Ստորին դանուբյան հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորին դանուբյան հարթավայր

Ստորին դանուբյան հարթավայր, Ռումինիայի դաշտավայր, Ռումինիայում և Բուլղարիայի հյուսիսում, Կարպատների և Բուլղարական սարավանդի միջև։ Երկարությունը 560 կմ է (Երկաթե Դարպասներից մինչև Սև ծով)։ Բլրային հարթավայր է, կտրտված գետահովիտներով, հեղեղատներով ու ձորակներով։ Թեքված է արևմուտքից արևելք։ Բարձրությունը արևմուտքում 150—200 մ է, արլևելքում՝ 10—50 մ։ Գտնվում է պլեյստոցենյան ջրաբերուկներով և սոսերով ծածկված տեկտոնական ճկվածքում։ Կարպատների ստորոտին կան հնագույն և ժամանակակից բազմաթիվ արտաբերման կոներ, Դանուբի հովտում և դելտայում՝ լճերի հետ համակցված ճահճացած ողողատներ։ Կլիման չափավոր ցամաքային է, տեղումները՝ 400—600 մմ։ Գլխավոր գետը Դանուբն է իր ձախափնյա վտակներով։ Գերակշռում են սևահողերը, գետահովիտներում՝ ալյուվիալ, ջրբաժաններում՝ գորշ անտառային հողերը։ Ստորին դանուբյան հարթավայրի մեծ մասը հերկված է։ Ջրբաժաններում տեղ-տեղ կաղնու անտառներ են, ողողատներում՝ ուռենու, լաստենու, կաղամախու անտառները հերթագայվում են եղեգնաբոշխային ճահիճներով։ Զգալի են անտառատնկումները։ Ստորին դանուբյան հարթավայրում է Բուխարեստը։