Օձի յուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարկ Սթենլիի Օձի յուղի քսուկի օգտագործման նկարագրությունը և պրն. Սթենլին՝ գլխարկով, երկու օձերով շրջապատված

Օձի յուղ (անգլ.՝ Snake Oil), տերմին, որն օգտագործվում է նկարագրելու կեղծ մարքեթինգը, առողջապահական խաբեությունը կամ խարդախությունը։ Նմանապես, անգլերենում օձի յուղ վաճառող (անգլ.՝ Snake Oil salesman) են պիտակում այն մարդուն, ով որևէ անօգուտ կամ խարդախ բուժում, միջոց է վաճառում, գովազդում կամ հանդիսանում է որևէ խարդախ բուժման, միջոցի կամ լուծման կողմնակից[1]։ Տերմինը գալիս է «օձի յուղից», որը նախկինում վաճառվում էր որպես բուժիչ էլիքսիր բազմաթիվ տեսակի ֆիզիոլոգիական խնդիրների համար։

19-րդ դարի Միացյալ Նահանգների և 18-րդ դարի եվրոպացի շատ ձեռներեցներ գովազդել և վաճառել են հանքային յուղեր (հաճախ խառնված տարբեր ակտիվ և ոչ ակտիվ բաղադրիչներով խոտաբույսերի, համեմունքների, դեղերի և միացությունների հետ, բայց օձից ստացված որևէ նյութեր չպարունակող) «օձի յուղի քսուք» անվան տակ` պնդումներ անելով դրա արդյունավետության մասին՝ որպես համադարման։ Արտոնագրված դեղամիջոցները, որոնք համարվում էին համադարման միջոց, չափազանց տարածված էին 18-րդ դարից մինչև 20-րդ, հատկապես այն վաճառողների շրջանում, որոնք քողարկում էին կախվածություն առաջացնող թմրանյութերը, ինչպիսիք են կոկաինը, ամֆետամինը, ալկոհոլը և ափիոնի վրա հիմնված եփուկները կամ էլիքսիրները, որոնք վաճառվում էին բժշկության ցուցահանդեսներում որպես դեղամիջոց կամ առողջությանը նպաստող ապրանքներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական ջրային օձերի յուղը դարեր շարունակ օգտագործվել է չինական ավանդական բժշկության մեջ՝ հոդացավերի բուժման համար, ինչպիսիք են արթրիտը և բուրսիտը։ Ենթադրվում է, որ օձի յուղի օգտագործումը Միացյալ Նահանգներում կարող է կապված լինել 19-րդ դարի կեսերին երկաթուղու կառուցման մեջ աշխատող չինացիների հետ, ովքեր օրեր շարունակ ֆիզիկական աշխատանք էին անում։ Չինական օձի յուղը կարող է իրական օգուտներ ունենալ, քանի որ օմեգա-3 ճարպաթթվի էիկոզապենտաենաթթվի (EPA) բարձր կոնցենտրացիան ավելի շատ է, քան սաղմոնինը. շառլատանների կողմից հետագայում վաճառված չախչխիկ օձի յուղը շատ ավելի քիչ քանակությամբ օմեգա-3 է պարունակում[2]։ Ժամանակակից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էրաբու ծովային օձի յուղը զգալիորեն բարելավում է մկների լաբիրինթոսը սովորելու ունակությունը և նրանց լողալու դիմացկունությունը` խոզի ճարպով սնված մկների նկատմամբ[2][3]։

Արտոնագրային դեղերը ծագել են Անգլիայում, որտեղ 1712 թվականին արտոնագիր է տրվել Ռիչարդ Ստութոնի պատրաստած էլիքսիրին[4]։ Միացյալ Նահանգներում դեղերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ դաշնային կանոնակարգեր չեն եղել մինչև 1906 թվականին «Մաքուր սննդի և դեղերի մասին» օրենքի ընդունումը[5]։ Այսպիսով, գովազդվող արտոնագրային դեղամիջոցների լայն տարածումը՝ առանց հայտնի հատկությունների կամ ծագման, պահպանվել է ԱՄՆ-ում ավելի երկարատև, քան Եվրոպայում։

1719/1751 թվականների օձի յուղի բաղադրատոմս, տպագրված Իսպանիայում. «Mesues իժի յուղ. Վերցնել 2 ֆունտ կենդանի օձ և 2 ֆունտ 3 ունցիա քնջութի յուղ։ Դանդաղ եփել՝ ծածկված ջնարակապատ կաթսայի մեջ, մինչև միսը ոսկորից անջատվելը։ Քամել և պահել։ Օգտագործում. Մաքրում է մաշկը, հեռացնում պզուկները, իմպետիգո և այլ թերություններ»։

