Աբու Աբբաս Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Սաֆֆահ
Աբու Աբբաս Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Սաֆֆահ արաբ․՝ أبو العباس عبد الله بن محمد السفّاح | |
---|---|
Արաբական խալիֆա | |
![]() | |
Թագադրում | 749 |
Հանձնում | 754 |
Ծնվել է՝ | 722 |
Ծննդավայր | Հումեիմա, Արաբական խալիֆայություն |
Մահացել է՝ | 754 կամ 756[1] բնական մահով |
Վախճանի վայր | Անբար, Աբասյան խալիֆայություն |
Երկիր | ![]() |
Նախորդ | Մրվան II |
Հաջորդող | Աբու ալ-Մանսուր |
Տոհմ | Աբբասյաններ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Մուհամմադ իբն Ալի իբն Աբդալլահ |
Հավատք | իսլամ |
Աբու Աբբաս Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Սաֆֆահ (նաև՝ Աբու Աբբաս աս-Սաֆֆահ, արաբ․՝ أبو العباس عبد الله بن محمد السفّاح, 722, Հումեիմա, Արաբական խալիֆայություն - 754 կամ 756[1], Անբար, Աբասյան խալիֆայություն), արաբական խալիֆա (750-754), Աբբասյանների հարստության առաջին ներկայացուցիչը և Աբբասյան խալիֆայության հիմնադիրը, Մուհամեդ մարգարեի հորեղբայր Աբբասի ծոռը, Աբու ալ-Մանսուրի ավագ եղբայրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբու ալ-Աբբասը աբբասյանների ընդհատակյա գործողությունների մեջ չի նկատվել ակտիվ մասնակցությամբ մինչև Երրորդ ֆիտնայի վերջին օրերը: Տոհմի առաջնորդ և իմամ դարձել է՝ իր համար միանգամայն անսպասելիորեն, այն բանից հետո, երբ աբբասյանների գործող առաջնորդը, նրա հորեղբայր Իբրահիմ իբն Մուհամմադը, Մրվան II-ի հրամանով 749 թվականի հոկտեմբերի սկզբին ձերբակալվել է և մահացել է Խառանի բանտերից մեկում:
Աբու ալ-Աբբասը իր եղբայրների և հորեղբայրների հետ Հումեիմայից Կուֆա տեղափոխվելուց հետո, մեկ ամսից ավել գաղտնի ապրում է Աբու Սալամայի մոտ, մինչև ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ հոկտեմբերի 30-ին ընդունում է խալիֆայի տիտղոսը[2]:
Աբու Մուսլիմի ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբբասյանների ապստամբությունը սկսվել է 747 թվականի հունիսի 9-ին: Ապստամբության կենտրոնը դառնում է Մերվի օազիսը: Ապստամբությունն Աբբասյանների հանձնարարությամբ, որոնց ղեկավարն այդ ժամանակ իրեն ամբողջ մուսուլմանական ումմայի առաջնորդ հռչակած Իբրահիմ իբն Մուհամմադն էր, անմիջականորեն ղեկավարում է ծագումով պարսիկ, Օմայյանների դեմ ատելությամբ լցված Աբու Մուսլիմը, որը որպես Աբբասյանների գաղտնի խմբավորման անդամ, 743 թվականին ձերբակալվել էր իշխանության կողմից, սակայն հետագայում ազատ արձակվել[2]:
Աբու Մուսլիմի հրամանով սև շորեր հագած ապստամբները հունիսի 9-ի վաղ առավոտյան վառում են խարույկները և բարձրացնում սև դրոշները: Սևը հենց այդ ժամանակվանից դառնում է Աբբասյանների պաշտոնական գույնը[2]:
Խալիֆա Մրվան II-ը, ստանալով ապստամբության լուրը, 748 թվականին իր զորքերն ուղարկում է ապստամբների դեմ: Սակայն նրա միակ հաջողությունը լինում է այն, որ կարողանում է գերել Իբրահիմին և բանտում սպանել տալ նրան: Իբրահիմին փոխարինում է նրա եղբորորդին՝ Աբու ալ-Աբբասը, որը ստանձնում է ապստամբության ընդհանուր ղեկավարությունը[2]:
Ապստամբները հաջողությամբ ետ են մղում խալիֆային հավատարիմ զորքերի հարձակումները և 748 թվականին անցնում վճռական գործողությունների: Նրանք գրավում են Նիշապուր, Ռեյ, Նիհավանդ և այլ կարևոր քաղաքները, ամբողջ Իրանը և առաջ շարժվելով արևմտյան ուղղությամբ, 749 թվականին ներխուժում են Իրաք և գրավում Կուֆան[2]:
Ապստամբների և խալիֆայական զորքերի միջև վռական ճակատամարտը տեղի է ունեցել 750 թվականին, Միջագետքում, Մեծ Զաբ գետի ափին: Ապստամբական ուժերը, որ ղեկավարում էր Աբու ալ-Աբբասի հորեղբայրը, հաղթանակ են տանում, գրավում Հարրանը, որը խալիֆայի նստավայրն էր, և ապրիլի 26-ին մտնում Դամասկոս[2]:
Պարտությունից հետո խալիֆա Մրվան II-ը այլևս անկարող է լինում որևէ դիմադրություն ցույց տալ Աբբասյան զորքերին, ուստի դիմում է փախուստի դեպի Եգիպտոս, հույս ունենալով այստեղ հաստատվել, նոր զորք հավաքել և ճնշել ապստամբներին: Սակայն Եգիպտոսում էլ նրա դեմ են դուրս գալիս ղպտիները, որոնց էլ միանում են տեղական արաբական կայազորները: Մրվանը հեռանում է Գիզա, բայց այստեղ 750 թվականի օգոստոսի 5-ին բռնվում է նրան հետապնդող Աբբասյան զորքերի կողմից և սպանվում: Օմմայյան վերջին խալիֆա Մրվան II-ի գլուխը որպես ընծա ուղարկվում է արդեն խալիֆա հռչակված Աբու ալ-Աբբասին[2]:
Աբբասյան հարստության հաստատումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբբասյանների իշխանության գլուխ գալով Արաբական խալիֆայությունում հաստատվում է երրորդ հարստությունը: Երբ Աբբասյանները կազմակերպում են ապստամբություն Օմայյանների դեմ, նրանք առանց սպասելու վերջնական հաղթանակին և Օմայյանների տապալմանը, 749 թվականին գրավելով Կուֆան, Աբու ալ-Աբբասին հռչակում են խալիֆա: Աբու ալ-Աբբասը 749 թվականի հոկտեմբերի 30-ին նրա կողմնակիցների կողմից Կուֆա քաղաքի գլխավոր մզկիթում հռչակվում է խալիֆա: Ամենուր Օմայյանների սպիտակ դրոշները իջեցվում են և փոխարինվում են սև դրոշներով[2]:
Աբու ալ-Աբբասը դառնալով խալիֆա, իրեն կոչում է «աս-Սաֆֆահ», որը նշանակում է «առատաձեռն»: Անվանակոչումը կապված է այն բանի հետ, որ Աբու ալ-Աբբասը դառնալով խալիֆա, Կուֆայի մզկիթում իր առաջին խուտբայի ժամանակ մեծ խոստումներ է տալիս հպատակներին: Նա հրապարակավ հայտարարում է, որ նրանց կդարձնի ամենաերջանիկը, կթեթևացնի ծանր հարկերը, Դամասկոսը այլևս չի լինի խալիֆայության մայրաքաղաքը, նրա փոխարեն աթոռանիստ քաղաքը կդառնա Կուֆան և այլն[2]:
Կա նաև «աս-Սաֆֆահ»-ի բացատրության այլ տարբերակ ևս: Այն թարգմանում են որպես «Արյունահեղ», նկատի ունենալով այն բազում սպանությունները, որ նա իրագործեց իր խալիֆա դառնալուց անմիջապես հետո[2]:
Աբու ալ-Աբբասը խալիֆայությունը կառավարել է 750-754 թվականներին և մահացել ծաղիկ հիվանդությունից[2]: