Օսթ (գլխավոր պլան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է «Օսթ» գլխավոր պլանից)
Նացիստական քարոզչական պաստառ, որը վերաբերվում էր Երրորդ Ռայխից արևելք ընկած տարածքների գերմանացմանը:

«Օսթ» գլխավոր պլան (գերմ.՝ Generalplan Ost), Արևելյան Եվրոպայում Երրորդ Ռայխի գերիշխանության հաստատման ընդլայնված ծրագիր։ Ծրագրով նախատեսվում էր իրականացնել Լեհաստանի և Խորհրդային Միության բռնազավթված տարածքների բնակչության բռնի տեղահանում և վերաբնակեցում Արևմտյան Սիբիրում, Հյուսիսային Կովկասում և Հարավային Ամերիկայում[1]։

Արևելյան տարածքների գաղութացման և գերմանացման այս ծրագիրը ստեղծվել է նացիստական ռասսայական քաղաքականության և «բնակեցման տարածքների» կոնցեպցիայի հիման վրա։ Վերջին երկուսը ստեղծվել էին Հիմմլերի ղեկավարած ՍՍ-ի կողմից։ Հիմմլերը, լինելով նաև գերմանացի ազգի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխկոմիսար (գերմ.՝ Reichskommissar für die Festigung deutschen Volkstums, RKFDV), 1939 թվականի աշնանից սկսել է զբաղվել նաև արևելյան տարածքներում բնակչության տեղահանման, արտաքսման և վերաբնակեցման հարցերով։ Նախատեսված էր, որ պլանը պետք է իրագործվի 30 տարվա ընթացքում։ Ընդորում, ծրագրի իրականացումը պետք է սկսվեր ԽՍՀՄ պարտությունից հետո[2]։ 1943 թվականին ծրագրի իրականացումը վերջնականապես չեղարկվեց[3]։

Պլանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Հեսսը և Հենրիխ Հիմմլերը քննարկում են Արևելքում գյուղատնտեսական միավորումների ստեղծման հարցը, մարտ, 1941 թվական

«Օսթ» գլխավոր պլանի անվանումը և գաղափարը, հավանաբար, առաջացել են 1940 թվականին[4]։ Որպես նախաձեռնող հանդես է եկել հենց Հիմմլերը։ Պլանի անվանումը մշակել է ՍՍ-ի ծառայություններից մեկը, հավանաբար, Կայսերական անվտանգության գլխավոր ծառայությունը (գերմ.՝ RSHA): Կա տեսակետ համաձայն որի անվանումը մշակվել է Գերմանացի ժողովրդի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխսկոմիսարիատը։ Ինչ վերաբերում է իրականացման ժամանակահատվածին և ընդգրկման տարածքին, մշակվել է երկու հիմնական ուղղություն։ «Մերձավոր պլանը» վերաբերվում էր արդեն իսկ նվաճված արևելյան տարածքների միավորմանը և հանձնվել էր իրագործման[4]։ Պատմաբաններն այդպես էլ չեն կարողացել ճշտել, թե ՍՍ-ի որ վարչություններն են մասնակցել պլանի առանձին մասերի մշակմանը։ Սակայն նրանք կարողացել են բացահայտել որոշակի հետքեր, որոնցից մեկը, որը շատերը համարում են որպես ամենակարևոր փաստը, վերաբերում է Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության III վարչության մասնակցությանը։ Մեկ այլ փաստարկ էլ վերաբերում է Գերմանացի ազգի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխկոմիսարիատի առաջին (տեղահանման հարցերով) և վեցերորդ (պլանավորում) վարչությունների մասնակցությանը։ Ենթադրվում է նաև, որ Գլխավոր պլանի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև Ռասսայի և տեղահանումների հարցերով ՍՍ-ի գլխավոր վարչությունը։ Այդուհանդերձ, գլխավոր դերը վերապահված է եղել Կայսերական անվտանգության գլխավոր ծառայությանը[4]։

