Հերոսների հրապարակ
Հերոսների հրապարակ | |
---|---|
Երկիր | Հունգարիա |
Տեղագրություն | Զուգլո |
Մասն է | World heritage sites in Budapest? |
Ստեղծում | 1896 |
Մակերես | |
Հերոսների հրապարակ (հունգ.՝ Hősök tere), հրապարակ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Գտնվում է Պեշտ հատվածում: Հերոսների հրապարակով ավարտվում է Անդրաշի պողոտան և սկսվում է Վարոշլիգետ քաղաքային այգին: Հրապարակը ձևավորվել է Հունգարիայի կազմավորման 1000-ամյակի առթիվ 1896 թվականին` ընդունելով Հունգարիա ժամանած ավելի քան 50.000 հյուրերի:
Հրապարակը զարդարում են մի քանի հուշարձաններ: Առաջինը, որը գտնվում է կենտրոնում, նվիրված է Կարպատներով հունգարների անցմանը: Այն բարձր սյուն է, որի գագաթին գտնվում է Գաբրիել հրեշտակապետի կերպարը երկրագնդի վրա` առաքելական խաչով և Իշտվան արքայի թագով: Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ալբերտ Շիկեդանցը և քանդակագործ Դյորդ Զալան: Արձանի կանգնեցումը տևել է մոտ 42 տարի: Լեգենդի համաձայն` սուրբ Իշտվանի միջոցով հունգարներին քրիստոնեություն ընդունել է պատվիրել Գաբրիել հրեշտակապետը, ով հայտնվել է նրան երազում: Հուշարձանի ստորին հատվածում պատկերված են հունգարական յոթ ցեղերի առաջնորդները` իշխան Արպադի գլխավորությամբ, ով հիմնադրել է հունգարական իշխող արքայատոհմը:
Կիսաշրջանաձև երկու սյունաշարերը, որոնք տեղակայված են հրապարակում` Գաբրիել հրեշտակապետի սյան հետին մասում, Հունգարիայի հերոսներին նվիրված հուշարձաններ են: Սյունաշարերից յուրաքանչյուրի երկարությունը 85 մ է: Սյուների միջև ձախից աջ տեղադրված են Արպադների տոհմի ներկայացուցիչների բրոնզե արձանները` սուրբ Իշտվան, սուրբ Լասլո, Կալման І, Անդրաշ ІІ և Բելա IV: Նրանց հաջորդում են Անժույի տոհմի ներկայացուցիչների արձանները` Կառլ Ռոբերտ և Լյուդովիկոս I Մեծ, Յանոշ Խունյադի, Մատյաշ Կորվին, այնուհետև տրանսիլվանական իշխաններ Իշտվան Բոչկաիի, Գաբոր Բետլենի, Իմրե Տեկելիի, Ֆերենց II Ռակոցիի և հունգար ժողովրդի ազատության համար պայքարած հերոս Լայոշ Կոշութի արձանները: Սյունաշարերը պսակված են Աշխատանքի, Զարգացման, Պատերազմի, Խաղաղության, Իմաստության և Փառքի այլաբանական կերպարներով:
Գլխավոր սյան հարևանությամբ տեղադրված է քարե հուշատախտակ` նվիրված հունգար զինվորներին, ովքեր մահացել են համաշխարհային պատերազմների ժամանակ: Այստեղ ազգային տոներին կանգնում է պատվո պահակախումբը, և անցկացվում են ծաղիկների խոնարհման հանդիսավոր միջոցառումներ:
Հրապարակը երկու կողմերից հարում են նեոկլասիցիզմի ոճով կառուցված երկու շինություններ` Կերպարվեստի թանգարանը և Մյուչառնոկ արվեստի սրահը:
Հրապարակի տակ տեղակայված է Բուդապեշտի մետրոպոլիտենի համանուն կայարանը:
Գրականություն
- Венгрия. Издательство «Вокруг света», 2009 ISBN 978-5-98652-226-5
- Михаэль Херл. Будапешт. Издательство Polyglott, 1996 ISBN 5-88395-021-3
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հերոսների հրապարակ կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերոսների հրապարակ» հոդվածին։ |