Տիվադար Պուշկաշ
Տիվադար Պուշկաշ հունգ.՝ Puskás Tivadar | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1844 Պեշտ, Պեշտ, Հունգարիա |
Մահացել է | մարտի 16, 1893[1][2] (48 տարեկան) Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1] բնական մահով |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար |
Ալմա մատեր | Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան և Թերեզիանում |
Տիրապետում է լեզուներին | հունգարերեն և անգլերեն |
Ամուսին(ներ) | Zsófia Vetter von der Lilie? |
Երեխա(ներ) | Marianna Török? |
Tivadar Puskás Վիքիպահեստում |
Տիվադար Պուշկաշ (անգլ.՝ Ditrói Puskás Tivadar, սեպտեմբերի 17, 1844, Պեշտ, Պեշտ, Հունգարիա - մարտի 16, 1893[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1]), հունգարացի գիտնական, ֆիզիկոս և գյուտարար, աշխարհում առաջին հեռախոսակայանի գյուտարարը, ինչպես նաև հեռախոսային նորությունների Telefon Hírmondó ծառայության հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուշկաշի ընտանիքը ծագում է Դիտրո քաղաքից և տրանսիլվանյան ազնվականության մաս է կազմել[3]։ Պուշկաշն ուսումնասիրել է իրավունք և էլեկտրատեխնիկա։ Որոշ ժամանակ ապրելով Անգլիայում և աշխատելով Warnin Railway Construction Company ընկերությունում` նա վերադարձել է Հունգարիա։ 1873 թվականին՝ Վիեննայում Համաշխարհային ցուցահանդեսի անցկացման ժամանակ, նա ստեղծել է Ճանապարհորդությունների բյուրո, որը առաջինն ու հնագույնն է Կենտրոնական Եվրոպայում։
Դրանից հետո նա տեղափոխվել է ԱՄՆ` Կոլորադո նահանգ և աշխատանքի տեղավորվել որպես ոսկեխույզ։ Հենց նա է ԱՄՆ-ում իր լինելու ժամանակ բացահայտել գյուտարար Կելիի խաբեությունը նրա, այսպես կոչված, էլեկտրամեքենայի շուրջ։
Պուշկաշն աշխատել է հեռագրակայանի գաղափարի շուրջ, երբ գյուտարար Ալեքսանդր Բելլը հայտնագործեց հեռախոսը։ Դա ստիպել է Պուշկաշին վերանայել իր հայացքները և մղել է ամերիկացի գիտնական Թոմաս Էդիսոնի հետ համագործակցելուն։
Դրանից հետո Պուշկաշը կենտրոնացել է արդեն ոչ թե հեռագրային, այլ հեռախոսային ավտոմատ կայան ստեղծելու իր սխեման կատարելագործելու վրա։ Էդիսոնի խոսքերով «Տիվադար Պուշկաշը դարձել է առաջինը, ով առաջարկել է ավտոմատ հեռախոսակայան ստեղծելու գաղափարը»։ Պուշկաշին հաջողվել է իր գաղափարը կյանքի կոչելու միայն 1877 թվականին Բոստոնում։
1879 թվականին Պուշկաշը ստեղծել է ավտոմատ հեռախոսակայան Փարիզում, ուր նա հետագա չորս տարիներին ներկայացրել է Էդիսոնի հետաքրքրությունները Եվրոպայում։ Փարիզում նրան օգնել է իր կրտսեր եղբայրը` Ֆերենց Պուշկաշը (1848-1884), ով հետագայում ստեղծել է առաջին հեռախոսակայանը Պեշտ քաղաքում։
1887 թվականին Տիվադար Պուշկաշը ներկայացրել է հեռախոսային փոխարկիչը, որ հեղաշրջում է կատարել հեռախոսային կապի զարգացման գործում։ Նրա հաջորդ քայլը եղել է Պեշտում «Նորությունների հեռախոսային ծառայություն» (Telefon Hírmondó) ստեղծելը, որը փոխանցում էր նորություններ և հեռարձակում էր ծրագրեր` դրանով դառնալով ժամանակակից ռադիոյի նախատիպը։ Ժամանակի լրագրողների մեկի նկարագրությամբ Էդիսոնի սարքավորումը միաժամանակ փոխանցել է տեղեկություններ հեռախոսային կապի 50 օգտատերերի համար, սակայն բավական է եղել, որ միանան նրանցից մեկին, և հեռարձակումը միանգամից կորել է։ Պուշկաշի սարքավորման շնորհիվ` հեռարձակումները միաժամանակ հասանելի են եղել կես միլիոն լսողների համար։
1890 թվականին Պուշկաշը վերահսկվող պայթյունի հեղինակային իրավունք է ստացել, մի տեխնոլոգիա, որ նախօրինակն է եղել ներկայիս պայթուցիկ աշխատանքների կատարման։ Նոր տեխնոլոգիան փորձարկվել է Դանուբում։
1892 թվականին Պուշկաշը հեղինակային իրավունք է ձեռք բերել նորությունների նոր ծառայության համար (Telefon Hírmondó): Փաստաթուղթը, որ տվել է Ավստրո-Հունգարական կայսրության Հեղինակային իրավունքի բյուրոն, պարունակում էր հետևյալ ձևակերպումը. «Հեռախոսային լրատվական թերթի կազմակերպման ու իրացման նոր մեթոդ»[4]։ Telefon Hírmondó ծառայությունը իր աշխատանքն է սկսել 1893 թվականի փետրվարի 15-ին մի լսարանի համար, որի ունկնդիրների թիվը հասնում էր 60-ի։ Տիվադար Պուշկաշի մահից հետո` 1893 թվականի մարտի 16-ին, նրա եղբայրը` Ալբերտ Պուշկաշը, ընկերությունն իր բոլոր իրավունքներով վաճառել է Իշտվան Պոպերին։
Պուշկաշի ձեռքբերումները հեռախոսակապի բնագավառում նրա կյանքի օրոք այդպես էլ չեն ճանաչվել, սակայն 2008 թվականին Հունգարիայի ազգային բանկը թողարկել է 1.000 ֆորինտ արժողությամբ հուշադրամ`ի պատիվ Պուշկաշի և Telefon Hírmondó լրատվական ծառայության ստեղծման 115-ամյակի[5]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալո» բառը, որ արտաբերում են հեռախոսակապից օգտվողները` բարձրացնելով ընկալուչը, ծագում է հունգարերեն «hallom» բառից, որը Պուշկաշն արտասանել է Telefon Hírmondó-ի հեռարձակման ժամանակ։ Թարգմանաբար այդ բառը նշանակում է «լսում եմ»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #13664872X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ Magyar nyelv, Volumes 38-39, Magyar Nyelvtudományi Társaság, Akadémiai Kiadó, 1942, p. 361
- ↑ Evgeny Katz. «Tivadar Puskás». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Magyar Nemzeti Bank - English Site. «"Telephone Herald" collector coin». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիվադար Պուշկաշ» հոդվածին։ |
|