Սելևկոս I Նիկատոր
Սելևկոս I Նիկատոր (մ.թ.ա. 358-մ.թ.ա. 281 կամ մ.թ.ա. 280), Սելևկյանների դինաստիայի և Սելևկյանների պետության հիմնադիրը: Առաջ է քաշվել որպես Ալեքսանդր Մակեդոնացու զորավար: Ալեքսանդրի մահից հետո ի կառավարումն ստացել է Բաբելոն սատրապությունը, որտեղ ամրապնդվել է մ.թ.ա. 312-ին: Իշխանության համար դիադոքսների միջև պայքարում իր տիրապետությանն է միացրել Մարաստանը, Սուզիանեն, Պարսքը, ապա Բակտրիան: Մ.թ.ա. 305-ին իրեն հռչակել է թագավոր: Արշավել է Հնդկաստան: Իպսոսի ճակատամարտից (մ.թ.ա. 301) հետո Ալեքսանդր Մակեդոնացու հիմնած պետության տարածքը դիադոքոսների միջև վերաբաժանելիս ստացել է Միջագետքը և Ասորիքը: Մ.թ.ա. 281-ին ջախջախելով Թրակիայի և Փոքր Ասիայի մի մասի թագավոր Լիսիմաքոսին, զավթել է գրեթե ամբողջ Փոքր Ասիան: Թրակիան և Մակեդոնիան նվաճելու համար զորքով անցել է Հելլեսպոնտոսը, բայց սպանվել է Մակեդոնիայի թագավոր Պտղոմեոս Կերավնոսի դեմ կռվում:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |