Ազարիա Ջուղայեցի (տոմարագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազարիա Ջուղայեցի (այլ կիրառումներ)
Ազարիա Ջուղայեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Ջուղա |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | գիտնական |
Ազարիա Ջուղայեցի, (16-րդ դար), հայ տոմարագետ, Երիջանի որդին։ Ապրել և գործել է Ջուղայում։ Կազմել է «Ազարիայի կամ Ջուղայեցիների տոմար» անունով հայտնի նոր օրացույց, որտեղ հիմնականում պահպանված էր հայկական նախկին օրացույցի սկզբունքը, տարին անշարժ էր, ուներ 12 ամիս՝ 30-ական օրով, ու հավելյալ ամիս՝ 3 օրով։ Նահանջ տարիներին 12-րդ ամիսն ունենում էր 31 օր։ Ազարիա Ջուղայեցու տոմարով տարեսկիզբն օգոստոսի 11-ից տեղափոխված էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը։ Ամիսների անունները մեծ մասամբ արաբական էին, որոնք հետագայում Ազարիա Ջուղայեցին փորձել է փոխարինել հայկականով։ Ջուղայեցիների թվականն ստանալու համար մեր թվականից պետք է հանել 1615՝ մարտի 21֊ից մինչև հունվարի 1֊ը, և 1616՝ հունվարի 1-ից մինչև մարտի 21-ը ժամանակամիջոցների համար[1]։
Ազարիայի տոմարը գործածվել է Նոր Ջուղայի և Հնդկաստանի հայկական գաղութներում[1]։
Ազարիա Ջուղայեցու «Պատճէն Տօմարին Ազարիայի» տոմարագիտական երկը տպագրվել է 1685 թվականին Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում՝ «Գիրգ տօմարաց Հայոց, Ազարիայի, և Հռոմայեցւոց․․․»֊ի մեջ (320 էջ, 8 x 5,5 սմ, էջ 22-39)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 28, էջեր 28 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անասյան Հ․, Հայկական մատենագրություն, հատոր 1-ին, Երևան, 1959, էջ 272-276, 1177-1186
- Թումանյան Բ․, Հայ աստղագիտության պատմություն, [գիրք 1], Երևան, 1964