Ռոզենհանի գիտափորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ելիզավետայի հիվանդանոց, Վաշինգտոն, Ռոզենհանի գիտափորձի անցկացման վայրերից մեկը (ներկայումս կառույցը լքված վիճակում է)

Ռոզենհանի գիտափորձ (անգլ.՝ Rosenhan experiment), գիտափորձ, որն անցկացրել է 1973 թվականին ամերիկացի հոգեբան Դեյվիդ Ռոզենհանը և կասկածի տակ առել հոգեբուժական ախտորոշման հուսալիությունը[1]։ Նա ապացուցել է, որ, ամենայն հավանականությամբ, հոգեկան հիվանդությունը հնարավոր չէ հայտնաբերել։ Գիտափորձի արդյունքները հրատարակել է Science ամսագրի «Հոգեպես առողջները խելագարների փոխարեն» հոդվածում (անգլ.՝ "On being sane in insane places")[2][3]։ Այդ հրատարակությունը կարևոր և նշանակալի քննադատական հոդված է հոգեբուժական ախտորոշումների մասին[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզենհանի գիտափորձն անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլում ընդգրկված էին հոգեպես առողջ «կեղծ այցելուներ», ովքեր սիմուլյացնում էին իրենց մոտ ոչ տևական լսողական զգայապատրանքների առկայությունը, որպեսզի հայտնվեն ամերիկյան հինգ նահանգներում տեղակայված 12 տարբեր հոգեբուժարաններում։ Բոլոր մասնակիցները հոսպիտալացվել են, և բոլորի մոտ հայտնաբերվել են հոգեկան շեղումներ։ Հոսպիտալացվելուց հետո կեղծ այցելուներն սկսեցին իրենց ադեկվատ պահել և հայտել անձնակազմին, որ իրենց լավ են զգում, այլևս զգայապատրանքներ չեն ունենում։ Հիվանդանոցի աշխատակիցներին չհաջողվեց հայտնաբերել կեղծ այցելուներին․ նրանք, ընդհակառակը, կարծում էին, որ բոլոր կեղծ այցելուների վարքագծում նկատվում են այդ հոգեկան հիվանդության ախտանիշները։ Այցելուներից ոմանք մեկուսացման պայմաններում անցկացրին մի քանի ամիս։ Բոլորին ստիպեցին խոստովանել հոգեկան հիվանդության առկայությունը և համաձայնվել ընդունել համապատասխան դեղամիջոցներ․ դա հոգեբուժարանից նրանց դուրս թողնելու պայմանն էր։

Երկրորդ փուլում հիվանդանոցի աշխատակիցների առջև խնդիր դրվեց հայտնաբերել կեղծարարներին։ Անձնակազմը սխալմամբ որպես կեղծարարներ նշեց բավականին մեծ քանակությամբ իրական հիվանդների։

Այս գիտափորձը հնարավորություն տվեց եզրակացնել, որ հոգեբուժարաններում հնարավոր չէ տարբերակել առողջ և հիվանդ մարդկանց, ինչպես նաև մատնանշեց այն վտանգները, որոնք կապված են հոգեբուժական հաստատություններում մարդկանց չհիմնավորված պիտակավորման և համահարթեցման հետ։ Ռոզենհանի գիտափորձը թույլ տվեց ենթադրել, որ հոգեբուժարաններին բնորոշ սոցիալ-հոգեբանական խնդիրների գիտակցմանը և լուծմանը կարող է նպաստել աշխատակիցների վերապատրաստումը և հոգեբուժական օգնության հասարակական ծառայությունների ստեղծումը, որոնց համար հոգեկան և վարքային շեղումների հետ աշխատանքն ավելի կարևոր կլինի, քան հոգեբուժական ախտորոշումը[5]։

