Real and True

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Real and True»
«Real and True» սինգլի շապիկը (Future-ի, Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոն, 2013)
Future-ի, Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի սինգլը
ԹողարկվածՆոյեմբերի 5, 2013 (2013-11-05)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2013
Ժանր
ԵրգահանՄիսթր Հադսոն, Future և Մայլի Սայրուս
Տևողություն4:07
Լեյբլ
  • Epic Records
  • Freebandz
  • A1 Recordings
ՊրոդյուսերMike Will Made It
Future-ի սինգլների ժամանակագրություն
«Ready»
(2013)
«Real and True»
(2013)
«Move That Dope»
(2014)
Մայլի Սայրուսի սինգլների ժամանակագրություն
«Wrecking Ball»
(2013)
«Real and True»
(2013)
«Feelin' Myself»
(2013)
Միսթր Հադսոնի սինգլների ժամանակագրություն
«Fred Astaire»
(2013)
«Real and True»
(2013)
«Move»
(2013)

«Real and True» (հայերեն՝ «Իրական և ճշմարիտ»), ամերիկացի ռեփեր Future-ի և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանացի երգիչ Միսթր Հադսոնը։ Երգը թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Epic Records, Freebandz և A1 Recordings լեյբլների կողմից[1]։ Սա փոփ և R&B ժանրերի երգ է հավերժական սիրո մասին[2][3]։ Երգը գրվել է Future-ի, Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի կողմից[4], իսկ երգի պրոդյուսերն է Mike Will Made It[5]։

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Սայրուսի վոկալն[6][7] ու Mike Will Made It-ի կատարած պրոդյուսերական աշխատանքը[8]։ Երգը չի ունեցել կոմերցիոն մեծ հաջողություն և չի զբաղեցրել որևէ հորիզոնական Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում, սակայն զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում[9]։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին MTV հեռուստաալիքի եթերում[4]։ Տեսահոլովակում Future-ը և Հադսոնը տիեզերագնացներ են, ովքեր, հայտնվելով ինչ-որ մոլորակում, հայտնաբերում են ուշագնաց Սայրուսին և նրան գիտակցության բերում[4]։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլին լսեց հուկն ու ակնթարթորեն սիրահարվեց երգին։ Նա ձայնագրեց իր վոկալը, և նրանք ուղարկեցին դա ինձ, իսկ ես գրեցի իմ հատվածները և փորձեցի հանդես գալ ինչ-որ յուրահատուկ բանով։ Նրա վոկալը շատ ուժեղ և զգացմունքային է այս երգում։ Նա տալիս է այդ կիրքն այս ձայնագրությանը։

«
»
- Future-ը Սայրուսի հետ համագործակցության մասին («Rolling Stone» ամսագիր)[4]

Future-ն ու Մայլի Սայրուսն առաջին անգամ համագործակցել են «My Darlin» երգի համար, որն ընդգրկվել է Սայրուսի «Bangerz» (2013) անվանումը կրող չորրորդ ալբոմում[10]։ «My Darlin» երգը ձախողված սիրային հարաբերության և նախկին մտերմությունը վերականգնելու ցանկության մասին է[11]։ Այդ երգը մեծ հաջողություն չունեցավ, սակայն զբաղեցրեց 80-րդ հորիզոնականը Կանադայի Hot 100 հիթ շքերթում[12]։ Միսթր Հադսոնն ու Future-ը նախկինում դեռ չէին համագործակցել իրար հետ, սակայն երբ նա Հադսոնին ուղարկեց «Real and True» երգի երաժշտությունը, երգիչը գրեց կրկներգն ու ձայնագրեց իր վոկալը[13][14]։ Future-ը Լաս Վեգասում երգեր էր ձայնագրում, երբ Հադսոնը նրան ուղարկեց իր ձայնագրած կրկներգը[14], որն էլ այնուհետև լսեց Սայրուսը և ցանկություն հայտնեց մասնակցությունն ունենալ երգում[4]։ Future-ը սկսեց գրել երգի մնացած հատվածները, և այն ամբողջացավ[4]։ Երգի պրոդյուսերը Mike Will Made It-ն է[5], ով նախկինում բազմիցս աշխատել է Future-ի և Սայրուսի հետ[15]։

2013 թվականի սեպտեմբերին պրոդյուսեր Mike Will Made It-ը հարցազրույց տվեց «The Fader» ամսագրին, որտեղ խոսեց իր և Future-ի համագործակցությունների մասին, ինչպես նաև հայտարարեց, որ իրենց նոր երգը կոչվելու է «Real and True»[16]: Հոկտեմբերի 2-ին Future-ը հարցազրույց տվեց MTV հեռուստաալիքի «RapFix Live» հաղորդմանը, որտեղ առաջին անգամ խոսեց Սայրուսի և Հադսոնի հետ ունեցած իր համագործակցության մասին[17]։ Հոկտեմբերի 26-ին երգից մի փոքր հատված հայտնվեց համացանցում[18], իսկ ամբողջական տարբերակով այն թողարկվեց նոյեմբերի 5-ին[1]։ Ի սկզբանե երգը նախատեսված էր ընդգրկվել Future-ի «Honest» (2014) կոչվող երկրորդ ալբոմում[4], սակայն ավելի ուշ այն դուրս մնաց ալբոմի վերջնական երգացանկից[19]։

Future-ը երգը նվիրել է իր նշանածին` երգչուհի Սիարային:

Երաժշտություն և տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Real and True»-ն փոփ և R&B ժանրերի երգ է[2][3], որը հավերժական սիրո մասին է[3]։ «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցում Future-ը նշել է, որ երգն իր նշանածի՝ երգչուհի Սիարայի մասին է (նրանք այժմ բաժանված են)։ Այդ հարցազրույցում նա ասել է․ «․․․այն, ինչ ես ասում եմ (այս երգում), կարող է զարմացնել մարդկանց, քանի որ ես խոսում եմ իմ հարաբերությունների և այն ամենի մասին, ինչի միջով անցնում եմ հիմա»[4]։ Future-ը կատարում է երգի առաջին տունը, Սայրուսը՝ երկրորդը, իսկ երրորդ տունը կրկին կատարում է ռեփերը։ Միսթր Հադսոնը երգում է միայն կրկներգերը (բացառությամբ երկրորդի, որը երգում է Սայրուսը), իսկ Future-ը և Սայրուսը նրան միանում են չորրորդ և հինգերորդ կրկներգի ժամանակ։ Ըստ «Music Times» մեդիա ընկերության լրագրող Կարոլին Մենյեսի՝ երգում կատարողների ձայները մշակելու համար բավականին շատ է օգտագործվել Auto-Tune ծրագիրը[3]։ Հետագայում «Spin» ամսագրի հետ հարցազրույցում Future-ը ասել է, որ «Real and True»-ն ամենաշատ փոփ տարրեր կրող երգն է, որ երբևէ ձայնագրել է[13]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները բարձր են գնահատել Մայլի Սայրուսի մասնակցությունը երգում:

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ «Billboard» ամսագրի լրագրող Էրիկա Ռամիրեսը գրել է, որ Սայրուսն իր ձայնով ունկնդիրների ամբողջ ուշադրությունը հրավիրում է իր վրա[6]։ «Consequence of Sound» կայքի վերլուծաբան Ալեքս Յանգը երգի կրկներգն անվանել է «տպավորիչ»՝ ավելացնելով, որ Future-ի հատվածը «ռեփի և զգացմունքային երգեցողության նուրբ խառնուրդ է»[20]։ «Exclaim!» ամսագրի լրագրող Ջոսայ Հյուզը նույնպես դրական կարծիք է հայտնել երգի մասին՝ գրելով, որ «սիրո և բարության զգացումը» ուղեկցվում է ամբողջ երգի ընթացքում[21]։ «Idolator»-ի բլոգեր Կարլ Վիլիոտը բարձր է գնահատել Mike Will Made It-ի կատարած պրոդյուսերական աշխատանքը և երգն անվանել է «գեղեցիկ»[8]։ «Hollywood Life» կայքի լրագրող Էնդրյու Գրուտադորան այն համարել է տարվա լավագույն սիրային երգի թեկնածու, ինչպես նաև նշել է, որ երգի ռոմանտիկ երաժշտությունը կատարելապես ցույց է տալիս Սայրուսի տաղանդն ու վոկալը[7]։ MTV Buzzworthy-ի լրագրող Ջեննա Հելի Ռուբենստինը այն համարել է «երբևէ ամենադեպրեսիվ սիրային երգը», իսկ երգի բառերը, ըստ նրա, հուզիչ են[22]։ «Spin» ամսագրի և «Stereogum» ինտերնետ հրատարակչության լրագրողները երգը համեմատել են բրիտանական Coldplay ալտերնատիվ ռոք խմբի երգերի հետ[13][23]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն և սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա այն մասին է, թե ինչպես է մեկը զոհաբերում իր կյանքը հանուն սիրո։ Այս տեսահոլովակն ինձ համար թերևս մեկն է ամենաառանձնահատուկ տեսահոլովակներից։

«
»
- Future-ը տեսահոլովակի գաղափարի մասին[24]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է բրիտանացի լուսանկարիչ Ռանկինը, նկարահանվել է 2013 թվականի հոկտեմբերին[25]։ Ռանկինը նախկինում նաև այնպիսի տեսահոլովակների ռեժիսորն է եղել, որոնցից են՝ «Say It Right» (Նելլի Ֆուրտադո), «Rose Colored Glasses» (Քելլի Ռոուլենդ), «Acapella» (Կելլիս) և այլն[26]։ Տեսահոլովակի նկարահանման ընթացքի առաջին լուսանկարները համացանցում հայտնվել են հոկտեմբերի 16-ին[25], իսկ հոկտեմբերի 29-ին տեսահոլովակից մի փոքր հատված տեղադրվել է համացանցում[27]։ Տեսահոլովակի երկրորդ փոքր հատվածը տեղադրվել է նոյեմբերի 9-ին[28], իսկ հաջորդ օրն այն ամբողջական տարբերակով ներկայացվել է MTV հեռուստաալիքի եթերում[4]։ Նոյեմբերի 11-ին տեսահոլովակը տեղադրվել է Future-ի պաշտոնական VEVO ալիքում[29]։

Տեսահոլովակի սկզբում Future-ը և Միսթր Հադսոնը, ովքեր հանդես են գալիս որպես տիեզերագնացներ, հայտնվում են ինչ-որ մոլորակում և այնտեղ հայտնաբերում մեկ այլ տիեզերագնացի մարմին, որին մարմնավորում է Սայրուսը։ Նրանք Սայրուսին տեղափոխում են մի վայր, որտեղ նա արթնանում է վիրահատական սեղանին պառկած և արդեն գիտակցության եկած։ Սայրուսը, ում մերկ մարմինն ամբողջովին պատված է փայլով, սկսում է կատարել իր հատվածը, իսկ հաջորդ կադրերում նա և Future-ն իրար մոտ կանգնած երգում են իրենց հատվածները։ Տեսահոլովակի ավարտին Future-ը և Միսթր Հադսոնն իրենց հրթիռով հեռանում են այդ մոլորակից՝ թողնելով Սայրուսին այնտեղ[4]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը դրական ընդունելության է արժանացել հանդիսատեսի և երաժշտական քննադատների կողմից, ովքեր հիմնականում քննարկել են Սայրուսի կերպարը[30], քանի որ մինչև այս տեսահոլովակի թողարկումը, երգչուհին ամիսներ առաջ սկանդալային ելույթ էր ունեցել MTV Video Music Awards 2013 մրցանակաբաշխության ժամանակ և ներկայացրել իր «Wrecking Ball» երգի սկանդալային տեսահոլովակը[22]։ «Daily Mirror» թերթի լրագրող Զո Շենթոնը դրական կարծիք է հայտնել տեսահոլովակի մասին՝ գրելով, որ «հագուստով, թե առանց հագուստի, Սայրուսը երևում ու հնչում է անհավանական»[31]։ «Hollywood Life» կայքի լրագրող Ջուլիանա Իշլերին դուր է եկել տեսահոլովակի «ֆուտուրիստական զգացումը», ինչպես նաև հույս է հայտնել, որ ապագայում Future-ը և Սայրուսը կրկին կհամագործակցեն[32]։ «Celebuzz» կայքի լրագրող Գաբրիել Չանգը Սայրուսի մասին նշել է, որ ինչպես այսօրվա նրա տեսահոլովակների մեծ մասում, այս մեկում նույնպես երգչուհին մերկ է[33]։ «Vibe» ամսագրի լրագրող Չառլի Ռոգուլևսկին տեսահոլովակն անվանել է «ցնցող», իսկ Սայրուսի կերպարը նմանեցրել է «Հինգերորդ տարրը» (1997) գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսուհի Միլա Յովովիչի կերպարին[34]։ «Gigwise» կայքի լրագրող Էդուարդ Քիբլի կարծիքով՝ սա թերևս Սայրուսի ամենապահպանողական տեսահոլովակն է, եթե համեմատենք նրա վերջին մի քանի տեսահոլովակների հետ[35]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Real and True» երգը Հարավային Կորեայի Gaon Digital Chart հիթ շքերթում զբաղեցրել է 189-րդ հորիզոնականը[36], իսկ Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթում զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը[37]։ Միացյալ Նահանգներում երգը որևէ հորիզոնական չի զբաղեցրել «Billboard» ամսագրի կողմից կազմվող Hot 100 հիթ շքերթում՝ չնայած այն բանին, որ երգի թողարկումից առաջ ամսագրի լրագրող Էրիկա Ռամիրեսը գրել էր, որ «կասկած չկա», որ այն մտնելու է Hot 100 հիթ շքերթ[6]։ «Real and True»-ն միայն զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը նույն ամսագրի Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում[9]։

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles)[38] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs)[9] 32
Հարավային Կորեա Հարավային Կորեա (Gaon Digital Chart)[36] 189
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK Singles Chart)[37] 92
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK R&B Chart)[39] 17

Երգի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

iTunes-ում և Amazon-ում թվային ներբեռնման համար հասանելի է երգի երկու տարբերակ՝ Explicit և Clean[1][40][41][42]: Explicit տարբերակում հնչում են այն բոլոր հայհոյանքները, որոնք առկա են երգում, իսկ Clean տարբերակում դրանք խմբագրված են։

# Անվանում Տևողություն
1. «Real and True» (Explicit) 4:07
2. «Real and True» (Clean) 4:08

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «iTunes - Երաժշտություն - Real and True (Միսթր Հադսոնի մասնակցությամբ) - Սինգլ Future-ի և Մայլի Սայրուսի կողմից». iTunes Store (US). Apple Inc. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  2. 2,0 2,1 Նեյոմի Զայքներ (2013 թ․ նոյեմբերի 11). «Տեսահոլովակ․ Future (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ) «Real and True»». «The Fader». Էնդի Քոն. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Կարոլին Մենյես (2013 թ․ նոյեմբերի 5). «Վերլուծություն․ Future-ը և Մայլի Սայրուսը թողարկում են «Real and True» նոր երգը առաջիկայում թողարկվելիք «Honest» ալբոմից». «Music Times». Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Քրոյ Գրոու (2013 թ․ նոյեմբերի 11). «Մայլի Սայրուսը մերկանում է Future-ի «Real and True» տեսահոլովակում». «Rolling Stone». Wenner Media, LLC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  5. 5,0 5,1 «Նոր երաժշտություն․ Future (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ) - «Real and True»». «Rap-Up». 2013 թ․ նոյեմբերի 4. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  6. 6,0 6,1 6,2 Էրիկա Ռամիրես (2013 թ․ հոկտեմբերի 4). «Future-ը ներկայացնում է «Honest» ալբոմը, խոսում է Մայլի Սայրուսի, Նիքի Մինաժի հետ համագործակցության մասին». «Billboard». Prometheus Global Media. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  7. 7,0 7,1 Էնդրյու Գրուտադորա (2013 թ․ նոյեմբերի 5). «Մայլի Սայրուսը և Future-ը թողարկում են «Real & True» երգը - Լսեք». «Hollywood Life». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  8. 8,0 8,1 Կարլ Վիլիոտ (2013 թ․ նոյեմբերի 5). «Մայլի Սայրուսը գտնում է իր սերը Future-ի «Real And True» երգում․ Լսեք այս գեղեցիկ բալլադը». «Idolator». Spin Media. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Future-ը կատարում է իր «Honest» ալբոմի դեբյուտը 1-ին տեղով Top R&B/Hip-Hop Albums-ում». Billboard (անգլ.). Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  10. Էրիկա Ռամիրես (2013 թ․ նոյեմբերի 5). «Future-ը ներկայացնում է «Real and True» երգը Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ․ Լսեք». «Billboard». Prometheus Global Media. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  11. «Մայլի Սայրուս - My Darlin բառեր». MetroLyrics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  12. «Մայլի Սայրուսի մրցանակներ». Allmusic. Վերցված է Հուլիսի 10, 2015 (անգլ.)-ին.
  13. 13,0 13,1 13,2 Ջորդան Սարգենտ (2013 թ․ դեկտեմբերի 5). «Պարզապես ես #ազնիվ եմ․ Future-ը խոսում է իր և Մայլի Սայրուսի «Real and True» փոփ երգի մասին». «Spin». Վերցված է Հուլիսի 8, 2015 (անգլ.)-ին.
  14. 14,0 14,1 «Տեսահոլովակ․ Future (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ) – 'Real and True' [Թիզեր]». «Rap-Up». 2013 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է Հուլիսի 11, 2015 (անգլ.)-ին.
  15. «Ներբեռնեք Mike Will Made It-ի նոր՝ «Mike Will Been Trill» միքսթեյպը». «Fact». The Vinyl Company. 2013 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  16. «Հարցազրույց․ Mike WiLL Made It». «The Fader». 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է Օգոստոսի 5, 2015 (անգլ.)-ին.
  17. «Future-ը խոսում է Ատլանտայի, Մայլի Սայրուսի, Դրեյքի, Կեյշա Քոուլի, Նիքի Մինաժի, Ռիք Ռոսի և շատ ավելիի մասին MTV-ի «RapFix»-ում». FutureFanz. 2013 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է Հուլիսի 20, 2015 (անգլ.)-ին.
  18. «Future (Մայլի Սայրուսի մասնակցությամբ) – Real & True (Հատված)». HipHopLead.com. 2013 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է Հուլիսի 19, 2015 (անգլ.)-ին.
  19. «Future-ը խոսում է «Honest» ալբոմի և «ավելի լավ մարդ» դառնալու մասին». «Billboard». 2014 թ․ ապրիլի 7. Վերցված է Հուլիսի 8, 2015 (անգլ.)-ին.
  20. Ալեքս Յանգ (2013 թ․ նոյեմբերի 5). «Լսեք․ Future-ը և Մայլի Սայրուսը միասին «Real and True» երգում». «Consequence of Sound». Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  21. Ջոսայ Հյուզ (2013 թ․ նոյեմբերի 5). «Future «Real & True» (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ)». «Exclaim!». Ian Danzig. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  22. 22,0 22,1 Ջեննա Հելի Ռուբենստին (2013 թ․ նոյեմբերի 5). «Մայլի Սայրուսը օգնում է Future-ին և Միսթր Հադսոնին երգելու երբևէ ամենադեպրեսիվ սիրային երգը՝ «Real And True»». MTV Buzzworthy. Վերցված է Հուլիսի 8, 2015 (անգլ.)-ին.
  23. Թոմ Բրայհան (2013 թ․ նոյեմբերի 11). «Future – «Real And True» (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ) Տեսահոլովակ». «Stereogum». Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  24. Էսթեր Լի (2013 թ․ նոյեմբերի 5). «Մայլի Սայրուսը զուգերգ է կատարում Future-ի հետ «Real and True» երգում». «Us Weekly». Wenner Media, LLC. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  25. 25,0 25,1 Էդվին Օրտիզ (2013 թ․ հոկտեմբերի 16). «Future-ը նախատեսում է Մայլի Սայրուսի մասնակցությամբ «Real and True» տեսահոլովակը թողարկել ուրբաթ օրը». «Complex». Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  26. «Նկարահանման վայրում․ Քելլի Ռոուլենդի «Rose Colored Glasses»». directlyrics.com. 2010 թ․ օգոստոսի 16. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  27. Բրունա Նեսիֆ (2013 թ․ հոկտեմբերի 29). «Մայլի Սայրուսը և Future-ը դրամատիկ են «Real and True» տեսահոլովակում․ Հատված». «E! Online UK». Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  28. «Հատված․ Futue (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ) – «Real and True»». «Rap-Up». 2013 թ․ նոյեմբերի 9. Վերցված է Հուլիսի 8, 2015 (անգլ.)-ին.
  29. «Real and True - Future & Miley Cyrus». VEVO. 2013 թ․ նոյեմբերի 11. Վերցված է Հուլիսի 25, 2015 (անգլ.)-ին.
  30. Մարկ Հոգան (2013 թ․ նոյեմբերի 11). «Մայլի Սայրուսը և Future-ը գիտաֆանտասիկ (մերկ) սեր են ստեղծել «Real and True» տեսահոլովակում». «Spin». Վերցված է Հուլիսի 8, 2015 (անգլ.)-ին.
  31. Զո Շենթոն (2013 թ․ նոյեմբերի 12). «Մայլի Սայրուսը մերկանում է Future-ի «Real and True» տեսահոլովակում». «Daily Mirror». Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  32. Ջուլիանա Իշլեր (2013 թ․ նոյեմբերի 10). «Future-ը թողարկում է «Real and True» տեսահոլովակը մերկ Մայլի Սայրուսի մասնակցությամբ». «Hollywood Life». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է Հուլիսի 7, 2015(անգլ.)-ին.
  33. Գաբրիել Չանգ (2013 թ․ նոյեմբերի 11). «Մայլի Սայրուսը մերկ է և փայլում է Future-ի «Real and True» տեսահոլովակում». «Celebuzz». Վերցված է Հուլիսի 8, 2015 (անգլ.)-ին.
  34. Չարլի Ռոգուլևսկի (2013 թ․ նոյեմբերի 11). «Նոր տեսահոլովակ․ Future (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ) – «Real And True»». «Vibe». Վերցված է Հուլիսի 8, 2015 (անգլ.)-ին.
  35. Էդուարդ Քիբլ (2013 թ․ նոյեմբերի 15). «Դիտեք․ Մայլի Սայրուսը մերկանում է (կրկին) «Real + True» նոր տեսահոլովակում». «Gigwise». Վերցված է Հուլիսի 8, 2015 (անգլ.)-ին.
  36. 36,0 36,1 «Հարավային Կորեայի Gaon միջազգային հիթ շքերթ (Gaon Chart)». Korea Music Content Industry Association (կոր.). Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  37. 37,0 37,1 «Պաշտոնական սինգլների հիթ շքերթ Թոփ 100». UK Singles Chart (անգլ.). Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  38. «Billboard Bubbling Under Hot 100». Թվիթթեր (անգլ.). Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  39. «Պաշտոնական R&B սինգլների հիթ շքերթ Թոփ 40». UK R&B Chart (անգլ.). Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  40. «iTunes - Երաժշտություն - Real and True (Միսթր Հադսոնի մասնակցությամբ) - Սինգլ Future-ի և Մայլի Սայրուսի կողմից». iTunes Store (US). Apple Inc. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է Հուլիսի 7, 2015 (անգլ.)-ին.
  41. «Real and True (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ) - Future (Explicit)». Amazon.com. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է Հուլիսի 9, 2015 (անգլ.)-ին.
  42. «Real and True (Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի մասնակցությամբ) - Future (Clean Version)». Amazon.com. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է Հուլիսի 9, 2015 (անգլ.)-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]