Շառաչող օձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառաչող օձ

Շառաչող օձեր, անգլ.՝ Crotalidae, բոժոժավոր օձեր, փոսիկագլխավորներ, թունավոր օձերի ընտանիք։ Աչքերի և քթանցքերի միջև ունեն 1 զույգ դիմային փոսիկներ (այստեղից՝ փոսիկագլխավորներ անվանումը), որոնք հատուկ ջերմազգայական օրգաններ են և դրանց միջոցով զգում են օդի ջերմաստիճանի նույնիսկ աննշան տատանումները (մոտ 0․1°C)։ Գիշերը շառաչող օձերը իրենց որսին (մանր կաթնասուններ և թռչուններ) փնտրում են այդ օրգանի միջոցով։ Ամերիկյան Sistrurus և Crotalus սեռերի շառաչող օձերի պոչի ծայրին կան ձևափոխված եղջերացած թեփուկներից կազմված գոյացություններ բոժոժներ, որոնք պոչի արագ տատանման հետևանքով իրար քսվելով յուրահատուկ ձայն են արձակում (այստեղից՝ մյուս անվանումը)։ Շառաչող օձերի հիմնականում ցամաքային կենսաձև են վարում, կան ծառաբնակ և ճահճաբնակ ձևեր։ Ակտիվ են գիշերը և մթնշաղին։ Բազմանում են գլխավորապես ձվակենդանածնությամբ։ Հայտնի է շառաչող օձերի 120 տեսակ (6 սեռ), տարածված Ամերիկայում և Ասիայում։ Շառաչող օձերի խայթոցը մահացու է մանր կենդանիների և շատ վտանգավոր խոշոր կենդանիների ու մարդու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png