Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
Ժանրէպիկական
ՁևՎիպակ
ՀեղինակՎահան Թոթովենց
Երկիր Հայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1930
ՎիքիդարանԿյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
ՎիքիքաղվածքԿյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Վահան Թոթովենցի ինքնակենսագրական վիպակն է, որտեղ հեղինակին հաջողվել է ներկայացնել Արևմտյան Հայաստանի գավառական մի քաղաքի կյանքը միաժամանակ իր կոլորիտությամբ և սառը իրականության երանգներով։ Գրվել է 1930 թվականին։

20-րդ դարասկզբի հայ ինքնակենսագրական վեպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրականության մեջ ինքնակենսագրական վեպերի ստեղծման եռուն շրջանը   քսաներորդ դարասկիզբն է։ Այս շրջանում  են ստեղծվում Զապել Եսայանի (1878-1943), Ստեփան Զորյանի  (1890-1967), Վահան Թոթովենցի  (1894-1937) և Գուրգեն Մահարու (1903-1969)  ինքնակենսագրական վեպերը, որոնք նշանակալից տեղ են գրավում քսաներորդ դարի արձակում։

Այս ինքնակենսագրական վեպերի ծնունդը ուներ հիմնավոր պատճառներ։ Գրողները անձնական կյանքի արտացոլման օրինակով ցույց են տալիս մի ողջ սերնդի ճակատագիրը։  Հեղինակները խոսում են ապրած կյանքի ու տառապանքի լեզվով` հյուսելով իրենց անցյալ օրերը` իրենց սերնդի, ծննդավայրի պատմությունը, որը անջնջելի կնիք էր դրել նրանց հիշողության մեջ։ Այս դժվարին ու ծանր ժամանակահատվածում գրական ընթացքի մեջ գտնվող մարդկանց կյանքը սերտորեն կապված էր ժողովրդի պատմության հետ։ Սերունդների բախտի գեղարվեստական տարեգրություն` այսպես կարող ենք որակել «Սիլիհտարի պարտեզները», «Մի կյանքի պատմություն», «Կյանքը Հին հռովմեական ճանապարհների վրա», «Մանկություն» և «Պատանեկություն» վեպերի բովանդակությունը։ Վեպերից յուրաքանչյուրն իր հետ բերում է մի ուրույն ու ինքնատիպ աշխարհի, հեղինակի ապրած և տեսած Հայաստանի, սերնդի դառն ու ցավոտ ճակատագրի ընդհանուր պատկերը։  Այս ամենի  շնորհիվ էլ անհատի կյանքի պատմությունը ձեռք է բերում նաև հասարակական հետաքրքրություն։

Վ․ Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թ․ «Նոր ուղի» ամսագրում տպագրվեց Թոթովենցի լավագույն երկերից մեկի՝ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպի կարճ տարբերակը (ռուսերեն՝ 1931թ․)։ Գիրքն ամբողջությամբ տպագրվեց 1933թ․։ Թոթովենցի տաղանդը ծաղկում է, երբ նա ստեղծագործում է մանկություն և պատանեկություն թեմայի շուրջ, դրա վառ ապացույցն է՝ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը[1]։ Մինչև այդ Թոթովենցը գրական զգալի ճանապարհ էր անցել և իր ստեղծագործական ակտիվում չուներ այդ երկին համարժեք ստեղծագործություն։ Այդ նոր որակը հատկապես երևում է գրական վարպետության, արվեստի բարձր արտահայտչականության առումով։ Թոթովենցը նկարագրվող դեպքերի ականատեսն էր, խորապես ապրել էր դրանց պատճառած ցավի և ուրախության ամեն մի պահը, երկար փայփայել իր հոգում։

Սերը դեպի հայրենի բնաշխարհը, որը դարձել էր հուշ և անուրջ, հարազատ մարդկանց հիշատակները քնարական շունչ է հաղորդում Թոթովենցի գրչին և այդ քնարական զեղումներն էին, որ թյուրիմացության մեջ էին գցում շատ գրականագետների և պատճառ դարձան սխալ ընկալման և մեկնաբանությունների։

Նրանցից շատերն Թոթովենցին մեղադրում էին անցյալի իդեալականացման համար։ Նույնիսկ եղան հեղինակներ, ովքեր վիպակի նմանությամբ իրենց հոդվածն անվանեցին  «Կյանքը Խորհրդային գրականությունից հեռանալու ճանապարհի վրա»։ Արևմտահայ հատվածի, հասարակական-տնտեսական վիճակ  բեկվելով վիպակում `ընթացել է ճշմարիտ ու խոր ընդհանրացումներով։ Թոթովենցը ներկայացնում է ժամանակի հակամարտությունները, գավառական կյանքի բախումները։

