Աբու Յուսուֆ
Աբու Յուսուֆ արաբ․՝ أبو يوسف | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 731[1] |
Ծննդավայր | ալ-Քուֆա, Իրաք, Օմայյան խալիֆայություն |
Մահացել է | սեպտեմբերի 13, 798 |
Մահվան վայր | Բաղդադ, Իրաք, Աբբասյան խալիֆայություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | իսլամ և սուննի իսլամ |
Երկեր | «Հարկերի մատյանը» (Քիտար ալ-Խարաջ) |
Մասնագիտություն | կադի, mujtahid և փիլիսոփա |
Աշխատատու | ալ-Քուֆա և Բաղդադ |
Զբաղեցրած պաշտոններ | դատավոր |
Յակուբ իբն Իբրահիմ ալ-Անսարի ալ-Քուֆի Աբու Յուսուֆ, հայտնի է որպես Աբու Յուսուֆ (արաբ․՝ أبو يوسف الأنصاري, 731[1], ալ-Քուֆա, Իրաք, Օմայյան խալիֆայություն - սեպտեմբերի 13, 798, Բաղդադ, Իրաք, Աբբասյան խալիֆայություն), նշանավոր կրոնական իրավագետ, Հանիֆիական կրոնա-իրավագիտական դպրոցի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբու Յուսուֆը ծնվել է 731 թվականին։ Ուսանել է Քուֆայում ու Մադինայում։ Նրա ուսուցիչներն են եղել Աբու Հանիֆան, Մալիք իբն Անասը, ալ-Լայս իբն Սաադը։ Ապրել է Քուֆայում, այնուհետև դատավորի պաշտոն է ստանում Բաղդադում և մինչև իր կյանքի վերջ՝ 798 թվականը ապրել է Բաղդադում։ Ժամանակի ընթացքում դարձել է Հարուն ալ-Ռաշիդ խալիֆայի վստահելի անձանցից՝ այն աստիճան, որ իսլամի պատմության մեջ առաջին անգամ նրան շնորհվել է Դատավորաց դատավորի տիտղոսը։ Հարուն ալ-Ռաշիդը Աբու Յուսուֆի հետ խորհրդակցում էր ոչ միայն իսլամական իրավունքի, այլև ֆինանսական քաղաքականության և մի շարք այլ հարցերում, անգամ նրա հետ քննարկում էր խալիֆայության տարբեր մասերում դատավորների նշանակման հարցը[2]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբու Յուսուֆը եղել է մի շարք աշխատությունների հեղինակ, որոնք մեծ նշանակություն և ճանաչում են բերել նրան, սակայն, ցավոք դրանք մեզ չեն հասել։ Աբու Յուսուֆի հեղինակած աշխատությունները համարվում են Հանիֆիական իրավունքի հեղինակավոր աղբյուրներ։ Այդ աշխատություններն են ՝
- «Ադաբ Ալ-Քադի» - դատավորների վարքագծի կանոնների մասին։
- «Քիթաբ Ալ-Խիյալ» - իրավական հնարքների և իրավական մեխանիզմների մասին։ Գիրքը չի պահպանվել, մեզ հասել են միայն մի քանի մեջբերումներ՝ նրա աշակերտ աշ-Շայբանիի համանուն աշխատության մեջ։
- «Քիթաբ ար-ռադդ Ալյա Սիյար ալ-Ավզաի»-քննարկում է պատերազմի Իսլամական դոկտրինը հանաֆիական դպրոցի տեսանկյունից և քննադատում է Ալ-Ավզայի տեսակետները այս հարցի վերաբերյալ։
- «Իխտիլաֆ բայնա Աբի Հանիֆա վա-բնի Աբի Լայլա» - հավաքել Է Աբու Հանիֆայի և Իբն Աբու Լայլայի միջև իրավունքի տարբեր հարցերի շուրջ տարաձայնությունների բոլոր դեպքերը։
- «Քիթաբ ալ-Խարաջ»- հարկման, հողի և ջրօգտագործման, պետական կառավարման և այլնի մասին։ Կազմվել է խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի հանձնարարությամբ և նախաբանում պարունակում է վերջինիս անդրադարձը։
