Բում (գյուղ)
Գյուղ | ||
---|---|---|
Բում | ||
ադրբ.՝ Bum | ||
Երկիր | Ադրբեջան | |
Հիմնադրված է | օգոստոսի 30, 1930 թ. | |
ԲԾՄ | 516 մետր | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Խոսվող լեզուներ | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 5300 մարդ (2013) | |
Կրոնական կազմ | Սուննի իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 36 | |
Պաշտոնական կայք | qebele-ih.gov.az | |
|
Բում (ադրբ.՝ Bum), իսլամի հետևորդ հայերով բնակեցված գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գաբալայի (Կուտկաշենի) շրջանում՝ շրջկենտրոն Կուտկաշենից 7 կմ արևմուտք, համանուն գետի ափին[1]:
Պատմություն
Բում գյուղի մասին պատմական քիչ տեղեկություններ են հայտնի: Այն հիշատակվում է Ցարական Ռուսաստանի Պետրոս I կայսերը 1725 թվականին օգնություն ստանալու խնդրանքով դիմած հայկական գյուղերի շարքում էր Բում գյուղը, որի քահանա Տեր Մինասն ու ոմն Պայրամ ստորագրել էին նամակը[1][2]:
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը 1890-ական թվականներին իր աշխատությունում Բումը հիշատակել է որպես ավան[3]:
Բնակչություն
Հնուց ի վեր Բումը եղել է հայկական գյուղ, որի բնակիչները դավանել են քրիստոնեության հայ առաքելական ուղղությունը: Հայ բնակչությունը կրոնական հալածանքներից խուսափելու նպատակով ստիպողաբար դավանափոխ է եղել 18-րդ դարի կեսերին[1]: Շրջանի այլ գյուղերի հետ միասին Բումի հայ բնակչությունը ֆիզիկական բնաջնջումից փրկվելու հույսով ընդունեց իսլամ։ Թեև սկզբնական շրջանում այդ երևույթը որոշակի ձևական բնույթ էր կրում: Այդ մասին նաև խոստովանել էին բնակիչները: Այնուամենայնիվ մշտական հալածանքներն ու սարսափը, դաժան մահապատիժները տարիների ընթացքում աստիճանաբար ավելի ամրապնդեցին իսլամը, և քրիստոնեությունը մոռացվեց: Հավատափոխությանը հաջորդեց մայրենի լեզվի կորուստը, իսկ ավելի ուշ՝ ազգային բազմաթիվ սովորույթների մոռացումը[3]:
Հայտնի է որ 1851 թվականին գյուղում բնակվել են 768 դավանափոխ հայեր[4], 1874 թվականին՝ 1208[5], 1890 թվականին՝ 416[3], իսկ 1976 թվականին՝ 3808[6]: 2013 թվականի տվյալներով գյուղն ունի 5300 բնակիչ:
Պատմական հուշարձաններ
Բում գյուղի տարածքում առկա են ինչպես լքված քրիստոնեական պատմամշակութային հուշարձաններ, այնպես էլ գործող մզկիթներ:
Իսլամ ընդունելուց միայն 100 տարի հետո՝ 19-րդ դարի երկրորդ կեսում Բումի իսլամադավան՝ ծագումով հայ բնակիչները սկսեցին կառուցել նոր կրոնից պահանջված աղոթատեղիներ՝ մզկիթներ։ Հայտնի է, որ այդպիսի աղոթատներ 1874 թվականի դրությամբ Բում գյուղում երեքն էին[5]:
Բում գյուղում և շրջակայքում պահպանվել են հին գերեզմանոցներ, եկեղեցիներ, բերդեր[1]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը», Երևան 1997թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն:
- ↑ Г. А. Эзов, Сношения Петра Великаго с Армянским народам, СПБ, 1898, с. 427-428.
- ↑ 3,0 3,1 3,2 Մ. Բարխոււոարեանց, Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս, 1863թ.:
- ↑ “Кавказский Календарь на 1852 г.”, Тифлис, 1851 с. 79.
- ↑ 5,0 5,1 “Кавказский Календарь на 1885 г.”, Тифлис, 1884, с. 215.
- ↑ Ադրբեջանական Սովետական Հանրագիտարան (ադրբեջաներեն), հ. 2, Բաքու, 1978, էջ 350։