Կորցրած հայրենիքի հուշը ուղեկցեց Թոթովենցին ողջ կյանքի ընթացքում։ «Այդ հին երկրի» ցավը ստիպեց նրան մորմոքով գրիչ վերցնել և հյուսել արվեստի փայլուն կոթողներ։ Թոթովենցը չէր իդեալականացնում անցյալը, ինչի մեջ նրան մեղադրում էին ժամանակի քննադատները, այլ ողբում էր անհուսորեն։ Պահպանելով չափի զգացումը, չտարվելով ժամանակի իշխող գաղափարախոսությամբ, նրան հաջողվում է պատկերել տարիներ շարունակ սեփական հոգում անթեղված հայրենիքի պատկերը։ Եվ թեկուզ նրան վիճակված չէր երկար կյանք, մարմնավորում չստացան նրա շատ ծրագրեր ու մտահղացումներ, բայց այն գրական հուշարձանները, որոնք ստեղծեց Թոթովենցը, նրան միշտ կպահեն կենդանի, մոտ ու հարազատ գալիք սերունդներին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը սկսվում է հեղինակի ծնունդով։ Պատմում է, թե ինչպես է ինքը առաջին անգամ տեսել լուսինը, իրենց տունը, Գոգոյին, որ ծաղիկներ էր ջրում։ Իրեն շրջապատող երևույթներ ու առարկաներ նկարագրելուց հետո նա սկսում է պատմել իր հոր մասին, թե ինչպես նա զգալով իր մահը՝ սառնասրտորեն դագաղ է պատրաստել տալիս իր համար։ Հայրը կալվածատեր էր, բարձր պաշտոնյա։ Հայրը սիրել է խոսել ճաշից առաջ և հետո, բայց ոչ ճաշի ընթացքում։ Նոր տարվա գիշերը, երբ նրանք սպասել են ձմեռ պապին, որպեսզի նրանց նվերներ բերի, այդ ժամանակ նրանց դուռը բացել է մահը ու նրանք՝ հայրն ու մահը, թևանցուկ դուրս են եկել և այլևս չեն վերադարձել։

Մոր մասին պատմում է այսպես՝ աշխարհում եղել է երկու քրիստոնյա մեկը ինքը Քրիստոսը, մյուսը՝ մայրը։ Նա միայն մի գիրք էր կարդում՝ Ավետարանը, ջանում էր կատարել ավետարանի պատվիրանները։ Խոնարհության գերին էր այդ կինը, և այդ խոնարհության պատճառով տարաձայնություններ էին լինում հոր և մոր միջև։ Հայրը պահանջում էր, որ մայրը լինի արիստոկրատ, բայց մայրը պայքարում էր ամուսնու արիստոկրատիզմի դեմ։ Հայրը համառ արիստոկրատ էր մայրը՝ համառ դեմոկրատ։ Մայրը գիտեր, որ հայրը սիրուհի ունի Ստամբուլում, բայց դրա հետ մեկտեղ հոր մահից հետո մեծ եղբորս հետ կապոց էր ուղարկում նրան։ Իր վիպակի մեջ հիշում է նաև պապին՝ մոր հորը։ Հեղինակը պատմում է, որ պապը խստաբարո մարդ էր, հակառակ մոր բնավորությանը։ Ծույլ էր անվանում բոլորին, բայց ինքը ամբողջ կյանքում ոչ մի աշխատանք չէր կատարել։ Նա հավատում էր, որ կյանքում, ոչ մի սխալ չի գործել։ Իսկ տատը՝ փափուկ , սպիտակ ձեռներով փոքրիկ մի կին էր, խոշոր, սև աչքերով, միշտ հեզահամբույր և չափազանց մաքրասեր։ Պատմում է նաև հորաքրոջ մասին, ով ամեն տեղ կար՝ մեռլատանը, հարսանիքներում, կռվի ու բամբասանքի մեջ հիվանդի գլխի վրա, մի խոսքով ամեն տեղ։ Նա երբեք չէր սիրել, 65 տարեկան էր և ամուսնացած չէր։ Շատ տարիներ առաջ մեկը՝ Նազար աղան, նրան կնության էր ուզել, բայց  նա հրաժարվել էր ամուսնանալ։

