Սոս Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոս Հայրապետյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 12, 1959(1959-09-12) (64 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Սոս Դերենիկի Հայրապետյան (սեպտեմբերի 12, 1959(1959-09-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], հայ մարզիկ, մարզիչ, մականախաղի ԽՍՀՄ ութակի չեմպիոն (1980–1987), ԽՍՀՄ քառակի գավաթակիր (1982, 1983, 1986, 1987), Եվրոպական չեմպիոնների կրկնակի գավաթակիր (1982, 1983), Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1981), Եվրոպայի (1983) և Օլիմպիական խաղերի (1980) մրցանակակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984)։ Խաղային դիրքը` պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Հայրապետյանի առաջին զբաղմունքը եղել է ֆուտբոլը, իսկ մականախաղով լրջորեն սկսել է զբաղվել միայն 17 տարեկանում՝ 1976-ին։ Արդեն մի քանի տարի անց նա դարձավ իր խաղային դիրքում խորհրդային լավագույն խաղացողներից մեկը։ Մարզական կարիերան սկսել է 1978-ին՝ Սվերդլովսկի ԲՄԱ-ում[2][3]։ 1978 և 1979 թվականներին ԲՄԱ-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1980-ին առաջին անգամ՝ ԽՍՀՄ չեմպիոն։ 1981 - 1987 թվականներին հանդես է եկել Ալմա Աթայի «Դինամոյում»։ Այդ տարիներին նա 7 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, չորս անգամ նվաճել է երկրի գավաթը և երկու անգամ Եվրոպական չեմպիոնների գավաթը։ 1988 - 1992 թվականներին խաղացել է Հրազդանի «Հրազդան» թիմի կազմում։

1978 - 1991 թվականներին Հայրապետյանն ընդգրկվել է Խորհրդային Միության հավաքականի կազմում։ Այդ տարիներին հավաքականը հասել է իր պատմության ընթացքում ամենամեծ հաջողությունների։ 1980-ին դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 1981-ին՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող, իսկ 1983-ին եզրափակիչ խաղում միայն հետխաղյա տուգանային հարվածներով զիջել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հետագայում ԽՍՀՄ հավաքականի մարզիչ Էդուարդ Այրիխը նշել է իր թիմի պաշտպանական գծի վստահ խաղը, հատկապես առանձնացնելով Ֆարիտ Զիգանգիրովի և Սոս Հայրապետյանի անսխալ խաղը ամբողջ մրցաշարի ընթացքում[4]։ 1984-ին ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության՝ Լոս Անջելեսի խաղերը բոյկոտելու մասին որոշման պատճառով ԽՍՀՄ հավաքականը չմասնակցեց 1984-ի օլիմպիադային, սակայն դարձավ «Բարեկամություն-84» մրցաշարի հաղթող, ինչի համար թիմի բոլոր խաղացողներին, այդ թվում և՝ Սոս Հայրապետյանին, շնորհվեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1988-ին Հայրապետյանը ԽՍՀՄ հավաքականի, իսկ 1992-ին՝ ԱՊՀ-ի միացյալ հավաքականի կազմերում մասնակցել է Սեուլի և Բարսելոնայի օլիմպիական խաղերին։

1992-ին Հայրապետյանը տեղափոխվեց Գերմանիայի Համբուրգ քաղաք և մինչև 2004 թվականը խաղաց տեղի «Uhlenhorster Hockey Club» («UHC») ակումբի կազմում։ 2004-ին, այդ ակումբի կողմից Գերմանիայի առաջնության արծաթե մեդալները նվաճելուց հետո, անցավ մարզչական աշխատանքի[5]։ Նա նաև օգնում է իր որդուն՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Լևոն Հայրապետյանին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներում սխալմամբ նշվում է, որ Սոս Հայրապետյանը ծնվել է Հրազդանում
  2. Մոսկովյան օլիմպիադայի հոբելյանը
  3. Որոշ աղբյուրներում սխալմամբ նշվում է, որ Հայրապետյանը հանդես է եկել «Հրազդան» (Երևան) ակումբում
  4. EURO 1983։ Ոսկուց 5 րոպե պակաս
  5. «Uhlenhorster Hockey Club» («UHC») ակումբ, Գերմանիա(չաշխատող հղում)
  6. Լևոն Հայրապետյանը ցանկանում է հեռանալ «Համբուրգից»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]