք հնչեցնելով հայ երգը (1979 թ.-Էստոնիա, 1981 թ.- Արևմտյան Գերմանիա, 1982 թ. – Ալմա-Աթա, 1982 թ. – Կիև, 1983 թ. -Մոսկվա, 1984 թ. – Ռոստով, 1987 թ. – ԱՄՆ և Կանադա, 1988 թ. – Վրաստան, 1988 թ. – Մոսկվա, 1991 թ. -Իտալիա, 1996 թ. – Սիցիլիա, 2000 թ. – Թուրքմենստան, 2001 թ. – Հնդկաստան, 2002 թ. – Բելգիա, Գերմանիա, 2009 թ. – Սիրիա, Թուրքիա, 2010 թ., 2011 թ. – Արևմտյան Հայաստան /Թուրքիա/) 2017թ.- Եգիպտոս,2022թ. - Մոսկվա, 2023թ.- Սանկտ-Պետերբուրգ, Սոչի։

Արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հիմնած «Ներսես Մեծ» հիմնադրամի միջոցով համույթն իրականացրել է երեք խոշոր ներկայացումներ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմերում՝ «Սուրբ Կարապետ», «Վարագա սուրբ խաչ», «Կարոս խաչ»։ Հետագայում նաև նկարահանվել է «Սուրբ Կարապետ» երաժշտական ֆիլմը՝ «Ակունք»-ի մասնակցությամբ[1]։

Խմբի ծրագրերում ընդգրկված են Պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ, որոնք ներկայացնում են ամենատարբեր ժամանակաշրջանները՝ սկսած հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը։

2007 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ակունք»-ն արժանացել է «Տարվա լավագույն ազգագրական համույթ» մրցանակին։

2016 թվականին համույթն ստացել է պետական կարգավիճակ՝ հավատարմորեն իրականացնելով հայ ազգային երաժշտական ու ծիսական մշակութային արժեքավոր ավանդույթները պահպանողի ու զարգացնողի առաքելությունը, իսկ համույթի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ով առաջին երկու տարում «Ակունք»-ին սովորեցրեց 150-ից ավելի նոր երգեր, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, բայց դեռևս չհնչած երգերը։ Այսպիսով, համույթի երգացանկը համալրվելով, փաստորեն ներառել է Արևելյան և Արևմտյան պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջանների երգերը՝ հարսանեկան, տոների (Ծաղկի տոն, Ամանոր, Վարդավառ, Բարեկենդան), աշխատանքային (սանդի, խնոցու, իլիկ մանելու, ճախարակի, հացի արարման բոլոր փուլերի և այլն) երգեր, օրորոցայիններ, կատակերգեր, մանկական երգեր, սիրերգեր, պարերգեր, էպոսի, պատմական, հայրենասիրական, քնարական երգեր և այլն[1]։

Այսօր էլ ավագ, միջին և երիտասարդ սերնդի շուրջ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներ համույթի կազմում շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը՝ արթուն պահելով նրա «հայ մնալ ու հայ ապրել» հորդոր-խնդրանքը։

2023 թվականին համույթը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։ Համույթի երաժշտական ղեկավարն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը[1]։

2024 թվականին համույթը հանդիսատեսին է ներկայացրել «Չլսված Կոմիտաս» համերգը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին, որտեղ ներկայացրել է Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ և շուրջ 40 համերգով հանդես է եկել ՀՀ մի շարք մարզերում։ Նույն թվականի աշնանը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում համույթը ներկայացել է «50 տարի հայկական ակունքներում» համերգով՝ նվիրված համույթի ձևավորման 50-ամյակին։

  • «Տարվա լավագույն ազգագրական համույթ», Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, 2007 թվական

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Zarkfoundation - Հայաստանի Ակունք ազգագրական համույթ». zarkfoundation.com.