Գիտափորձ կեղծ այցելուների ներգրավմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզենհանը և նրա հոգեպես առողջ յոթ գործընկերները, ում պայմանականորեն անվանեցին «կեղծ այցելուներ», փորձում էին հայտնվել հոգեբուժարանում բժշկին այցելելու և ձայնային կեղծ զգայապատրանքներ ձևացնելու միջոցով։ Հիվանդանոցի աշխատակիցներին ոչինչ հայտնի չէր գիտափորձի անցկացման մասին։ Կեղծ այցելուների խմբում ընդգրկված էին երեք հոգեբան, մեկ ուսանող, ով սովորում էր հոգեբանության մագիստրատուրայում, մանկաբույժ, հոգեբույժ, բժիշկ և տնային տնտեսուհի։ Նրանցից ոչ ոք հոգեբուժարանում հիվանդության պատմություն չուներ։ Կեղծ այցելուները հանդես էին գալիս կեղծանուններով, իսկ նրանք, ովքեր աշխատում էին հոգեբուժական օգնության ոլորտում, ձևական աշխատանքի էին գրանցվել այլ ոլորտում, որպեսզի խուսափեն ախտորոշման կամ բուժման հետ կապված հավանական դժվարություններից։ Կեղծանուններից և աշխատավայրի մասին տեղեկություններից բացի մնացած բոլոր կենսագրական տեղեկություններն արժանահավատ էին[2]։

Հոգեբուժական նախնական զննության ժամանակ բոլոր կեղծ այցելուները հայտնեցին, որ լսում են իրենց սեռին պատկանող մարդկանց ձայներ, որոնք մասամբ անհասկանալի են, սակայն, ինչպես իրենց է թվում, ասում են այսպիսի բառեր՝ «դատարկ», «սին», «թխկոց» (անգլ.՝ empty, hollow, thud)։ Այդ բառերն ընտրվել էին, քանի որ մասամբ պարունակում էին էքզիստենցիալ ճգնաժամի նշաններ, իսկ այնպիսի հրատարակված գրականություն, որը թույլ կտար այդ դրսևորումները համարել փսիխոզի ախտանշաններ, չկար։ Այցելուները որևէ այլ հոգեկան հիվանդության ախտանիշներ չեն հայտնել։ Կեղծ այցելուները հրահանգ էին ստացել հոսպիտալացվելու դեպքում իրենց ադեկվատ պահել և հայտնել, որ արդեն լավ են զգում և ձայներ չեն լսում։ Գիտափորձից հետո ստացված հիվանդանոցային ձայնագրությունները վկայում էին, որ բոլոր կեղծ այցելուները անձնակազմի կողմից բնութագրվել են որպես բարյացակամ և կարեկից։

Բոլոր կեղծ այցելուները հոսպիտալացվել են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող հոգեբուժարաններում, այդ թվում՝ գյուղական շրջանների հին և սահմանափակ ֆինանսավորմամբ պետական հիվանդանոցներում, լավ համբավ ունեցող քաղաքային հիվանդանոցներում, ինչպես նաև մեկ մասնավոր հիվանդանոցում, որտեղ բուժումը վճարովի էր։ Չնայած գանգատները նույնն էին, պետական հոգեբուժարաններում 11 կեղծ այցելուներին տրվեց «շիզոֆրենիա» ախտորոշումը, իսկ մասնավոր հիվանդանոց դիմած մեկ հիվանդին՝ «երկբևեռ աֆեկտիվ խանգարում» ախտորոշումը։ Հոգեբուժարաններում կեղծ հիվանդների մնալու տևողությունը տատանվել է 7-ից 52 օրվա սահմաններում՝ միջինում կազմելով 19 օր։ Բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցներից «շիզոֆրենիա ռեմեսիայի փուլում» ախտորոշմամբ, որը Ռոզենհանը համարում է այն բանի ապացույց, որ հոգեբուժական հիվանդությունն ավելի շատ ընկալվում է որպես անդառնալի վիճակ, քան բուժելի հիվանդություն, ինչի արդյունքում ձևավորվում է ցմահ սոցիալական պիտակ[2]։

Թեև անձնակազմի և հիվանդների վարքային առանձնահատկությունների վերաբերյալ մշտական և բացահայտ գրառումներ են արվել, հիվանդանոցի աշխատակիցները կեղծ այցելուների շրջանում ոչ մի կեղծարարի չեն հայտնաբերել, այն դեպքում, երբ հոգեբուժարանի շատ այլ հիվանդներ կարող էին վստահաբար նշել կեղծարարներին։ Առաջին երեք հոսպիտալացման դեպքում 118 այցելուներից 35-ը կասկած է հայտնել, որ կեղծ այցելուներն առողջ են, և ենթադրել են, որ նրանք հետազոտներ կամ լրագրողներ են, ովքեր հիվանդանոցում հետազոտություն են անցկացնում։

Կեղծ այցելուների առջև խնդիր էր դրվել ինքնուրույն հեռանալ հիվանդանոցից՝ հասնելով նրան, որ իրենց դուրս թողնեն հաստատության տարածքից։ Թեև վարձել էին նաև իրավաբան, ում հետ կարելի էր կապ հաստատել արտակարգ իրավիճակների ժամանակ, օրինակ՝ եթե կեղծ այցելուներին թույլ չտային դուրս գալ առաջին պահանջի դեպքում։ Հոսպիտալացվելուց և զննությունից անմիջապես հետո կեղծ այցելուները զրկվեցին հոգեբուժարանը լքելու հնարավորությունից մինչև այն պահը, երբ հոգեբույժների ներկայությամբ ճանաչեցին իրենց իբրև հոգեկան հիվանդներ և համաձայնվեցին ընդունել համապատասխան դեղամիջոցներ, որոնք, ի դեպ, նետում էին զուգարան։ Անձնակազմից ոչ ոք չէր նկատել, որ կեղծ այցելուները այդ դեղամիջոցները չեն օգտագործում։ Վերջիններս իրենց հերթին հայտնում էին, որ իրական հիվանդները ևս վարվում են նույն կերպ[2]։

Ռոզենհանի և մյուս կեղծ այցելուների պնդմամբ հոգեբուժարանում իրենց տանջում էր սեփական ես-ը կորցնելու անհաղթահարելի զգացողությունը, իրենց անձնական տարածք անպատշաճ մուտք գործելը և ձանձրույթը։ Նրանց իրերը ընտրողաբար ստուգում էին, և հաճախ այդ ստուգումները կատարվում էին այն ժամանակ, երբ այցելուները գտնվում էին զուգարանում։ Կեղծ այցելուների խոսքերով անձնակազմը, չնայած իր օրինավորությանը, հիմնականում հիվանդներին վերաբերվում էր որպես իրերի և նշանակություն չէր տալիս նրանց անձին, երբեմն հիվանդների ներկայությամբ քննարկում էին նրանց և խուսափում էին այցելուների հետ ուղղակի շփումից, բացի այն դեպքերը, երբ պետք է կատարեին իրենց պաշտոնային պարտականությունները։ Որոշ աշխատակիցներ մյուսների բացակայության պարագայում հակված էին դիմելու կոպիտ գործողությունների կամ արտահայտությունների։ Բժիշկների հետ շփումը օրական տևում էր 6,8 րոպե։

Կեղծ այցելուների բոլոր գործողություններն ու խոսքերը անձնակազմի կողմից ընկալվել են հոգեկան հիվանդության մասին պատկերացման պրիզմայի միջով։ Հիվանդանոցային ձայնագրությունները վկայում են, որ անձնակազմը կեղծ այցելուների վարքագիծը դիտարկել է բացառապես հոգեբուժական հիվանդաբանության շրջանակներում։ Օրինակ՝ մի բուժքույր կեղծ այցելուներից մեկի գրառումներ անելու սովորությունը ներկայացրել է իբրև գրամոլություն և դիտարկել որպես ախտաբանական դրսևորում։ Հիվանդների կենսագրական տվյալներում ախտաբանական նշանների բացակայությունը ևս հիվանդանոցային ձայնագրություններում ստացավ նոր տեսք՝ կրկին մեկնաբանվելով շիզոֆրենիայի առանձնահատկությունների համատեքստում։ Ստացված արդյունքների հիման վրա Ռոզենհանը եզրակացրեց[2]

․․․Արդյունքները վկայում են հոգեբուժական ախտորոշման մեջ պիտակավորման (ստիգմատիզացիայի) հսկայական դերի մասին։ Մեկ անգամ շիզոֆրենիայով պիտակված կեղծ հիվանդը չի կարող ոչինչ անել այդ ստիգման հաղթահարելու համար։ Ստիգման հիմնովին երանգավորում է տվյալ անձի և նրա վարքագծի մասին ուրիշների տպավորությունները։

Գիտափորձ առանց կեղծ այցելուների ներգրավման[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիտափորձը Ռոզենհանն անցկացրել է հայտնի հիվանդանոցներից մեկում՝ իր սեփական հետազոտական և ուսումնական կայանով։ Հիվանդանոցի աշխատակիցները ծանոթ էին նախորդ գիտափորձի արդյունքներին և հավաստում էին, որ իրենց հաստատությունում նմանատիպ սխալ չի կարող կրկնվել։ Ռոզենհանը նրանց հետ պայմանավորվեց, որ մոտակա երեք ամսվա ընթացքում հոգեբուժարան կդիմի մեկ կամ մի քանի կեղծ այցելու, որպեսզի յուրաքանչյուր դիմած այցելուի գնահատումը իրականացվի այն հաշվարկով, որ նա կարող է լինել կեղծարար։ 193 հիվանդից կեղծարար համարեցին 41-ին և ևս 42-ին կասկածեցին կեղծարարության մեջ։ Մինչդեռ իրականում Ռոզենհանն այդ հիվանդանոց ոչ մի կեղծ այցելուի չէր ուղարկել, և բոլոր այն հիվանդները, ովքեր անձնակազմի կողմից կասկածվում էին կեղծարարություն անելու մեջ, իրական հիվանդներ էին[2][6]։ Ստացված արդյունքների հիման վրա եզրակացություն արվեց, որ «ոչ մի ախտորոշում, որը հեշտությամբ հանգեցնում է նմանատիպ սխալների, չի կարող լինել շատ հուսալի»։ Այլ հետազոտողների գիտափորձերում ևս ստացվել են համանման արդյունքներ, ինչը վկայում է հոգեբուժական ախտորոշման ոչ հուսալիության մասին։

Նմանատիպ գիտափորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Մորիս Թեմերլինը (Maurice K. Temerlin) 25 հոգեբույժներից բաղկացած խումբը բաժանեց երկու ենթախմբի և առաջարկեց լսել մի դերասանի ձայն, ով նմանակում էր հոգեպես առողջ մարդու։ Խմբերից մեկին հայտնեցին, որ դերասանը «շատ հետաքրքիր մարդ է, քանի որ նևրոտիկի տեսք ունի, սակայն փաստացի փսիխոտիկ չէ»։ Երկրորդ խմբին ոչինչ չասացին։ Առաջին խմբի մասնակիցների 60%-ը նրանց տվեց «փսիխոզ» ախտորոշումը՝ ընդ որում, մեծ մասամբ նշելով շիզոֆրենիա։ Ստուգիչ խմբում այդպիսի ախտորոշում ոչ ոք չնշեց[7][8]։

1988 թվականին Լորինգը և Պաուելը 290 հոգեբույժի տվեցին բժշկական հարցազրույցի տեքստ՝ նրանց մի մասին հայտնելով, որ այցելուն սևամորթ է, իսկ երկրորդ խմբին՝ սպիտակամորթ։ Հետազոտողները եկան այն եզրակացության, որ «ըստ էության, բժիշկները սևամորթ այցելուներին վերագրում են ագրեսիա, կասկածամտություն և վտանգավորություն նույնիսկ այն դեպքում, երբ նրանց հիվանդության պատմության ուսումնասիրության արդյունքները չեն տարբերվում սպիտակամորթ այցելուների հիվանդության պատմությունից»[9][10]։

2008 թվականին BBC-ի «Horizon» գիտական հաղորդումն անցկացրեց 2 փուլից կազմված նմանատիպ գիտափորձ «Որքա՞ն խելագար եք դուք» անվանումով։ Գիտափորձին մասկացում էր 10 հոգի․ նրանցից հինգի մոտ նախկինում ախտորոշվել էին հոգեկան տարբեր շեղումներ, իսկ հինգը այդպիսի ախտորոշումներ չունեին։ Բոլոր 10 մասնակիցները հետազոտվեցին երեք մասնագետի մոտ։ Վերջիններիս խնդիրն էր հայտնաբերել հոգեկան շեղումներով հինգ մասնակիցներին[11]։ Մասնակիցներից երկուսին մասնագետները տվեցին ճիշտ ախտորոշում, մեկին՝ սխալ, իսկ առողջ մարդկանցից երկուսին սխալմամբ դասեցին հոգեկան խնդիրներ ունեցողների թվում[12]։

2009 թվականին լրագրող Անաս Արեմեյոու Անասը (Anas Aremeyaw Anas) աֆրիկյան Գանա պետության մայրաքաղաք Աքրայում ուսումնասիրել է հոգեբուժարանի աշխատանքը՝ ձևանալով այցելու (3 շաբաթ տղամարդկանց բաժնում), առևտրական, հացթուխ, տաքսու վարորդ։ Նա նկարագրել է անձնակազմի գողություն, արհամարհանք այցելուների գանգատների և նույնիսկ ծայրահեղ վիճակի հանդեպ, դաժան վերաբերմունք հիվանդների նկատմամբ, թմրամիջոցների վաճառք[13]։ Իր մեկ այլ հոդվածում Անասը քննադատության է ենթարկել հոգեկան խանգարումների «այլընտրանքային» բուժման կազմակերպիչներին, ովքեր կազմավորում էին «աղոթական ճամբարներ» և այցելուներին առաջարկում շամանական ավանդույթների վրա հիմնված թերապիաներ[14]։

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին «Նյու Յորք Թայմսը» հայտնեց Նիդերլանդների հոգեբուժարաններից մեկում հետազոտական աշխատանքի համար հատուկ նախապատրաստված կեղծ այցելուների գործունեության մասին։ Այս փորձը յուրահատուկ էր նրանով, որ կրում էր պաշտոնական բնույթ․ հիվանդանոցի բժիշկներին նախապես տեղեկացրել էին նմանատիպ հետազոտության հավանականության մասին, իսկ կեղծ այցելուներն ունեին տեսախցիկներ և բարձրախոսներ, որոնց միջոցով տվյալներ էին հաղորդում «վերահսկողության կենտրոնին»[15]։

Այս գիտափորձի հանդեպ արձագանքները տարբեր էին։ Հարվարդի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր և բժշկական էթիկայի մասնագետ Ջեյմս Սաբինը նշում է, որ այսպիսի մարտավարությունը «բժիշկներին կօգնի հասկանալ, թե ինչպես են իրենց զգում հիվանդները»։ Աշխատանքային մեծ փորձ ունեցող հոգեբույժ Արթուր Լազարուսը «Psychiatric Services»-ի հուլիսյան համարում դրական է արտահայտվել նմանատիպ նախագծերի անցկացման մասին[16]։

Մյուս կողմից, սոցիալական աշխատակից Մելիսա Միլլերը կարծում է, որ «տվյալ ոլորտում առանց այդ էլ շատ են լարվածությունը և հակակշիռները», և կարիք չկա «լրացուցիչ ներխուժել» և խաթարել բժիշկ-հիվանդ վստահելի փոխհարաբերությունները։

Պատասխան արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստացած արդյունքները Ռոզենհանը հրատարակել է «Science» ամսագրում։ Դա արվել է հոգեբուժական ախտորոշումը, հոգեբուժական օգնության անթույլատրելի և ստորացուցիչ բնույթը քննադատելու նպատակով։ Նրա հոդվածը բուռն արձագանքներ առաջ բերեց։

Շատերը պաշտպանում էին հոգեբուժությունը՝ ապացուցելով, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոգեբուժական ախտորոշումը լայնորեն հիմնվում է սեփական ախտանիշների մասին հիվանդի տեղեկատվության վրա, նրանց կեղծարարությունը հոգեբուժական ախտորոշման անհուսալիության ցուցիչ է ոչ ավելի, քան այլ հիվանդությունների ախտանիշների կեղծարարությունը։ 1975 թվականին Ռոզենհանի գիտափորձի արդյունքում ստացված քննադատություններին պատասխանել է հոգեկան խանգարումների դասակարգման գլխավոր հեղինակ հոգեբույժ Ռոբերտ Սպիցերը․

