Տարվա եղանակները (օրատորիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարվա եղանակները (այլ կիրառումներ)
Առաջին հրատարակության գլխավոր էջը

Տարվա եղանակները, օրատորիա, Իոզեֆ Հայդնի ամենահայտնի ստեղծագործություններից։ Հայդնի վոկալ արվեստում առավել կարևոր տեղ են գրավում նրա վերջին երկու մեծ օրատորիաները՝ «Աշխարհի արարումը» (1799) և «Տարվա եղանակները» (1801)։ «Տարվա եղանակները» օրատորիան գրված է աշխարհիկ տեքստով։ Լիբրետտոն նույնպես պատկանում է Բարոն Վան Սվիտենին և գրված է անգլիացի գրող Ջեյմս Թոմսոնի համանուն պոեմի հիման վրա։ Օրատորիան բաղկացած է չորս մասից, որոնք համապատասխանում են տարվա չորս եղանակներին՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։

Հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության հերոսներն են Սիմոնը (բաս), նրա դուստրը՝ Հաննան (սոպրանո), երիտասարդ գեղջուկ Լուկան (տենոր), որը սիրահարված է Հաննային, ինչպես նաև շինականները, երկրագործները և որսորդները։ Օրատորիայում պատկերված են գեղջկական կյանքը, դաշտային աշխատանքները, մարգագետինների ու անտառների գեղեցիկ բնանկարները, Լուկայի և Հաննայի փոխադարձ սերը, տարեց երկրագործ Սիմոնի ժողովրդական իմաստությունը։

Գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության գաղափարը պարզ է և իմաստուն՝ մարդ կարող է գտնել կյանքի իմաստը աշխատանքում, որն իրեն բավականություն կպատճառի և կբերի երջանկություն։ Դրանից զատ՝ օրատորիան զուրկ չէ նաև ավելի խորը փիլիսոփայական իմաստից, որն արտահայտված է եզրափակիչ համարներում։ Ինչպես տարվա եղանակներն են հաջորդում միմյանց, այնպես էլ մարդկային կյանքում իրար են հաջորդում պատանեկությունը՝ գարունը, երիտասարդությունը՝ ամառը, հասունությունը՝ աշունը և ծերությունը՝ ձմեռը։ Հասնում է անխուսափելի վախճանը, բայց արժանավայել կյանքը երջանկություն է բերում մարդուն։

Հայդնյան երաժշտությունը վառ և պատկերավոր է։ Այս օրատորիայում կան բազմաթիվ նմանաձայնություններ՝ ամպրոպի, որոտի, աքաղաղի կանչի և այլն։

Նախերգանքը և առաջին մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության յուրաքանչյուր մասը սկսվում է ծրագրային վերնագիր ունեցող նվագախմբային նախանվագով։ Առաջին մասի (Գարուն) նախանվագը ունի «Նախանվագը պատկերում է անցում ձմռանից դեպի գարուն» նշումը։ Այն գրված է սոնատային ալեգրոյի ձևով (vivance) և սկսվում է հակիրճ քառատակտ վեհաշուք նախաբանով (largo)։ Նախանվագի երաժշտությանը հակադրվում է ամբողջ առաջին մասը, որն իրենից ներկայացնում է գարնան գովքը. բուքերն անցել են, օրերը՝ տաքացել, դաշտերում սկսվել են աշխատանքները։ Գարունը ողջունող երկրագործների խմբերգը աչքի է ընկնում պայծառ երաժշտությամբ, որը գրված է շուրջպարային երգի ոգով։ Վար անելով իր առույգ երգն է երգում Սիմոնը։ Արիայի մեղեդին կառուցված է գրեթե միայն ակորդային հնչյունների վրա և հիշեցնում է ավստրիական ժողովրդական երգերը։