«Օսթ» գլխավոր պլան անվամբ նախագծի վերջնական մշակումը տեղի է ունեցել 1941 թվականի վերջին Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության III խմբի կողմից։ Պլանի այդ տարբերակի տեքստը մինչ օրս չի գտնվել, սակայն բովանդակությունը պահպանվել է Արևելյան բռնազավթված տարածքների կայսերական նախարարության քննադատական եզրակացության մեջ։ Մի դեպքում խոսքը «Գերմանացման հարցերի» վերաբերյալ տեղի ունեցած նիստի արձանագրության մեջ նշված փաստերի մասին է, որին 1942 թվականի փետրվարի 4-ին մասնակցել են Արևելյան բռնազավթված տարածքների կայսերական նախարարության և ՍՍ-ի ներկայացուցիչները ներկայացուցիչները[5][6]։ Մյուս դեպքում խոսքը վերաբերվում է 1942 թվականի ապրիլի 27-ին հրապարակված «ՍՍ-ի ռեյխսֆյուրերի «Օսթ» գլխավոր պլանին նվիրված նկատառումներ և առաջարկություններ» գրառմանը, որը նվիրված էր Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության առաջ քաշած հայեցակարգ։ Երկու դեպքում էլ փաստաթղթեր հեղինակը համարվում է արևելյան տարածքների բռնազավթման նախարարության ռասսայական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար, դոկտոր Էրհարդ Վետցելը[7]։

Պահպանվել է նաև ՍՍ-ի օբերֆյուրեր, պրոֆեսոր Կոնրադ Մեյեր Հերթլինգի 1942 թվականի մայիսի 28-ի «Արևելքում կառուցման համար «Օսթ» գլխավոր պլանի իրավական, տնտեսական և տարածքային հիմքերը» վերնագրով հուշագիրը։ Հուշագիրը երկար ժամանակ ներառված է եղել Մեյերի գործով դատական գործընթացին, այդ իսկ պատճառով երկար ժամանակ հասանելի չի եղել գերմանացի պատմաբաններին, որոնք, սակայն, տեղյակ են եղել հուշագրի գոյության և բովանդակության վերաբերյալ[8][9]։ Ավելի ուշ, փաստաթուղթը հանձնվել է Գերմանիայի ազգային արխիվին։ 2009 թվականին հուշագիրը ամբողջությամբ հրապարակվել է Հումբոլդտի համալսարանի գյուղատնտեսության և այգեգործության ֆակուլտետի կայք էջում[10]։

«Օսթ» գլխավոր պլանի վերամշակված տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսթ» գլխավոր պլանը հանդիսանում էր փաստաթղթերի ամբողջություն, որը նվիրված էր «արևելյան տարածքներում» (Լեհաստան և ԽՍՀՄ) վերաբնակեցման հարցին՝ պատերազմում Գերմանիայի հնարավոր հաղթանակի պարագայում։ RKFDV-ի գլխավոր շտաբային վարչության III պլանային խմբի կողմից մշակվել են հետևյալ փաստաթղթերը՝

  • Փաստաթուղթ 1. «Պլանավորման հիմունքները» մշակվել են 1940 թվականի մայիսին RKFDV-ի պլանավորման ծառայության կողմից (էջերի քանակը՝ 21): Բովանդակություն. Արևմտյան Պրուսիայի և Վարթելանդի պլանավորված արևելյան գաղութացման մասշտաբների նկարագրություն։ Գաղութացման ընդհանուր մակերեսը պետք է կազմեր 87 600 կմ², որոնցից 59 000 կմ² կազմելու են գյուղատնտեսական տարածքները։ Այդ տարածքներում պետք է ստեղծվեին շուրջ 100 000 գյուղտնտեսություններ՝ յուրաքանչյուրը 29 հա տարածքով։ Նախատեսվում էր, որ այդ տարածքներում պետք է բնակեցվեին շուրջ 4,3 մլն գերմանացիներ, որոնցից 3,15 միլիոնը գյուղական, իսկ 1,15 միլիոնը՝ քաղաքային բնակավայրերում։ Այդ ընթացքում պետք է տեղահանվեին 560 000 հրեաներ (մարզի հրեա բնակչության 100 %-ը) և 3,4 միլիոն լեհեր (ազգաբնակչության 44 %-ը)։ Պլանի իրականացման ծախսերը չէին հաշվարկվել։
  • Փաստաթուղթ 2. «Գաղութացման» զեկույցի լրացուցիչ նյութեր, որոնք մշակվել են 1940 թվականի դեկտեմբերին՝ RKFDV-ի պլանավորման ծառայության կողմից (էջերի քանակ՝ 5): Բովանդակություն. Հիմնական հոդվածը կոչվում է «Հին Ռեյխից հարկադիր տեղահանության համար անհրաժեշտ տարածքների կարիք»։ Փաստաթղթի մեջ նշված էր, որ անհրաժեշտ է 130 000 կմ² տարածք՝ 480 000 նոր գյուղտնտեսությունների համար։ Ընդորում, յուրաքանչյուրը պետք է ունենար 25 հա տարածք։ Բացի այդ, տարածքի 40 %-ը պետք է անտառապատ լիներ, որն անհրաժեշտ էր Վարթելանդում և Լեհաստանում նացիստական զորքերի և ռեզերվային ուժերի դիրքավորման և կարիքների համար։