- «Քիթաբ ալ-Աար»-հանիֆիական ավանդույթների հավաքածու տարբեր ծիսական և իրավական հարցերի վերաբերյալ, որոնք պահպանվել են Աբու Յուսուֆի որդու՝ Աբու Մուհամմադ Յուսուֆ իբն Յակուբի ավանդույթում։ Ավանդույթի մեծ մասը սկիզբ է առել Հանիֆայի նախկին տարբեր իշխանություններից՝ Աբու Հանիֆայի միջոցով։ Հատկապես հաճախ է հայտնվում պատմողների շղթան Աբու Հանիֆա - Համմադ իբն Աբի Սուլեյման (մահ. 737) - Իբրահիմ ան-Նաչաի (մահ՝ 715թվական)։ Ստեղծագործությունը խմբագրվել է Աբու լ-Վաֆա ալ-Աֆղանին։
Վերոնշյալ աշխատություններից պահպանվել է միայն «Քիտար ալ-Խարաջ» աշխատությունը։
«Հարկերի մատյանը» (Քիտար ալ-Խարաջ) աշխատությունը կազմվել է խալիֆայի պատվերով։ Աշխատությունը շարադրվել է 786-798 թվականներին։ Աբու Յաուսուֆը աշխատության սկզբնական բնագիրը թելադրել է իր աշակերտին՝ Բիշրին և հենց սրանով է բացատրվում աշխատության բնագրի վերջնակլան խմբագրված չլինելը[3]։ Այս երկը իր անվանումից ավելի լայն ընդգրկում ունի, քանի որ անդրադառնում է ողջ կառավարման ոլորտին՝ ջրային իրավունքից մինչև ռազմական գործ[4]։ Աշխատությունը բաղկացած է հետևյալ գլուխներից․
- Գլուխ եկամուտի (ավար) ու հողահարկի (խարաջ) մասին
- Պատերազմի երկրի ժողովրդի (ահլ ալ-հարբ) և անապատի բնակիչների մասին, որոնք իսլամ են ընդունում պահպանելու հողերը և ունեցվածքը
- Տասնորդային հողի (արդ ալ-ուշր) տարբերությունը հողահարկային հողից (արդ ալ-խարաջ)
- Տաղլիբ ցեղի քրիստոնյաների և այլ զիմմիների (հովանավորյալների) դրության ու նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին
- Գլխահարկ (ջիզիա) վճարելու պարտավոր մարդկանց մասին
- Գլուխ զիմմիների հագուստի ու տարազի մասին
- Գլուխ զրադաշտականների, կռապաշտների ու հավատափոխների մասին
- Գլուխ տասնորդի (ուշուր) մասին
- Գլուխ եկեղեցիների, տաճարների ու խաջերի մասին
Ուսմունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Աբու Հանիֆայի աշակերտ՝ Աբու Յուսուֆի ուսմունքները մեծապես ենթադրում են նրա դաստիարակի ուսմունքը։ Նրա գրվածքները և ակնառու քաղաքական դիրքերը օգնեցին տարածել իսլամական իրավունքի հանաֆիական դպրոցը ամբողջ իսլամական կայսրությունում։ Թեև նրա իրավական եզրակացությունների մեծ մասը արմատավորված է իր նախկին ուսուցչի կողմից աջակցվող վարդապետության և մեթոդաբանության մեջ, կան որոշ կետեր, որոնց շուրջ նա շեղվել է և բացահայտել իր սեփական իրավական միտքը։ Աբու Յուսուֆի ամենամեծ ժառանգությունը Հանիֆաական իրավաբանական դպրոցի հաստատումն ու առաջխաղացումն է ՝ որպես իսլամական կայսրությունում իրավական մտքի գերակշռող աղբյուր և իրավական հիմք է ապահովել հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ խալիֆայության իշխանությունը սահմանափակելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Али-заде А. Абу Йусуф (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007.
- ↑ Արաբական աղբյուրներ Գ/ Թարգմ․ բնագրից, ներածությունը Արամ Տեր-Ղևոնդյանի. Երևան: Երևանի համալս․հրատ․. 2005. էջ 95. ISBN 704.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն) - ↑ Զորյան, Հակոբ (2015). Պատմագիտական ուսումնասիրություններ. Երևան: ԵՊՀ. էջ 322. ISBN 386.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն) - ↑ Йусуф, Абу (2001). Китаб ал-Харадж, С-Пб. ISBN 399.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն)