Ալեքսանդրա Գոնչարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Նիկոլաևնա Գոնչարովա
Դիմանկար
Ծնվել է1811
Մահացել է1891
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ավստրիական կայսրություն և  Ցիսլեյտանիա
Ամուսին1852 թվականից բարոն Գուստավ-Վիկտոր Ֆոգել ֆոն Ֆրիզենգոֆ
(1807—1889)
Ծնողներհայր՝ Նիկոլայ Աֆանասևիչ Գոնչարով (1787—1861), մայր՝ Նատալյա Իվանովա Գոնչարովա (1785—1848)
Երեխաներդուստր Նատալյա (1854—1937)
 Alexandra Goncharova Վիքիպահեստում

Ալեքսանդրա Նիկոլաևնա Գոնչարովա (ռուս.՝ Алекса́ндра Никола́евна Гончаро́ва, 1811[1][2][3] - 1891[1][2][3]), ամուսնությունից հետո՝ բարոնուհի Ֆոգել ֆոն Ֆրիզենգոֆ, ֆրեյլինա, Նատալյա Նիկոլաևնա Պուշկինի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրան՝ Նիկոլայ Աֆանասևիչ և Նատալյա Իվանովնա Գոնչարովաների միջնեկ դուստրը, ծնվել է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող իշխանուհի Բարյատինսկայայի դաստակերտում։ Նա, ինչպես և Գոնչարովի բոլոր երեխաները (նրանք վեցն էին՝ երեք տղա, երեք աղջիկ), ստացել է տնային լավ կրթություն։ Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է Մոսկվայում և Յարոպոլեցի ու Պոլոտնյանի Զավոդ կալվածքներում[4]։

1814 թվականից հայրը լուրջ հիվանդ էր. ընտանեկան գործերով զբաղվել է տիրական, ծանր բնավորությամբ մայրը։ 1831 թվականի գարնանը Ալեքսանդրայի ձեռքը խնդրել է հարևան կալվածքի կալուգացի կալվածատեր Ալեքսանդր Յուրևիչ Պոլիվանովը (խնամախոսության մեջ ընդգրկվել էր նաև Պուշկինը, հավանաբար՝ կնոջ պնդմամբ), սակայն մայրը անհայտ պատճառներով համաձայնություն չի տվել այդ ամուսնությանը (որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ դեր է խաղացել Պոլիվանովի եղբոր մասնակցությունը դեկաբրիստների գործին)[5]։

Կրտսեր քրոջ՝ Նատալյայի ամուսնությունից և ամուսնու հետ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց հետո Ալքսանդրային և նրա քրոջը՝ Եկատերինային, ուղարկել են Պոլոտնյանի Զավոդ, որտեղ նրանք անցկացրել են երեք տարի։ Գյուղում աղջիկները իրենք իրենց հույսին էին. մայրը, որ ապրում էր Յարոպոլցում, հազվադեպ է եկել Պոլոտնյանի Զավոդ, և դատելով հարազատների նամակագրությունից՝ նրա և դուստրերի միջև հարաբերությունները լարված են եղել։ Պապը՝ Աֆանասի Նիկոլաևիչը, ով ապրում էր Գոնչարովների երբեմնի միլիոնանոց կարողության մնացորդներով, չէր ցանկանում «փողերը ծախսել ազնվազարմ օրիորդների վրա»[6]։ Ալեքսանդրայի և Եկատերինայի միակ զբաղմունքը ձիարշավն էր (կալվածքում կար ձիաբուծարան և ձիարշավարան) և ընթերցանությունը։ Ալեքսանդրան զբաղվում էր նաև երաժշտությամբ, նվագում էր դաշնամուր, և եղբայրը՝ Իվանը, որը կիսում էր քրոջ այդ նախասիրությունը, Պետերբուրգից նրան ուղարկել է «նոտաների մեծ փաթեթներ»[7]։

Հարազատներին ուղղված նամակներում քույրերը դժգոհում էին ընտանիքի անտարբերությունից. ժամանակն անցնում էր, իսկ նրա հետ հեռանում էին աղջիկների՝ իրենց կյանքը դասավորելու հույսերը։ Պապի մահից հետո (1832), երբ գոնչարովյան մայորատի գլուխ է կանգնել նրանց եղբայրը՝ Դմիտրին, Ալեքսանդրայի և Եկատերինայի համար ոչինչ չի փոխվել։ Նախկինի պես նրանք ապրում էին գյուղում։ Փոքր քույրը պատրաստվում էր 1833 թվականի ամռանը այցելել նրանց, սակայն երկրորդ ծննդաբերությունից հետո երկար ժամանակ հիվանդ էր և Կալուգյան գյուղ գնալը չի կայացել[8]։ 1834 թվականի ամռանը Նատալյա Նիկոլաևնան այնուամենայնիվ եկել, և ինչպես արդեն որոշված էր, քույրերին իր հետ տարել է Պետերբուրգ[9]։

Սանկտ Պետերբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ն. Գոնչարովա: 1820-ականների վերջ — 1830-ականների սկիզբ

Նատալյա Նիկոլաևնան համոզել է ամուսնուն (սկզբում նա հավանություն չէր տալիս աղջիկների՝ Պետերբուրգ տեղափոխվելու գաղափարին) ընդունել իր քույրերին։ Պուշկինն ինքն էլ էր հասկանում՝ ինչ ծանր վիճակում էին նրանք։ Ալեքսանդրան և Եկատերինան տեղավորվել են Պուշկինների մոտ և սկսել դուրս գալ բարձրաշխարհիկ միջավայր։ Իրենց եղբայր Դմիտրիի տված վճարներից նրանք մասնաբաժին էին տալու ուտելիքի և սենյակի համար։

Սկզբում ենթադրվում էր, որ նրանք երկուսն էլ կդառնան ֆրեյլինաներ։ 1834 թվականի ամռանը Պուշկինը գրել է կնոջը, որը գտնվում էր Պոլոտնյանի Զավոդում.

…Դու պատրաստակամորեն մտածում ես քույրերիդ՝ պալատում տեղավորելու մասին։ Առաջինը՝ հնարավոր է՝ մերժեն, իսկ երկրորդ՝ անգամ եթե վերցնեն, ապա մտածիր՝ ինչ զազրելի խոսակցություններ կշրջեն այս աղտոտված Պետերբուրգում։ <…> Իմ խորհուրդը քեզ և քույրերիդ. հեռու մնալ պալատից. այնտեղ քիչ օգտակար բան կա։ Դուք հարուստ չեք։ Մորաքրոջ (Եկատերինա Իվանովնա Զագրյաժսկայա) վրա այդքանդ թափվել չեք կարող[10]։

Տեղափոխվելուց հետո Եկատերինան շուտով մորաքույր Ե. Զագրյաժսկայայի ջանքերով ֆրեյլինյան շիֆր է ստացել, բայց ի հակառակ սովորույթի՝ չի տեղափոխվել պալատ, այլ շարունակել է ապրել փոքր քրոջ մոտ[11]։ Երկար ժամանակ համարվել է, որ Ալեքսանդրան խուսափել է բարձրաշխարհիկ կյանքից և Պետերբուրգում իր վրա էր վերցրել Պուշկինների տնտեսության վարումը։ Համաձայն Վյազեմսկայայի պատմածների, որոնք գրի է առել Բարտենևը՝ «տնտեսությամբ և երեխաներով պետք է զբաղվեր» Ալեքսանդրան։ Սրա անուղղակի հաստատումը մեկնաբանները տեսնում են 1836 թվականի մայիսի 27-ին Նաշչոկինին գրած Պուշկինի նամակում, որում պատմվում էր նրա որդի «Սաշկայի» հետ կատարված դեպքը. «Նրան արգելում են (չգիտեմ՝ ինչու) խնդրել այն, ինչ ինքն է ուզում։ Մի քանի օր առաջ նա ասում էր իր մորաքրոջը. “Ազյա՛ [Ալեքսանդրայի տնային անունը], ինձ թեյ տուր։ Ես չեմ խնդրելու”»: Սակայն Գոնչարովա քույրերի՝ 1834—1837 թվականների նամակները վկայում են, որ նա տնակյաց չի եղել և եթե փոքր քրոջ հետ ունեցած մտերմության շնորհիվ մեծ մասնակցություն է ունեցել նրա ընտանիքի գործերին, ապա ոչ այնքան, որ տանտիրուհու դիրք գրավի[12]։

Պետերբուրգում Ալեքսանդրա Նիկոլաևնան ծանոթացել է Ալեքսանդրա Սմիրնովայի եղբոր՝ Արկադի Ռոսսետի հետ և հրապուրվել նրանով։ 1836 թվականի հոկտեմբերին՝ պետերբուրգյան նոր շրջափուլից առաջ, Սոֆյա Կարամզինան գրել է.

…Վերսկսվեցին մեր երեկույթները, որոնցում առաջին իսկ օրից իրենց սովորական տեղերը գրավեցին Նատալյա Պուշկինան և Դանտեսը, Եկատերինա Գոնչարովան և Ալեքսանդրինան՝ Արկադիի հետ[13]։

Դատելով այդ նամակից՝ Ռոսսետի սիրահետումը հավանաբար սկսվել է 1836 թվականից առաջ։ Ալեքսանդրայի կողմից, ըստ երևույթին, լուրջ հրապուրանք է եղել, սակայն ամուսնությունը չի կայացել. Ռոսսետն աղքատ էր, իսկ հետագա ողբերգության և այրիացած քրոջ հետ Գոնչարովայի՝ գյուղ մեկնելը պատճառ դարձան, և հարաբերությունները դադարեցին[14]։ Ալեքսանդրան աչքի էր ընկնում բարձր հասակով։ Իր կազմվածքով նման էր Նատալյա Նիկոլաևնային, բայց նրա դիմագծերը, ի տարբերություն գեղեցկուհի քրոջ թավշյա գունատության, մի ինչ-որ դեղնավուն երանգ ունեին։ Նատալյայի թեթևակի շլությունը (բանաստեղծը նրան անվանում էր «իմ շիլ մադոննա»), որը հմայք էր տալիս նրա խոհուն հայացքին, Ալեքսանդրայի մոտ վերածվում է շեղ հայացքի՝ ամենևին չգեղեցկացնելով աղջկան։ Նրա ազգականուհի Ալեքսանդրա Արապովայի հաղորդմամբ՝

…երկու քույրերին իրար կողքի տեսած մարդիկ գտնում էին, որ հատկապես այդ դավաճանական նմանությունն էր Ալեքսանդրա Նիկոլաևնային ակնհայտ վնասել:

Նիկոլայ Ռաևսկին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եղել էր Ֆրիզենգոֆների Բրոդզյանի ամրոցում, տեսել Ալեքսանդրա Նիկոլաևնայի՝ այնտեղ պահվող դիմանկարները և եկել էր այն եզրակացության, որ «երիտասարդ տարիներին նա այնքան տգեղ չէր, ինչքան սովորաբար կարծում են...»:

Ալեքսանդրա Գոնչարովա և Պուշկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինագիտության մեջ միասնական կարծիք չկա Պուշկինի նկատմամբ Ալեքսանդրա Նիկոլաևնայի վերաբերմունքի մասին։ Երկար ժամանակ կարծում էին, որ Գոնչարովա քույրերի միջնեկը սիրահարված է եղել բանաստեղծին և նույնիսկ կապ է ունեցել նրա հետ։ Կարծիքը կազմվել է ժամանակակիցների՝ Դանտեսի մտերիմ և ծանոթ իշխան Ալեքսանդր Տրուբեցկոյի, ինչպես նաև Բարտենևի վերապատմած՝ Վյազեմսկայայի պատմածների ազդեցության տակ։ Բայց այդ անձինք միայն փոխանցել են Պոլետիկայի խոսքերը, որին, իբրև թե, խոստովանել էր ինքը՝ Ալեքսանդրա Նիկոլաևնան, ինչը Գոնչարովա քույրերի նամակների հրատարակիչներ Ի. Օբոդովսկայան և Մ. Դեմենտևը հնարավոր չեն համարում։ Ալեքսանդրան Պոլետիկայի հետ երբեք հատուկ մտերմություն չի ունեցել և, նրանց կարծիքով, չէր կարող նման «խոստովանություն» անել նրան[15]։

Իր հիշողություններում Արապովան կրկնել է այդ կապի մասին լուրերը։ Մատնանշելով դայակի վկայությունները՝ նա փոխանցում է պատմությունն այն մասին, որ մի անգամ Ալեքսանդրան կորցրել է խաչով վզնոցը, որը երբեք չէր հանում։ Ծառաները տակնուվրա են արել տունը և շղթան գտել Պուշկինի անկողնում։ Օբոդովսկայան և Դեմենտևը վճռականորեն մերժել են Ալեքսանդրայի՝ անգամ Պուշկինի սիրուհին լինելու հնարավորությունը։ Երկու քույրերի միջև մինչև Նատալյա Նիկոլաևնայի կյանքի վերջը տևած բարեկամությունը, որը, չնայած Նատալյայի երկրորդ ամուսնու՝ Լանսկոյի հետ ունեցած բարդ հարաբերություններին, Ալեքսանդրան ապրել է քրոջ նոր ընտանիքում, մինչև իր ամուսնությունը։ Ամեն ինչ խոսում է ի հակառակ այդ ենթադրության։ Արապովայի այն տեղեկությունը, թե Պուշկինը Ալեքսանդրա Նիկոլաևնային «չի թողել» հրաժեշտ տալ իրեն մահից առաջ, հերքվում է Դանզասի հուշագրությամբ. «Պուշկինը ցանկացավ տեսնել կնոջը, երեխաներին և իր քենի Ալեքսանդրա Գոնչարովային, որպեսզի նրանց հրաժեշտ տա»[16]։

Հայտնի է նաև Ալեքսանդրա Գոնչարովայի՝ Դանտեսին սիրահարված լինելու վարկածը։ Այն առաջ է քաշել պուշկինագետ Յաշինը։ Այդ մասին հիշատակվում է նաև Գոնչարովների միջնեկ քրոջ մասին Աննա Ախմատովայի հավաքած նյութերում։ Ապացույցը Ալեքսանդրա Նիկոլաևնայի նամակն էր, որտեղ նա, ինչպես կարծում են, անվանել է «օրինակելի երիտասարդ»։ Ֆրանսերեն բնօրինակը ուսումնասիրելուց հետո ստորակետ է հայտնաբերվել, որը բաց էր թողնվել թարգմանության ժամանակ. այդ բառերը վերաբերում էին այլ անձի։ Հայտնի է նաև Ալեքսանդրա Նիկոլաևնայի նամակը՝ ուղղված իր եղբայր Դմիտրիին՝ գրված բառացիորեն մենամարտի նախօրեին, որում նա բնութագրել է իր հարաբերությունները «քեռու և զարմիկների հետ» (նա այդպես էր անվանում Գեկկերնին և Դանտեսին)՝ որպես շատ սառը հարաբերություններ[17]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Ֆոգել ֆոն Ֆրիզենգոֆ
դուստր՝ Նատալյա

Պուշկինի զոհվելուց հետո Նատալյա Նիկոլաևնայի և նրա երեխաների հետ ապրել է Պոլոտնյանի Զավոդում։ 1838 թվականի աշնանը քրոջ հետ վերադարձել է Պետերբուրգ։ 1839 թվականի հունվարին Ե. Զագրյաժսկայայի հովանավորությամբ նա կայսրուհու ֆրեյլինա է կարգվել։

Գոնչարովա քույրերը բարեկամություն էին անում Ֆրիզենգոֆ ամուսինների հետ։ Նատալյա Իվանովնա Ֆրիզենգոֆը (1801—1850) մինչև ամուսնությունը կրել է Իվանովա ազգանունը և եղել է իրենց մորաքույր Սոֆյա Իվանովնա դե Մեստրի սանուհին։ Ըստ որոշ ենթադրությունների՝ Նատալյա Իվանովնան Ալեքսանդր Իվանովիչ Զագրյաժսկու[18] ապօրինի դուստրն է եղել։ Եթե դա իրոք այդպես է, ապա նա Գոնչարովների քեռու դուստրն է եղել։ 1841 թվականին Ֆրիզենգոֆներն այցելել են Պուշկինի ընտանիքին (Միխայլովսկո)։ 1839 թվականից Գուստավ Ֆրիզենգոֆը ծառայել է Պետերբուրգում՝ ավստրիական դեսպանատանը։ 1841 թվականին նա հետ է կանչվել Վիեննա։ 1850 թվականին Ֆրիզենգոֆները վերադարձել են Ռուսաստան։ Նույն թվականի աշնանը Նատալյա Իվանովնան հիվանդացել է և մահացել։ Վերջին օրերին նրան խնամել է Ալեքսանդրա Նիկոլաևնան։

Հավանաբար 1851 թվականի ձմռան վերջին Ֆրիզենգոֆն առաջարկություն է արել Ալեքսանդրա Նիկոլաևնային։ Հարսանիքը տեղի է ունեցել 1852 թվականի ապրիլի 6-ին կամ 18-ին. երջանիկ ամուսնություն էր։ Ֆրիզենգոֆները ապրել են Վիեննայում կամ Բրոդզյանիում։ Ըստ երևույթին՝ Ալեքսանդրա Նիկոլաևնան այլևս չի եկել հայրենիք, բայց կապ է պահպանել Ռուսաստանում գտնվող իր հարազատների և բարեկամների հետ։ Ամուսիններին այցելել են Ալեքսանդրա Նիկոլաևնայի ազգականները, այդ թվում՝ նրա քույր Նատալյա Նիկոլաևնան։ Ալեքսանդրա Նիկոլաևնան թաղված է Բրոդզյանիում։

Ալեքսանդրա Նիկոլաևնան հուշագրություններ չի թողել։ Մահից առաջ նա ոչնչացրել է իր անձնական թղթերի մեծ մասը, իսկ հետագայում նրա խնդրանքով դուստրը վառել է մնացածը։ Պետերբուրգյան իրադարձությունների մասին Ալեքսանդրա Նիկոլաևնայի թողած միակ գրառումը հայտնի է Գուստավ Ֆրիզենգոֆին գրած նամակից, որը գրվել է նրա ցուցումով 1887 թվականին (այդ ժամանակ նա արդեն կաթվածահար էր եղել)։ Նամակը ուղղված էր իր ազգականուհի Ա. Արապովային, որը նյութ էր հավաքում իր մոր մասին գրքի համար։ Այն զրույցներ է ընդգրկում Պուշկինի վերջին մենամարտին և մահվանը նախորդող իրադարձությունների մասին։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուստրը՝ Նատալյա Գուստավովնան (27.03.1854—1937), ծնվել է Վիեննայում։ Եղել է կոմսուհի Ե. Մ. Ֆրոլովա–Բագրեևայի[19] սանուհին։ Ամուսնացած է եղել (մորգանատիկական ամուսնություն) դուքս Անտուան–Գոտյե–Ֆրեդերիկ–Էլիմար Օլդենբուրգսկու հետ (1844—1896)[20]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. 3,0 3,1 3,2 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Ободовская, Дементьев, 1980, էջ 346
  5. Ободовская, Дементьев, 1980, էջ 185—186
  6. Ободовская, Дементьев, 2010, էջ 105—106
  7. Ободовская, Дементьев, 2010, էջ 106, 151
  8. Ободовская, Дементьев, 2010, էջ 108—109
  9. Ободовская, Дементьев, 1980, էջ 186
  10. Ободовская, Дементьев, 2010, էջ 110
  11. Ободовская, Дементьев, 2010, էջ 132
  12. Ободовская, Дементьев, 1980, էջ 187
  13. Ободовская, Дементьев, 1980, էջ 197
  14. Ободовская, Дементьев, 2010, էջ 197—199
  15. Ободовская, Дементьев, 1980, էջ 188—189
  16. Ободовская, Дементьев, 1980, էջ 188, 194
  17. Ободовская, Дементьев, 1980, էջ 195—197
  18. На надгробии Натальи Ивановны в Александро-Невской лавре значится: «урождённая Загряжская» И. Ободовская, М. Дементьев. После смерти Пушкина. — М.: Советская Россия, 1980, С. 211
  19. ЦГИА. Ф.19. О.123. Д.10. С. 56.
  20. Раевский, с. 15.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ободовская И., Дементьев М. После смерти Пушкина. Неизвестные письма / ред. и автор вступ. статьи Д. Д. Благой. — М. : Советская Россия, 1980. — 384 с.
  • Ободовская И., Дементьев М. Сёстры Гончаровы. Которая из трёх? — 2-е изд. — Ростов-на-Дону : Феникс, 2010. — 288 с. — (Музы Пушкина). — ISBN 978-5-9265-0761-1.
  • Раевский Н. А. Избранное. — М. : Художественная литература, 1978.