Վարագավանքի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարագավանքի դպրոց (Վարագավանքի ժառանգավորաց դպրոց), հիմնադրվել է 1857 թվականին, վանահայր Խրիմյանի և նրա համախոհների ջանքերով։ Եղել է նոր տիպի դպրոց (Վանում առաջինը այստեղ են աշակերտներին տրամադրվել սեղաններ, գրատախտակ, քարտեզներ ու բնագիտական նկարներ), ուր վերացվել էր մարմնական պատիժը, արմատավորվել էին ժամանակի մանկավարժության առաջավոր ձևերն ու մեթոդները։ Դասավանդել են արտասահմանում կրթված մտավորականներ Արտամետցյանը, Փափազյանը, Գալպակչյանը, Ռուբենյանը, Փիրղալամյանը և ուրիշներ։ Ծրագրային առարկաներ են եղել սրբազան պատմությունը, աստվածաբանությունը, եկեղեցական երաժշտությունը, ճարտասանությունը, քերականությունը, աշխարհագրությունը, ազգային պատմությունը են։ Վասպուրականում առաջին անգամ այստեղ է դասավանդվել հայրենագիտություն առարկան, որի նպատակն էր նաև հետազոտել հայրենի բնությունը, պատմական հուշարձաններն ու բանահյուսությունը։ Այդ հետազոտությունների արդյունքներն ընդհանրացվել են առարկայի ուսուցիչ Խրիմյանի 1883 թվականին հրատարակված «Հայրենագիտությունն» 3 մասից բաղկացած գրքում։ 1862 թվականին դպրոցը տվել է առաջին շրջանավարտները։ Ժառանգավորացն ունեցել է գրադարան, թանգարան, տպարան (այստեղ է տպագրվել նաև «Արծվի Վասպուրական»1896 թվականի կոտորածների և Վանի ինքնապաշտպանության օրերին վանքը և դպրոցը ավերվել ու թալանվել են, ուսուցիչների ու աշակերտների մի մասը սպանվել։ Չնայած դպրոցը գոյատևել է մինչև 1915 թվականը, սակայն իր նախկին մակարդակին չի հասել։ Ժառանգավորացի շրջանավարտներից են Սրվանձտյանը, Թոխմախյանը, Սևիկյանը, Փոխանյանը, Մեսրոպյանը, Պապայանը, Պետրոսյանը, Հակոբյանը, Տեր-Գրիգորյանը և ուրիշներ։ Դպրոցում որոշ ժամանակ ուսուցիչ է եղել Րաֆֆին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 305