Երկրորդ մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրատորիայի երկրորդ մասը (Ամառ) պատկերում է ամառվա օրը գյուղում՝ արշալույսից մինչև իրիկնամուտ։ Այն նվիրված է բնության զանազան երևույթների պատկերմանը։ Հետևաբար, այստեղ նմանաձայնությունը կարևոր դեր է խաղում։ Բայց դրա հետ մեկտեղ այստեղ գլխավոր գործող անձը մարդն է։ Հակիրճ նախաբանը պատկերում է մոտալուտ արևածագը։ Դանդաղ տեմպը, ծանր մեղեդու վերելքը, խրոմատիզմները պատկերում են գիշերվա` դեռևս չցրված աղջամուղջը։ Երկրորդ մասի կենտրոնական մեներգային համարներն են Լուկայի և Հաննայի արիաները։ Հաննայի արիայում արտահայտված են ուրախությունն ու հոգեկան անդորրը, որը պարգևում է ծաղկող բնությունը։ Այն բաղկացած է երեք հակադիր բաժիններից` ռեչիտատիվից, դանդաղ բաժնից և արագ, վիրտուոզային անցումներով լեցուն բաժնից։

Երրորդ մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ մասը (Աշուն) ստեղծագործության ամենակենսուրախ մասն է։ Այն պատկերում է վառ, ոսկե աշունը` բերքով, անտառային ոսկով, ուրախ խնջույքով։ Նախանվագը նկարագրում է «դաշտերից առատ բերք հավաքած երկրագործի ուրախությունը» և հիմնված է ժողովրդական բնույթի մեղեդու վրա։ «Աշնանային» ամենաարտահայտիչ համարներից են Հաննայի և Լուկայի սիրո զուգերգը և խնջույքի խմբերգերը։ Որսը պատկերող խմբերգում չորս գալարափող վերարտադրում են որսորդական եղջերափողի հնչյունները։ Դրանց միանում են շների հաչոցը նմանակող լարայինների ֆորշլագները։ Տասնվեցերորդականների արագ անցումներն ասես պատկերում են եղջերուի վազքը, որը փախչում է իրեն հետապնդողներից։

Չորրորդ մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ մասի (Ձմեռ) նախանվագը պատկերում է «Վրա հասնող ձմեռվա մառախուղներն ու մշուշը»։ Այն առավել մեծ հակադրություն է կազմում նախորդ մասերի երաժշտության հետ։ Այս մասի մելամաղձոտ տրամադրությունը, թախիծն արտահայտված են մինոր լադի` դո մինոր, դանդաղ տեմպի, սեկունդային «հառաչող» ինտոնացիաների, հապաղումների, խրոմատիզմների միջոցով։ Այստեղ տրված են ոչ այնքան բնության պատկերումը, որքան արտահայտված են տխրությունը, թախծոտ տրամադրությունը, որ մարդու մեջ առաջացնում են մռայլ, միապաղաղ ձմռան բնապատկերը։ Տաքուկ, հարմարավետ տնակում հավաքվել են գեղջուկներն ու գեղջկուհիները, որոնք ժամանակ են անցկացնում խաղաղ զրույցների և աշխատանքի միջոցով։

Օրատորիայի ամբողջ վերջավորությունը փիլիսոփայական իմաստ է ստանում։ Սիմոնի սքանչելի մեներգում, եզրափակիչ տերցետում և կրկնակի երգչախմբային երգում խոսվում է մարդկային կյանքի իմաստի մասին, որն անցնում նույն փուլերը, ինչ որ բնությունը տարվա ընթացքում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտական գրականության դասագիրք
  • Clark, Caryl (2005) The Cambridge Companion to Haydn. Cambridge։ Cambridge University Press.
  • Dies, Albert Christoph (1810) Biographical Accounts of Joseph Haydn, Vienna. English translation by Vernon Gotwals, in Haydn։ Two Contemporary Portraits, Milwaukee։ University of Wisconsin Press.
  • Heartz, Daniel (2009) Mozart, Haydn, and Early Beethoven: 1781-1802. New York։ Norton.
  • Humphreys, David (2009) "Fugue," article in David Wyn Jones, ed., Oxford Composer Companions: Haydn. Oxford։ Oxford University Press.
  • Jones, David Wyn (2009) "Breitkopf & Härtel," article in David Wyn Jones, ed., Oxford Composer Companions: Haydn. Oxford։ Oxford University Press.
  • Olleson, Edward (2009) "Seasons, The", article in David Wyn Jones, ed., Oxford Composer Companions: Haydn. Oxford։ Oxford University Press.
  • Robbins Landon, H. C. (1959) The Collected Correspondence and London Notebooks of Joseph Haydn. London։ Barrie and Rockliff.
  • Rosen, Charles (1971) The Classical Style. New York։ Norton.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]