Եթե ես խմեի մեկ լիտր արյուն և թաքցնելով դա՝ արյունային փսխմամբ հայտնվեի շտապ օգնության ցանկացած հիվանդանոցում, ապա անձնակազմի վարքագիծը լիովին կանխատեսելի կլիներ։ Եթե նրանք ինձ նշանակեին ախտորոշում և այնպիսի բուժում, ինչպես ստամոքսի խոցի դեպքում, ապա ես հազիվ թե վստահաբար կարողանայի ապացուցել այդ հիվանդության ախտորոշման մասին բժշկական գիտության գիտելիքների բացակայությունը[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moran M. (2006 թ․ ապրիլի 7). «Writer Ignites Firestorm With Misdiagnosis Claims». Psychiatric News. American Psychiatric Association. 41 (no. 7): 10–12. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին. {{cite journal}}: |issue= has extra text (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Rosenhan D.L. (1973 թ․ հունվար). «On being sane in insane places». Science (New York, N.Y.). 179 (70): 250–258. doi:10.1126/science.179.4070.250. PMID 4683124. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Gaughwin, Peter (2011). "On Being Insane in Medico-Legal Places: The Importance of Taking a Complete History in Forensic Mental Health Assessment". Psychiatry, Psychology and Law. 12 (1): 298–310. doi:10.1375/pplt.12.2.298.
  4. Slater, Lauren (2004). Opening Skinner's Box: Great Psychological Experiments of the Twentieth Century. W. W. Norton. ISBN 0-393-05095-5.
  5. Rosenhan's Experiment: Being Sane in Insane Places speaker's voice over at 2:50 Արխիվացված Փետրվար 1, 2015 Wayback Machine
  6. Власова О.А. Антипсихиатрия: становление и развитие (Монография). — Москва: Изд–во РГСУ «Союз», 2006. — С. 136—138. — 221 с. — ISBN 571390346X.
  7. Ruscio J. (Spring-Summer 2004). «Diagnoses and the Behaviors They Denote: A Critical Evaluation of the Labeling Theory of Mental Illness». The Scientific Review of Mental Health Practice. 3 (1).
  8. Temerlin, Maurice (1968 թ․ հոկտեմբեր). «Suggestion effects in psychiatric diagnosis». The Journal of Nervous and Mental Disease. 147 (4): 349–353. PMID 5683680.
  9. Loring M., Powell B. (1988 թ․ մարտ). «Gender, race, and DSM-III: a study of the objectivity of psychiatric diagnostic behavior». Journal of health and social behavior. 29 (1): 1–22. PMID 3367027.
  10. Loring, Marti; Powell, Brian (1988 թ․ մարտ). «Gender, race, and DSM-III: a study of the objectivity of psychiatric diagnostic behavior». Journal of Health and Social Behavior. 29 (1): 1–22. doi:10.2307/2137177. JSTOR 2137177. PMID 3367027.
  11. «BBC Headroom Horizon: How Mad Are You?». BBC. 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. «How Mad Are You?—Spotlight» (անգլերեն). BBC. 21 June, 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. Публикация журналиста, обзор со ссылками в психологическом блоге MindHacks:
  14. Investigative report: Lies of prayer camps and traditional healers (англ.). MyJoyOnline (22 August 2009). Проверено 6 апреля 2017.
  15. Heingartner D. (2009 թ․ նոյեմբերի 30). «The Doctors Were Real, the Patients Undercover». The New York Times. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. Lazarus A. (2009 թ․ հուլիս). «Improving psychiatric services through mystery shopping». Psychiatric Services. 60 (7): 972–3. doi:10.1176/appi.ps.60.7.972. PMID 19564229.
  17. Spitzer RL (1975 թ․ հոկտեմբեր). «On pseudoscience in science, logic in remission, and psychiatric diagnosis: a critique of Rosenhan's "On being sane in insane places"». Journal of abnormal psychology. 84 (5): 442–52. PMID 1194504.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Slater, Lauren (2004). Opening Skinner's Box: Great Psychological Experiments of the Twentieth Century. W. W. Norton. pp. 64–94. ISBN 0-393-05095-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]