Փաստաթղթեր, որոնք ստեղծվել են ԽՍՀՄ դեմ հարձակումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փաստաթուղ 3 (կորել է, բառացի բովանդակությունը հայտնի չէ). «Օսթ» գլխավոր պլան, որը մշակվել է 1941 թվականի հուլիսին RKFDV-ի պլանավորման ծառայության կողմից։ Բովանդակություն. Պլանավորված արևելյան գաղութացման շրջանակներում ԽՍՀՄ կոնկրետ մարզերի տարածքների չափսերի նկարագրություն։
  • Փաստաթուղթ 4 (կորել է, բառացի բովանդակությունը հայտնի չէ). «Օսթ» ընդհանուր պլան, որը մշակվել է 1941 թվականի դեկտեմբերին RHSA-ի 111 B պլանավորման խմբի կողմից։ Բովանդակություն. ԽՍՀՄ տարածքում և գեներալ-նահանգապետությունների կոնկրետ տարածքներում պլանավորված արևելյան գաղութացման տարածքների չափսերի նկարագրություն։
  • Փաստաթուղթ 5. «Օսթ» գլխավոր պլան, որը մշակվել է 1942 թվականի մայիսին Հումբոլդտի համալսարանի գյուղատնտեսության և քաղաքականության ինստիտուտի կողմից (էջերի քանակը՝ 68):

Բովանդակություն. ԽՍՀՄ-ում արևելյան գաղութացման համար անհրաժեշտ առանձին մարզերի կոնկրետ տարածքների չափսերի նկարագրություն։ Գաղութացման տարածքը պետք է կազմեր 364 231 կմ², ներառյալ 36 հենակետեր և երեք վարչական շրջաններ՝ Լենինգրադի, Խերսոն-Ղրիմի մարզերում և Բելոստոկի շրջանում։ Բացի այդ, պետք է ստեղծվեին գյուղատնտեսություններ՝ 40-100 հա տարածքներով և խոշոր գյուղատնտեսական միավորներ՝ առնվազն 250 հա տարածքներով։ Վերաբնակեցվածների ընդհանուր թվաքանակը գնահատվում էր 5,65 միլիոն։ Վերաբնակեցման համար նախատեսված տարածքներից պետք է տեղահանվեր 31 միլիոն մարդ։ Պլանի իրականացման համար նախատեսված ծախսերը գնահատվում էին 66,6 միլիարդ ռեյխսմարկ։

  • Փաստաթուղթ 6. «Գաղութացման գլխավոր պլան» (գերմ.՝ Generalsiedlungsplan), որը մշակվել է 1942 թվականի սեպտեմբերին RKFDV-ի պլանավորման ծառայության կողմից (էջերի քանակը՝ 200, ներառյալ 25 քարտեզ և աղյուսակ)։

Բովանդակություն. Առանձին շրջանների կոնկրետ տարածքներում վերաբնակեցման համար անհրաժեշտ տարածքների չափսերի նկարագրություն։ Անհրաժեշտ տարածքը պետք է ունենար 330 000 կմ² մակերես՝ 360 100 գյուղտնտեսություններով։ Վերաբնակեցվածների ընդհանուր թվաքանակը գնահատվում էր 12,21 միլիոն մարդ, որոնցից 2,859 միլիոնը գյուղացիներ և անտառտնտեսության աշխատակիցներ։ Անհրաժեշտ տարածքների վերաբնակեցման համար պետք է տեղահանվեր 30,8 միլիոն մարդ։ Պլանի իրականացման համար նախատեսված ծախսերը գնահատվում էին 144 միլիարդ ռեյխսմարկ։