Նրա հիշողության մեջ մեծ տեղ ուներ իրենց տան աշխատողը՝ Գրիգոր՝ Գոգոն, ով 40 տարի շարունակ իրենց տան բնակիչն է եղել։ Ասում է, որ հարևանների աչքով նա իրենց տան աշխատողն էր, բայց նրանց  համար նա ընտանիքի անդամ էր։ Տան բոլոր տնտեսությունը նրան էր հանձնված։ Երբ մայրը և Գոգոն ձմեռվա պաշար հոգալու համար զրուցում էին, մայր պնդում է, որ յուղի, բրնձի պաշար բավական է, բայց Գոգոն ընդդիմանում էր, և պնդում այնքան, մինչև իր որոշած չափը պահվեր ձմեռվա պաշար։ Նա ուներ երեք եղբայր՝ Հակոբը, Գևորգը, Լևոնը և երեք քույր՝ Խասիկը, Սիրանուշը, Ձայնիկը։ Հակոբը նրա մեծ եղբայրն էր և ուներ իր հավատարիմ ձի ընկերոջը՝ Մարանին։ Նա իր ամբողջ ժամանակը հատկացնում է Մարանին և մի օր Մարանը սատկում է՝ ոտքի բորբոքումից։ Եվ Հակոբը այնքան է հուսահատվում, որ հայրը նրան ուղարկում է ճանապարհորդության, որպեսզի վերականգնվի, սակայն դա նույնպես չի փրկում նրան և նրան ամուսնացնում են Եզիսաբեթի հետ։ Գևորգի մասին նա պատմում է, որ նա ուներ հանգիստ բնավորություն, հազվադեպ էր բարկանում և դա շատ շուտ անցնում էր։ Գևորգի ամենամեծ կիրքը չամիչն էր։ Երբ հիվանդ էր լինում, նրան չամիչ էին առաջարկում։ Եթե հրաժրվեր, ուրեմն լուրջ հիվանդ էր։ Հիշում է նաև իր բրոնզյա եղբորը՝ Լևոնին, ով գնալով Նյու-Յորք մտնում է ֆինանսական բիրժան։ Մի օր լինում էր միլիոններ, մի օր՝ սենտերի կարոտ։ Հեղինակը չեղավ նրա նման․ մտավ գրքերի աշխարհ։ Քույրերից Խասիկի մասին պատմում է, որ նրան հիշում է հոր կապակցությամբ․ հոր հողաթափերն էր տալիս, ջուր էր լցնում որ լվացվի և այլն։ Նա կապվեց Ամերիկայից եկած ոսկյա ատամավոր մի մարդու հետ և դժբախտացավ։ Սիրանուշից պատմում է, որ նա նախանձ արթնացնելու հատկություն ուներ։ Նա նույնպես դժբախտ եղավ, որովհետև ամուսնուն սպանեցին։ Ձայնիկը շատ նման է եղել Թոթովենցին՝ կապուտաչյա, սև հոնքերով և սև մազերով։ Ձյունիկ վերջին երեխան է եղել իրենց տան։ Հեղինակը մեծ սեր է ունեցել շների նկատմամբ, և շներն էլ իրեն են սիրել, նրա համար դա նման չի եղել մարդկային սիրո։ Նա անադրադառնում է իր համար մի զարհուրելի պատմության, որ եղել է հարևանի տղաների միջև։ Երկու եղբայր Վահրամը՝ 19 տարեկան և Հրաչը՝ 17 տարեկան, թշնամիներ են դառնում մի աղջկա՝ Վերոնիկայի պատճառով։ Հրաչի և Վերոնիկայի ծնողները նշանել էին նրանց օրորոցը, բայց տարիների ընթացքում բոլոր մոռանում են այդ մասին։ Վահրամը և Վերոնը սիրում են իրար և այդ մասին իմանում է Հրաչը։ Նա հիշում է այն, որ Վերոն իրեն է պատկանում, և երկու եղբայրների մեջ վեճ է առաջանում։ Վեճը այնքան է թեժանում, որ նրանք անգիտակցաբար բռնում են աղջկա կոկորդից և այնքան են քաշքշում, որ խեղդամահ են անում նրան։ Տարածվում է զարհուրելի լուրը, և Վահրամին ու Հրաչին բանտարկում են։ Իր հարևանների մասին խոսելիս նա անրադառնում է մի ընտանիքի, որտեղ մայրը ապրում էր որդու՝ Հովսեփի և աղջկա հետ։ Ամուսինը տարիներ առաջ գնացել էր Ամերիկա և մոռացել նրանց։ Մի օր նրանց ընտանիքում հայտնվել էր մի տղամարդ, ում Հովսեփն ու քույրը չէին ճանաչել և մայրը նրանց ասել էր, որ դա իրենց հայրն է։ Քույր ու եղբայր ընդունեցին նրան սառնասրտորեն։ Լուր էր տարածավել, որ Հովսեփը հորը սպանել է, բայց պատճառ ոչ ոք չգիտի։ Պարզվում է, որ Հովսեփի հայրը մորը մեղադրել է այն բանում, որ նա հավատարիմ չի եղել իրեն իր բացակայության ընթացքում։ Եվ Հովսեփը նրան այնքան է հարվածել, որ նա մահացել է։ Հովսեփին բանտարկեցին, բայց քանի որ բոլորը նրա կողմնակիցն էին բողոքում են դատարանի դեմ և Հովսեփին ազատ են արձակում։

Մի առավոտ դպրոց գնալու ժամանակ նա տեսնում է, որ մարդիկ խառնված այս ու այն կողմ են վազում, ինչ-որ տարրօինակ խուճապ է առաջացել։ Հրապարակին մոտենալով՝ տեսնում է գլխատված մարդկանց։ Սուլթանական բռնապետությունը գլխատել է երկու հեղափոխականի գլուխ։ Եվ երբ պատրաստվում էր հեռանալ տեսնում է, որ կրկին աղմուկ է տարածվում՝ բոլորը տալիս են Ֆուադ Բեյ անունը։ Նա մի թուրք հեղափողական էր, ով բողոք էր բարձրացրել հեղափոխականների գլխատելու համար, և վրա են հասնում ոստիկանները, ձեռբակալում և տանում։ Այնուհետև որոշ ժամանակ անց քաղաքում լուրեր է պտտվում, թե քաղաքի ամենակատաղի թուրքի՝ Ահմեդ Չավուշի կնոջը խեղդամահ արված են գտել։ Դա հենց Ահմեդն էր արել, այն ժամանակ, երբ կնոջ տեսել էր սիրեկանի հետ։ Բայց սարսափելին այն է եղել, որ  Ահմեդ Չավուշը ասել է, թե հայերն են իր կնոջը խեղդամահ արել, երբ այդ լուր տարածվում է նրան ձերբակալում են և բանտարկում։ Նա պատմում է նաև Ալիի՝ մոխրակույտերի իշխանի մասին։ Նա 25 տարեկան էր և հայրը մի օր որոշում է նրան նշանակել իրենց ագարակի պաշտպան։ Նա հավատարիմ էր, անկեղծ ու նվիրված։ Ամեն գնով պաշտպանում էր ագարակը։ Բոլորը նրան վատ էին վերաբերում, որովհետև նա անհայտ ծագում ուներ մի օր նա որոշել էր բոբիկ ոտքով գնալ Մեքքա, որպեսզի բոլորը մոռանան իր ծագում և հարգեն իրեն։ Նա գնում է և վերադառնում է մի քանի տարի անց։ Նրան բոլորը գրկաբաց ընդունում են։ Մի օր նա Հաջի էֆենդուն իր մոտ է կանչում և շնորհակալություն է հայտնում ամեն ինչի համար։

Վիպակը Թոթովենց ավարտում է աղավնիկ խաղցնող Ակոբի պատմությամբ՝ ասելով, որ իրեն հետաքրքիր է, թե ինչու են Ակոբին վատ վերաբերվում աղավնիկ պահելու համար։ Չէ՞ որ աղավնին համարվում է մաքրության, պարզության խորհրդանիշ։ Նրան հետաքրքիր էր, թե ի՞ նչ կապ ունեին աղավնիներ մարդկանց պատվի, դիրքի և չարության հետ։ Նրանք ճախրում էին արևի շողերի ծովում, շողերի հեշտագին ալիքներում, ինչ փույթ, թե ներքևում մարդիկ արյուն էին թափում և թափված արյան հանցանքը փաթաթում իրենց սպիտակ և անմեղ վզերին։ Մեկ հմայվում էր մյուսից, հանձնվում էր նրան, հետևում էր, գալիս, իջնում էր նրա տաքուկ բույն, ամբողջ գիշեր քչքչում, կտուց կտուցի զարկում, հարբում սիրուց և առավոտյան, արևի շողերի տակ, շարունակում սիրո անմեղ խաղը։ Ամենավերջում նա նկարագրում է հոր գերեզմանը, որի մոտ հոր մահից հետո  թթենի են տնկել և նա մտածում է, որ թթենին իր հայրն է կանաչած, ճյուղավորված։ Նա գրկում է թթենին, այնպես, կարծես՝ հորն է գրկում[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտ
  • Առաքել աղա
  • Գրիգոր
  • Հակոբ
  • Գևորգ
  • Լևոն
  • Սիրանուշ
  • Խասիկ
  • Ձյունիկ
  • Նազար աղա
  • Եղիսաբեթ
  • Վահրամ
  • Հրաչ
  • Վերոնիկա
  • Հովսեփ
  • Ֆուադ Բեյ
  • Ահմեդ Չավուշ
  • Ալի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թամրազյան, Հրանտ (1984). Սովետահայն գրականության պատմություն. «Լույս» հրատարակչություն. էջ 418.
  2. Թոթովենց, Վահան (1988). երկեր գիրք 1. Երևան: Սովետական գրող. էջեր 371–528.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են