Ագնես Մակֆեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագնես Մակֆեյլ
Agnes Macphail - PA-165870.jpg
 
Կուսակցություն՝ Co-operative Commonwealth Federation? և Կանադայի առաջադիմական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 24, 1890(1890-03-24)[1]
Ծննդավայր Դանդոլկ, Օնտարիո, Գրեյ կոմսություն, Օնտարիո, Կանադա
Վախճանի օր փետրվարի 13, 1954(1954-02-13)[2][1] (63 տարեկան)
Վախճանի վայր Տորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Flag of Canada (1921–1957).svg Կանադա
 
Կայք՝ Agnes Macphail

Ագնես Մակֆեյլ (անգլ.՝ Agnes MacPhail, մարտի 24, 1890(1890-03-24)[1], Դանդոլկ, Օնտարիո, Գրեյ կոմսություն, Օնտարիո, Կանադա - փետրվարի 13, 1954(1954-02-13)[2][1], Տորոնտո, Կանադա), կանադացի պետական գործիչ։ Կանադայի համայնքների պալատում ընտրված առաջին կինն է, Օնտարիոյի օրենսդիր ժողովում առաջին երկու կանանցից մեկը և Ազգերի լիգայի Կանադայի պատվիրակության առաջին կին ներկայացուցիչը, պացիֆիստ, Կանադայում կանանց հավասարության պայքարի և կանադական ուղղիչ հիմնարկների բարեփոխումներ նախաձեռնող անձ։ 1985 թվականին Ագնես Մակֆեյլը ճանաչվել է Կանադայում ազգային պատմական կարևորություն ունեցող անձ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես Մակֆեյլը ծնվել է 1890 թվականին Գրեյ կոմսության Պրոտոն թաունշիփում (հարավարևելյան Օնտարիո)[3]՝ ֆերմերներ Դուգալդ Մակֆեյլի և Հենրիետա Քեմբելի ընտանիքում (Թեև նրա ազգանունը արտասանվում էր "McPhail", Շոտլանդիա կատարած ուղևորության ժամանակ Ագնեսը բացահայտել էր, որ իր ազգանունը եղել է "Macphail", ուստի փոխել և վերականգնել է իր բնօրինակ ազգանունը)։ Երբ Ագնեսը 12 տարեկան էր, ընտանիքը ցածր ու խոնավ բնակավայրից տեղափոխվել է նույն կոմսության Սիլոն գյուղին հարակից աղյուսից կառուցված ագարակ[4]։

14 տարեկանում Ագնեսը հաջողությամբ հանձնել է ավագ դասարանների ընդունելության քննությունները, սակայն նրա ծնողները ցանկացել են, որ աղջիկն օգնի իրենց վարելու ֆերմերային տնտեսությունը, և միայն երկու տարի հետո են համաձայնել, որ Ագնեսը շարունակի ուսումը։ 1906 թվականին Ագնեսը սովորել է Օուեն Սաունդի ավագ դպրոցում, 1908-1910 թվականներին՝ Ստրատֆորդի սովորական դպրոցում (մանկավարժական ուսումնարան), որն ավարտելուց հետո դասավանդել է Օնտարիոյի և Ալբերտայի դպրոցներում[3]։ Քաղաքական գործունեությունը սկսել է, երբ աշխատում էր Կինլոսի (Օնտարիո) դպրոցում՝ մասնակցելով տեղական ֆերմերների հանդիպմանը[5]։

Շարոնի գյուղի դպրոցում աշխատելու տարիներին Մակֆեյլը տեղական կոոպերատիվ շարժման մեջ ծավալել է հասարակական գործունեություն և միացել է «Օնտարիոյի միացյալ ֆերմերներ» կուսակցությանը[3]։ Եղել է Farmers' Sun թերթի սյունակագիր[6]։ 1919 թվականին նրա կուսակցությունը վստահորեն հաղթեց Օնտարիոյի նահանգային ընտրություններում, իսկ երկու տարի անց՝ 1921 թվականին, Մակֆեյլը դարձավ Գրեյ կոմսության հարավարևելքի Համայնքների ֆեդերալ պալատի թեկնածու (Կանադայի խորհրդարան կանանց ընտրվելու իրավունքը օրինականացվել է 1919 թվականին, իսկ 1921 թվականի ընտրություններում ընդգրկված էին չորս կին թեկնածուներ[7]): Ընտրություններում Մակֆեյլը ներկայացրեց Կանադայի առաջադիմական կուսակցությունը, որի հետ այդ ժամանակ միավորվել էին Օնտարիոյի միավորված ֆերմերները[3]։ Չնայած կին թեկնածուի առաջադրման կուսակցության մտահոգություններին, Մակֆեյլը հաղթեց ընտրություններում և դարձավ Կանադայի համայնքների պալատում ընտրված առաջին կինը։ Մինչև 1940 թվականը եղել է խորհրդարանի անդամ[6]։

Համայնքների պալատի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանում Մակֆեյլը հանդես է եկել որպես ֆերմերների իրավունքների պաշտպան[7], ինչպես նաև տարբեր ճնշված խմբերի և փոքրամասնությունների, այդ թվում՝ կանանց, Նոր Շոտլանդիայի հանքագործների, ներգաղթածների և բանտարկյալների իրավունքների պաշտպան։ Մարդու իրավունքների նրա դիրքորոշումը քննադատները մեկնաբանում են տարբեր պատճառներով` «կանացի բարությունից» մինչև կոմունիստական գաղափարների և պետական դավաճանություն։ 1924 թվականին Մակֆեյլը և Առաջադիմական կուսակցության նրա համախոհները կուսակցության ներսում ձևավորեցին ֆրակցիա, որը հայտնի էր որպես Իմբիրային խումբ։ 1930-ական թվականներին այս խումբը միացվեց սոցիալիստական և բանվորական կուսակցություններին և, ի վերջո, նրանց հետ միասին միաձուլվեց Համագործակցային ընկերակցության ֆեդերացիային, որի ծրագիրն առաջարկում էր ազգայնացնել խոշոր ձեռնարկությունները և Կանադան զարգացնել որպես սոցիալական պետություն։ Մակֆեյլը ֆեդերացիայի հիմնադիրներից էր, բայց երբ 1934 թվականին Օնտարիոյի միավորված ֆերմերները դուրս եկան ֆեդերացիայից, նա հետևեց սեփական կուսակցությանը[3]։

Կանանց իրավունքների համար պայքարում Մակֆեյլը հիմնադրել է Էլիզաբեթ Ֆրայի միությունը, որի առաքելությունը կանանց պաշտպանելն էր։ Նա նաև աջակցել է Քվեբեկի կանանց ընտրական իրավունքի համար պայքարին և Կանադայի Գերագույն դատարանում Հայտնի հնգյակի միջնորդությանը, որի արդյունքում կանայք Սենատում նստելու իրավունք ստացան։ Մակֆեյլն ակտիվ հակապատերազմական դիրքորոշում է ունեցել, դեմ է արտահայտվել ռազմական կարիքների հատկացումներին, ռազմական դպրոցներին (ներառյալ Կանադայի թագավորական ռազմական քոլեջը) և ռազմական ու կայսերական պատմության փառքին[3]։

Կանադական բանտերում գտնվող բանտարկյալների իրավիճակի վրա առաջին անգամ ուշադրություն է դարձրել 1923 թվականին, երբ Քինգսթոնի բանտում բանտարկյալները խռովություն են բարձրացրել, որից հետո Մակֆեյլն այցելել է նրանց, անձամբ ծանոթացել պատիժը կրողների պայմաններին և 1925 թվականին մեկնարկել է Կանադայի ուղղիչ համակարգի բարեփոխման քարոզարշավը։ Նա կոչ է արել բանտարկյալներին աշխատելու հնարավորություն տալ, կրթական դասընթացներ կազմակերպել անգրագետների համար, ավելացնել զբոսանքի և սպորտային գործունեության ժամանակը, ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում ունենալ դիպլոմավորված հոգեբաններ, բժիշկներ։ Մակֆեյլը նաև կողմ էր մահապատժի կիրառման կրճատմանը և դա սոցիալական պաշտպանության այլ տեսակներով փոխարինելուն[8]։ Սկզբում նրա նախաձեռնությունը լայն աջակցություն չի ստացել և վերջապես արգելվել է Կանադայի պրոգրեսիվ պահպանողական կուսակցության կողմից։ Այնուամենայնիվ, 1935 թվականին ազատական կառավարության ձևավորումից հետո Կանադայում գործող պատժի համակարգի ուսումնասիրության համար ստեղծվեց հանձնաժողով, որը 1939 թվականին կազմեց զեկույց, որը ներառում էր 88 առաջարկություն համակարգը բարեփոխելու համար։ Այս առաջարկությունները սկսվել են կիրառվել 1945 թվականից[3]։

Որպես համայնքների պալատի անդամ Մակֆեյլը տարբեր ժամանակներում ընդգրկված է եղել գյուղատնտեսության և գաղութացման, հանքարդյունաբերության, անտառների և ջրերի, բանկային և առևտրային, երկաթուղային, հաղորդակցման, արդյունաբերության և միջազգային հարաբերությունների հանձնաժողովներում[9]։ 1929 թվականին Մակֆեյլը եղել է Ազգերի լիգայում Կանադան ներկայացնող առաջին կինը։ Նրան տեղ են առաջարկել կանանց և երեխաների առողջության և բարեկեցության հարցերով հանձնաժողովում, սակայն հավատարիմ մնալով համոզմունքներին՝ պնդել է, որ իրեն չընդգրկեն զինաթափման հանձնաժողովում։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ տեսակետները չխանգարեցին Մակֆեյլին 1939 թվականին աջակցելու Կանադայի նացիստական գերմանիայի դեմ պատերազմին միանալուն, քանի որ, ըստ նրա, «ավելի սարսափելի էր Հիտլերին դիմակայելը, քան պայքարելը»[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stewart, Margaret; Shackelton, Doris French (1959). Ask no quarter; a biography of Agnes Macphail. Toronto: Longmans,Green.[permanent dead link]
  • Young, Walter D. (1969). The Anatomy of a Party: The National CCF, 1932–61. Toronto: University of Toronto Press. ISBN 0-8020-5221-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Պառլամենտի գրադարան
  2. 2,0 2,1 2,2 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Tabitha Marshall. (April 1, 2008)։ «Agnes Macphail»։ The Canadian Encyclopedia։ Վերցված է 2017-11-21 
  4. «At Home»։ The Agnes MacPhail Website։ Grey Highlands Public Library։ Վերցված է 2017-11-21 
  5. «School and Teaching»։ The Agnes MacPhail Website։ Grey Highlands Public Library։ Վերցված է 2017-11-21 
  6. 6,0 6,1 «Agnes Campbell Macphail»։ Library and Archives Canada։ Վերցված է 2017-11-21 
  7. 7,0 7,1 «This Week in History: Canada's First Female MP»։ Parks Canada։ March 22, 2004։ Վերցված է 2017-11-21 
  8. «Prison Reform»։ The Agnes MacPhail Website։ Grey Highlands Public Library։ Վերցված է 2017-11-21 
  9. «Agnes Campbell Macphail»։ PARLINFO։ Parliament of Canada։ Վերցված է 2017-11-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]