«Օսթ» գլխավոր պլանի, որպես միասնական փաստաթղթի, վերջնական տարբերակ գոյություն չունի[11]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղահանության և վերաբնակեցման ենթակա ազգությունների տոկոսային հարաբերակցություն
Էթնիկ խումբ / ազգություն Տեղահանման ենթակա բնակչության տոկոս
Ռուսներ Ընդհանուր բնակչության 50–60%, ևս 15 % տեղահանվելու էր Արևմտյան Սիբիր
Էստոնացիներ մոտ 50%
Լատիշներ 50%
Չեխեր 50%
Ուկրաինացիներ 65%
Բելառուսներ 75%
Լեհեր 20 միլիոն կամ 80–85%
Լիտվացիներ 85%
Լատգալցիներ 100%

Այն մասին, թե ինչպես էին պլանի հեղինակները պատկերացնում «Արևելքի ժողովուրդների» ապագան, կարելի է դատել պահպանված ««Օսթ» գլխավոր պլանի նկատառումներ և առաջարկություններ» գրքույկից, որը մշակվել էր 1942 թվականի ապրիլի 27-ին Արևելյան տարածքների բռնազավթման կայսերական նախարարության ռասսայական-քաղաքական բաժնի ղեկավար, դոկտոր Էրհարդ Վիտցելի կողմից՝ հատուկ նախարար Ալֆրեդ Ռոզենբերգի համար[12]։ Պաշտոնյան 1941 թվականի դեկտեմբերին, ծանոթանալով Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության III վարչության կողմից մշակված ծրագրի հետ, մշակել էր այդ գրքույկ-ուղեցույցը (բնագիր տարբերակը համարվում է կորած)[13][14]։

Փաստաթուղթը բաղկացած է 4 բաժիններից՝

  1. «Օսթ» գլխավոր պլանի ընդհանուր նկատառումներ,
  2. Ընդհանուր նկատառումներ նախկին մերձբալթյան երկրների բնակչության տեղահանման և նրանց նկատմամբ հետագա վերաբերմունքի վերաբերյալ,
  3. Լեհական հարցի լուծում,
  4. Ռուս բնակչության նկատմամբ հետագա վերաբերմունքի վերաբերյալ։

Առաջին բաժնում դիտարկվում է արևելյան բռնազավթված տարածքներում գերմանացի բնակչության վերաբնակեցման հարցը։ Վերաբնակեցումը նախատեսվում էր իրականացնել պատերազմի ավարտից հետո՝ 30 տարվա ընթացքում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում, որը գրավվել էր Գերմանիայի կողմից, պետք է մնային միայն 14 միլիոն սլավոններ։ Նրանց նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնեին 4,5 միլիոն գերմանացիներ։ Մնացած բնակչությանը պետք է տեղահանեին և վերաբնակեցնեին Արևմտյան Սիբիրում։ Արևելյան տարածքներում բնակվող 5-6 միլիոն հրեաները պետք է ոչնչացվեին, մինչև տեղահանությունների սկիզբը[14]։

Գրքույկի հեղինակը կասկած է հայտնում առաջին բաժնում նշված ծրագրի իրականացման վրա։ Եթե «հրեական հարցը» ինչ- որ չափով կարելի էր լուծել, ապա սլավոնների հարցի լուծումը անհեռատեսական էր։ Վետցելը դժգոհում էր այն փաստից, որ պլանում անտեսվում էին բոլոր այն մարդիկ, «ովքեր կարող էին պիտանի լինել գերմանացման համար՝ հենց Գերմանական կայսրության տարածքում»[14]։

Պաշտոնյան քննադատորեն է մոտենում նաև այն սլավոնների թվաքանակի հաշվման գործընթացին, ովքեր ենթակա էին տեղահանման։ Նա կարծում էր, որ պլանում ներկայացված վիճակագրական տվյալները չեն արտացոլում իրականությունը և հաշվի չեն առնում այն հանգամանքը, թե որ ազգերն են դրականորեն կամ բացասականորեն վերաբերվում գերմանացիներին[14]։

Գերմանացման կամ ռասսայական «թարմացման» (գերմ.՝ Umvolkung) ենթակա էին, այսինքն համապատասխանում էին «նորդական (հյուսիսային) տիպին», լիտվացիները, էստոնացիները և լատիշները[14]։ Վետցելի կարծիքով, այդ ազգությունների ներկայացուցիչները անհրաժեշտ են՝ Արևելքի տարածքներում վերահսկողությունն արդյունավետ կերպով իրականացնելու համար։ Մերձբալթյան ժողովուրդները հարմար էին այդ դերի համար, քանի որ դաստիարակվել էին եվրոպական ոգով և «յուրացրել են եվրոպական մշակույթի ընդհանուր դրույթները»[14]։

Երրորդ բաժնում նկարագրվում է «լեհական հարցի» վերաբերյալ գերմանացիների հնարավոր վերաբերմունքը։ Հիմնվելով երկու ժողովուրդների պատմական փոխհարաբերությունների վրա՝ պաշտոնյան կարծում է, որ լեհերը «առավել թշնամաբար են տրամադրված գերմանացիների նկատմամբ» և «ամենավտանգավոր ազգն են»[14]։ Այդուհանդերձ, նա նշում է, որ «լեհական հարցը չի կարելի լուծել լեհերի ոչնչացման ճանապարհով»։ Այդպիսի որոշումը կարող էր փչացնել հարաբերությունները բոլոր այն ազգերի հետ, ովքեր ինչ-որ չափով իրենց նախապատվությունը տալիս էին գերմանացիներին։ Բացի այդ, կարող էին փչանալ հարաբերությունները հարևան մյուս ժողովուրդների հետ[14]։ Վետցելը առաջարկում էր լեհերի մի մասին վերաբնակեցնել Հարավային Ամերիկայում, հատկապես Բրազիլիայում[14]։

Նացիստները ոչնչացնում են լեհ մտավորականությանը

Նույն բաժնում հեղինակը անդրադառնում է նաև ուկրաինացիների և բելառուսների հետագա ճակատագրին։ Նա նշում է, որ պլանի համաձայն ուկրաինացիների 65 %-ը վերաբնակեցվելու են Սիբիրում։ Նույն ճակատագրին են արժանանալու նաև բելառուսները, սակայն վերաբնակեցվելու վերջիններիս 75 %-ը, մյուսները՝ գերմանացվելու են։ Ինչ վերաբերում է չեխերին, ապա նրանց 50 %-ը վերաբնակեցվելու է, մյուս 50 %-ը՝ գերմանացվելու։

Վերջին բաժինը նվիրված է «ռուսական հարցին»։ Գրքույկի հեղինակը հարցին լուրջ նշանակություն է տալիս՝ «արևելյան տարածքների հարցի» ողջ համատեքստում։ Նա առաջ է քաշում մարդաբանական գիտությունների դոկտոր Վոլֆգանգ Աբելի տեսակետը, որն առաջարկում էր ամբողջությամբ վերացնել ռուսներին կամ գերմանացնել նրանց մի մասը, ովքեր ունեին «ակնհայտ նորդական ծագում»։ Այդ առիթով Վետցելը գրում է. «Աբելի կողմից առաջ քաշված ռուսների ոչնչացման ճանապարհը, չխոսելով անգամ դրա գոյության հնարավորությունը, չի համապատասխանում մեր՝ գերմանացիներիս, քաղաքական և տնտեսական շահերին ու պատկերացումներին»[14]։

Ի պատասխան Վետցելը առաջ է քաշում «ռուսական հարցի լուծման» սեփական տարբերակը, որը հանգեցնելու էր «ազգային զարգացման թուլացմանը», «ռասսայական հարաբերություններում ռուս ժողովրդի թուլացմանը» և «ազգի կենսաբանական ուժի թուլացմանը»։ Այդ գործողությունների միջոցով էականորեն կրճատվելու էր ռուսների ծնելիության մակարդակը։ Նա կոչ էր անում թուլացնել նաև Սիբիրում բնակվող ժողովուրդների և ռուսների կապը[14]։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան Լև Բեզիմենսկին պլանն անվանել է «մարդակեր փաստաթուղթ», «Ռուսաստանում սլավոնների լիկվիդացման պլան»[15] և փաստում, որ «չի կարելի խաբվել «վերաբնակեցում» բառով։ Նացիստների համար սովորական էր դարձել այս բառը, քանի որ դարձել էր Հոլոքոստի խորհրդանիշներից մեկը»[16]։

«Հայրենական մեծ պատերազմը առանց գաղտնիության գրիֆի։ Կորուստների գիրք» աշխատության մեջ, որը պատրաստվել էր ռազմական գիտությունների թեկնածու Գրիգորի Կրիվոշևի ղեկավարությամբ, նշվում էր, որ ԽՍՀՄ օկուպացված տարածքներում «Օսթ» գլխավոր պլանի իրականացումը ներառում էր 7,4 միլիոն խաղաղ բնակչության մտածված ոչնչացում (ներառյալ նաև հրեաներին)։ «Մտածված ոչնչացում» ասելով՝ հեղինակը նկատի ունի քաղաքների ռմբակոծումը և կրակահերթերը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Нюрнбергский процесс. Преступления против человечности (том 5)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  2. Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 298
  3. Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 293
  4. 4,0 4,1 4,2 Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285
  5. Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 293—296
  6. Органы государственной безопасности СССР в Великой Отечественной войне. Сборник документов. Том 3. Кн. 1. М.: Русь, 2003. С. 588—590
  7. Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285—286
  8. Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 289
  9. «4. Немецкий оккупационный режим». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  10. «Generalplan Ost Rechtliche, wirtschaftliche und räumliche Grundlagen des Ostaufbaus, Vorgelegt von SS-Oberführer Professor Dr. XX, Berlin-Dahlem, 28.Mai 1942». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  11. ««Генеральный план Ост»: о порабощении восточноевропейских народов // Дитрих Айххольц». scepsis.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  12. Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285—286.
  13. Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 Замечания и предложения «Восточного министерства» по генеральному плану Ост // Военно-исторический журнал. 1965. № 1. С. 82—83
  15. «Германские генералы — с Гитлером и без него»., гл.6 «Планы на бумаге и в жизни. План „Барбаросса“» // Безыменский Л. А. Германские генералы — с Гитлером и без него / Изд. 2-е, перераб. и доп. — М.: Мысль, 1964. — 533 стр. с илл. (1-е издание: М.: Соцэкгиз, 1961, — 400 с., тираж 60000 экз.)
  16. Глава 29. «Гитлер и Сталин перед схваткой» // Безыменский Л. А. Гитлер и Сталин перед схваткой. — М.: Вече, 2000. — 512 с. Тираж 10000 экз.
  17. Кривошеев, Андроников, Буриков: Великая Отечественная без грифа секретности. Книга потерь. Вече, 2014 год

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ռուսերեն
այլ լեզուներով
  • Hitler’s plans for Eastern Europe // Gumkowski J. Poland Under Nazi Occupation. Warsaw: Polonia publishing house, 1961. — P. 164—178
  • Helmut Heiber: Der Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3, S. 281—325.
  • Isabel Heinemann: Rasse, Siedlung, deutsches Blut. Das Rasse- und Siedlungshauptamt der SS und die rassenpolitische Neuordnung Europas. Wallstein, Göttingen 2003.
  • Peter Longerich: Heinrich Himmler. Biographie. Siedler, München 2008.
  • Czeslaw Madajczyk (Hrsg.): Vom Generalplan Ost zum Generalsiedlungsplan. Dokumente. Saur, München 1994.
  • Mechthild Rössler, Sabine Schleiermacher (Hrsg.): Der Generalplan Ost. Hauptlinien der nationalsozialistischen Planungs- und Vernichtungspolitik. Akademie, Berlin 1993.
  • Bruno Wasser: Himmlers Raumplanung im Osten. Der Generalplan Ost in Polen 1940—1944. Birkhäuser, Basel 1994.
  • Billy, Jonas Bakoubayi: Musterkolonie des Rassenstaats: Togo in der kolonialpolitischen Propaganda und Planung Deutschlands 1919—1943, J.H.Röll-Verlag, Dettelbach 2011, ISBN 978-3-89754-377-5