18-րդ դարի Եվրոպայում, հատկապես Մեծ Բրիտանիայում, իժի յուղը սովորաբար առաջարկվում էր բազմաթիվ տառապանքների համար, ներառյալ այն հիվանդությունները, որոնց դեպքում բոժոժավոր օձի (շառաչող օձեր) յուղը, որը ծագումով Ամերիկայի բնիկ իժերից է, հետագայում առաջարկվեց ռևմատիզմի և մաշկային հիվանդությունների բուժման համար[6]։ Թեև արևմտյան աշխարհում կան տարբեր իժերի ճարպից ստացված յուղի մասին տեղեկություններ, սակայն դրա արդյունավետության մասին պնդումները երբեք մանրակրկիտ չեն ուսումնասիրվել, և դրա արդյունավետությունն անհայտ է։ Հավանական է նաև, որ արևմտյան ձեռնարկատերերի կողմից վաճառվող օձի յուղի մեծ մասը եղել է անօրինական և չի պարունակում որևէ տեսակի օձից ստացված բաղադրիչներ։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում օձի յուղը հավանաբար փոփոխված հանքային յուղ է պարունակում։ Ուիլյամ Ռոքֆելլեր ավագը` Ջոն Դ. Ռոքֆելլերի հայրը բառացիորեն օձի յուղ էր վաճառում[7]։

Արևմտյան ֆիլմերում օձի յուղի վաճառքը վստահության վրա է հենված, ներկայացվում է որպես` վստահության խաղ (confidence trick). շրջիկ վաճառողը պնդում է, որ բժիշկ է (կեղծ հավատարմագրերով), վաճառում է կեղծ դեղամիջոցներ աղմկահարույց մարքեթինգային աժիոտաժով (հիպ-Hype) և պաշտպանված կեղծ գիտական ապացույցներով։ Վաճառքը մեծացնելու համար ամբոխի մեջ մեկը ( վաճառողի «խամաճիկը») հաճախ վկայում է ապրանքի արժեքը՝ փորձելով առաջացնել գնման խանդավառություն։ «Բժիշկը» մնում է քաղաքում, քանի դեռ իր հաճախորդները չեն հասկանացել, որ խաբվել են։ Այս տրոփը կապված է ամերիկյան Վայրի Արևմուտքի հետ։ Այնուամենայնիվ, հայտնի վճիռը, որը հարուցեց ամենաշատ հակասությունները, տեղի է ունեցել 1917 թվականին, երբ հայտնաբերվեց, որ Սթենլիի օձի յուղը իրական օձի յուղ չի պարունակում՝ ստեղծելով այն գաղափարը, որ օձի յուղի շշերը (և դրանց վաճառողները) ըստ էության խարդախություն են[8]։ Այդ դեպքը տեղի ունեցավ Ռոդ Այլենդում և վերաբերում էր օձի յուղին, որն արտադրվում էր Մասաչուսեթսում` շատ հետո և հեռու Հին Արևմուտքից[9]։

Բուժումից մինչև շառլատանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարկ Սթենլիի Օձի յուղի քսուկը փորձարկվել է Միացյալ Նահանգների կառավարության Քիմիայի բյուրոյի կողմից, որը Սննդի և դեղերի վարչության (FDA) նախորդն էր 1916 թվականին[9]։ Պարզվել է, որ այն պարունակում է հանքային յուղ, 1% ճարպային յուղ (ենթադրվում է, որ դա ճրագու է), չիլի պղպեղից ստացված կապսաիցին, տորպենտին (բևեկնախեժ/սկիպիդար) և կամֆորա[4]։

Քլարկ Սթենլիին 20 դոլարով տուգանելու 1917 թվականի որոշումը իր «Clark Stanley Snake Oil Liniment» ապրանքանիշը «սխալ բրենդինգով» ներկայացնելու համար։

1916 թվականին, 1906 թվականին Մաքուր սննդի և դեղերի մասին օրենքի ընդունումից հետո, Սթենլիի քսուկը հետազոտվել է Քիմիայի բյուրոյի կողմից և պարզվել է, որ այն խիստ բարձր գին ունի և սահմանափակ արժանիքներ։ Արդյունքում, Սթենլին ենթարկվեց դաշնային քրեական հետապնդման՝ որպես օձի յուղի անվան տակ խարդախ ձևով հանքային յուղ վաճառելու համար։ 1916 թվականին ԱՄՆ Ռոդ Այլենդի շրջանային դատարանում իր նկատմամբ դաշնային դատախազների կողմից հարուցված քաղաքացիական դատավարության ժամանակ Սթենլին հայտարարել է, որ իրեն ներկայացված մեղադրանքները nolo contendere (առանց մրցակցության) են՝ չընդունելով մեղքը[9]։ Նրա ներման խնդրագիրը ընդունվեց, և արդյունքում նա տուգանվեց $20[10][11] (մոտ $538 2022 թվականին)։

Օձի յուղ տերմինն այդ ժամանակվանից հաստատվել է ժողովրդական մշակույթում՝ որպես դեղորայք վաճառվող ցանկացած անարժեք եփուկի հղում, և իմաստն ընդլայնվել է՝ նկարագրելու խարդախ ապրանքների, ծառայությունների, գաղափարների և գործողությունների, ինչպես օրինակ` անարժեք հռետորաբանությունը քաղաքականության մեջ։ Հետագայում օձի յուղ վաճառողը անգլերենում սովորաբար օգտագործվում է քվակ, հեքստեր կամ շառլատան իմաստներով։

Ժամանակակից ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ռեենատոր, որը ներկայացնում է օձի յուղի շրջիկ վաճառողին Միացյալ Նահանգներից 2014 թ.

Բժշկական փորձագետների կողմից որպես «օձի յուղ» նկարագրված կեղծ առողջապահական արտադրանքները շարունակում են վաճառվել 21-րդ դարում, այդ թվում՝ բուսական դեղամիջոցներ, սննդային հավելումներ, այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են տիբեթական երգող թասերը (երբ օգտագործվում են բուժման համար) և բուժումներ, ինչպիսին է հեշտոցային շոգեբաղնիքը[12]։ Goop ընկերությունը[13] մեղադրվել է իր որոշ առողջապահական արտադրանքներում և առաջարկություններում «օձի յուղ վաճառելու» մեջ[14][15]։

COVID-19 համաճարակի ժամանակ չինական Xinhua լրատվական գործակալությունը պնդում էր, որ Shuanghuanglian բուսական արտադրանքը կարող է կանխարգելել կամ բուժել կորոնավիրուսների վարակները՝ խթանելով վաճառքը Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում և Չինաստանում։ Այնուամենայնիվ, այս պնդումները գիտական հիմք չունեն[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «snake oil salesman». The Free Dictionary.
  2. 2,0 2,1 Graber, Cynthia (2007 թ․ նոյեմբերի 1). «Snake Oil Salesmen Were on to Something». Scientific American.
  3. Zhang, Guihua; Higuchi, Tomoyuki; Shirai, Nobuya; Suzuki, Hiramitsu; Shimizu, Eiji (2007). «Effect of Erabu Sea Snake (Laticauda semifasciata) Lipids on the Swimming Endurance of Mice». Annals of Nutrition and Metabolism. 51 (3): 281–287. doi:10.1159/000105450. ISSN 0250-6807. PMID 17622788. S2CID 39274963.
  4. 4,0 4,1 Nickell, J (1998 թ․ դեկտեմբերի 1). «Peddling Snake Oil; Investigative Files». Skeptical Inquirer. Committee for Skeptical Inquiry. 8 (4). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «The Long Struggle for the Law». Սննդի և դեղերի վարչություն. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Klauber, Laurence M. (1997). Rattlesnakes, vol II. University of California Press. էջ 1050.
  7. Olsen, Brad (2021 թ․ հունվարի 14). Beyond Esoteric: Escaping Prison Planet. CCC Publishing (published 2021). էջ 117. ISBN 9781888729757. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին. «[...] William Rockefeller, father to the first billionaire John D. [...] was a literal snake oil salesman and con artist who sold 'cancer cures' to women door-to-door.»
  8. A History Of 'Snake Oil Salesmen', August 26, 2013, Lakshmi Gandhi
  9. 9,0 9,1 9,2 Chemistry, United States Bureau of (1917). Service and Regulatory Announcements. U.S. Government Printing Office.
  10. McCusker, J. J. (1997). «How Much Is That in Real Money? A Historical Price Index for Use as a Deflator of Money Values in the Economy of the United States: Addenda et Corrigenda. 1634–1699» (PDF).
  11. «Consumer Price Index, 1800- | Federal Reserve Bank of Minneapolis». www.minneapolisfed.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  12. De Gezelle, Jillian (2014). Q'eqchi' Maya Reproductive Ethnomedicine. Springer. էջեր 21–22. ISBN 9783319107448.
  13. goop պաշտոնական կայք
  14. Belluz, Julia (2017 թ․ հունիսի 23). «NASA just debunked Gwyneth Paltrow's latest snake oil». Vox (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  15. Berman, Michele R.; Boguski, Mark S. (2019 թ․ հունվարի 31). «Gwyneth Paltrow's Snake Oil». www.medpagetoday.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  16. Phillips, James; Selzer, Jordan; Noll, Samantha; Alptunaer, Timur (2020 թ․ մարտի 31). «Opinion : Covid-19 Has Closed Stores, but Snake Oil Is Still for Sale». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 1-ին.
  17. Palmer, James. «Chinese Media Is Selling Snake Oil to Fight the Wuhan Virus». Foreign Policy. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ օձի յուղ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձի յուղ» հոդվածին։