Ռոբերտ Բեյդըն Փաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյդըն Փաուել

Ռոբերտ Սթիվենսոն Սմիթ Բեյդըն Փաուել (անգլերեն՝ Robert Stephenson Smyth Baden-Powell, 1st Baron Baden-Powell) (Փետրվարի 22, 1857 - Հունվարի 8, 1941), Բրիտանական Բանակի Լեյտենանտ-գեներալ, գրող։ Սկաուտության հիմնադիրն է։ Բեյդըն Փաուելի կարճ անվանումն է ԲՓ (անգլերեն՝ B-P)։

Կենսագրություն[խմբագրել]

Նա ծնվել է 1857 թվականի փետրվարի 22-ին, Լոնդոնում, վանականի ընտանիքում։ Նրա հայրը դասախոսել է Օքսֆորդի համալսարանում։ Պապը՝ Ռոբերտ Սթիվենսոնը, եղել է ճանաչված գյուտարար, շոգեքարշի հեղինակ Ջորջ Սթիվենսոնի որդին։ Երեք տարեկան հասակում ԲՓ կորցնում է իր հորը և մեծանում մոր խնամքի տակ։ Սկզբնական կրթությունը ստանում է մոր շնորհիվ։ Հետագայում հաճախում է Րոուզ-Հիլլի դպրոցը, որից հետո ուսումը շարունակում է Չարտերհաուզի դպրոցում։ Սկզբնական շրջանում դպրոցը գտնվում էր Լոնդոնում, հետո տեղափոխվում է գյուղական շրջան։ Մշտապես բնության գրկում գտնվելու հնարավորությունը մեծ ազդեցություն է թողնում ԲՓ կյանքում։ Նա միշտ աչքի էր ընկնում նոր գիտելիքներ ձեռք բերելու մեծ ցանկությամբ. նվագում էր դաշնամուր, ջութակ, ակտիվորեն մասնակցում էր դպրոցում կազմակերպվող միջոցառումներին և, որպես կանոն, միշտ հանդես էր գալիս ծաղրածուի դերում, հաճույք ու զվարճություն պատճառելով դասընկերներին։

Չարտերհաուզում ուսման տարիներին նա սկսում է հետաքրքրվել բնության գրկում ամենատարբեր զբաղմունքներով և փայտից ինչ-որ իրեր պատրաստելով։ Հաճախ էր պատահում, որ նա թաքնվում էր իր ուսուցիչներից դպրոցի շրջակայքում գտնվող անտառներում, որտեղ վայրի ճագարներ էր որսում ու խորովում էր դրանց խարույկի վրա։ Լինելով շատ ուշադիր և զգույշ, թույլ չէր տալիս, որ խարույկի ծուխը մատնի իր գտնվելու վայրը։

ԲՓ մշտապես իր եղբայրների հետ միասին արկածներ էր փնտրում։ Նրանք արշավներ էին գնում, գետանցումներ էին կազմակերպում պարանների ու ձեռքի տակ ընկած փայտերի ու տախտակների միջոցով։ Այսպիսի ճանապարհորդությունները արտասովոր էին այդ տարիների սերնդի համար։ Նրա ձեռք բերած գիտելիքները պատանեկան տարիների ընթացքում շատ օգտակար դարձան իր հետագա կյանքում։

Դպրոցում ԲՓ գերազանց գնահատականներ չէր ստանում։ Այդ էին վկայում ուսումնական տարվա ավարտական թերթիկները։ Օրինակ, դրանցից մեկում գրված էր. «Մաթեմատիկա - գրեթե ոչինչ չի կատարել պարապմունքների ընթացքում», մյուսում՝ «Ֆրանսերեն - կարող էր ավելի լավ սովորել, սակայն ծուլացել է և հաճախ քնել դասերի ժամանակ»։

Անկախ ամեն ինչից ԲՓ բավական հաջող է հանձնել զինվորական ուսումնարանի ընդունելության քննությունները և իր արդյունքներով գրավել է երկրորդ տեղը մի քանի հարյուր դիմորդների մեջ։ Ուսումն ավարտելուց հետո նա զինվորագրվել է և նշանակվել 13-րդ հուսարական գնդում, որտեղ հետագայում նրան շնորհվել է գնդապետի կոչում, իր ուշիմության և կարողությունների շնորհիվ։

1876 թվականին ԲՓ գործուղվեց Հնդկաստան, որպես երիտասարդ սպա, զինվորական հետախուզության, քարտեզագիտության մասնագետ։ Իր հաջողությունները շուտով թույլ տվեցին նրան պարապմունքներ անցկացնել նորակոչիկ զինվորների հետ։ ԲՓ մեթոդները նորույթ էին այդ ժամանակների համար։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվում էին զինվորների ջոկատներ, որոնք գործում էին մի հրամանատարի գլխավորությամբ։ ԲՓ իր զինվորներին պարգևատրում էր այդ ժամանակների համար ավանդական դարձած կողմնացույցի սլաքների պատկերով փոքրիկ գործվածքներով (բեյջերով)։ Համաշխարհային սկաուտության ներկայիս էմբլեմը շատ նման է այդ նշանին։

Ավելի ուշ ԲՓ անգլիական բանակի հետ եղավ Բալկաններում, Հարավային Աֆրիկայում, Մալթայում, որից հետո վերադարձավ Աֆրիկա և մասնակցեց Մեյֆքինգի պաշտպանությանը, քաղաքի 217-օրյա շրջափակման ժամանակ, անգլո-բուրյան պատերազմի սկզբներին։ Երկարատև շրջափակման ընթացքում ԲՓ ստեղծեց ամրոցում գտնվող պատանիների խմբակ։ Նրանք կատարում էին սուրհանդակների և հետախույզների դեր, երբեմն նաև կյանքի համար վտանգավոր պայմաններում։ Այդ պատանիների նվիրվածությունը, հնարամտությունը և եռանդը, որով նրանք կատարում էին իրենց առաջադրանքները, երևի թե ոգեշնչեցին ԲՓ մտածելու աճող սերնդի դաստիարակության մասին։

Այս պատերազմների ընթացքում ԲՓ հասկացավ, թե ինչքան կարևոր է զինվորների համար բնության մեջ, վայրի պայմաններին հարմարվելու և գոյատևելու կարողությունը։

Բեյդըն Փաուելը հայրենասիրական բացիկում, 1900 թ

Զինվորների համար գրեց «Օժանդակ հետախուզություն» գիրքը, որն ուղեցույց հանդիսացավ թշնամուն հետապնդելու, նրանից աննկատ գործելու, և առհասարակ բնության մեջ գոյատևելու դժվարին գործում։ Մեյֆքինգի հաջող պաշտպանությունից հետո նա դարձավ ազգային հերոս։ Վերադառնալով հայրենիք, նա տեսավ, որ զինվորների համար գրած իր գիրքը լայնորեն կիրառվում է ուսուցիչների կողմից երեխաների ու պատանիների հետ աշխատելիս։ Մի անգամ նրան դիմեց «Տղաների ջոկատներ» շարժման հիմնադիր Ուիլիամ Սմիթը՝ հայրենիքին պիտանի և արժանի սերնդի դաստիարակության այդ տարիներին գործող համակարգի վերանայման և կատարելագործման խնդրանքով։ ԲՓ սիրով ընդունեց խնդրանքը, քանի որ Հարավային Աֆրիկայում սկսված պատերազմի ժամանակ նա համոզվել էր, որ այդ կարողությունները պետք է մարդու մեջ դաստիարակել դեռևս մանկությունից և պատերազմից հետո որոշել էր հիմնել պատանեկան մի շարժում, որը կպատրաստեր հոգեպես և ֆիզիկապես կրթված սերունդ՝ բանակին և հայրենիքին ծառայելու համար։

Բեյդըն Փաուելը սկաուտության հիմքը դրեց 1907 թվականի օգոստոսին՝ Անգլիայում։ Նույն թվականին նա բրիտանական հասարակության տարբեր սոցիալական խավերից հավաքագրեց 22 պատանիների և Բրաունսի կղզիներում կազմակերպեց առաջին փորձնական սկաուտական բանակումը։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է սովորեր ապրել անտառում, բավարարվել քչով, լինել կարգապահ, զուսպ, իր մեջ դաստիարակել փոխօգնության պատրաստակամություն, լինել հայրենասեր։

Բանակումի ընթացքում սկաուտները հաճախ փոխում էին իրենց բանակավայրը, տեղանքը ավելի լավ ճանաչելու և ուսումնասիրելու համար։ Առաջին օրը տղաները բաժանվեցին խմբակների և նրանց միջև բաժանվեցին պարտականություններ։ Հաջորդ օրը նրանք սովորեցին բանակավայրի օրենքները։ Երրորդ և չորրորդ օրերը նվիրվեցին բնության, կենդանական ու բուսական աշխարհների, աստղազարդ երկնքի ուսումնասիրություններին։ Հինգերորդ օրվա ընթացքում ԲՓ նրանց հետ զրուցեց ասպետական վարքի ու քաղաքավարության՝ պատվի, թագավորի հանդեպ հավատարմության, կանանց հանդեպ հարգանքի ու վարվեցության մասին։ Վեցերորդ օրը նվիրվեց առաջին բուժօգնության ցուցաբերման և արտակարգ իրավիճակների դեպքերում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ գիտելիքների ուսուցմանը։ Յոթերորդ օրը պատանիները ծանոթացան Մեծ Բրիտանիայի պատմությանը և քաղաքացու պարտականություններին։ Վերջին օրը մասնակիցների խմբակները խաղացին և մրցեցին իրար հետ։

«Ամեն օր մի խմբակ գտնվում էր բանակավայրում, մյուսը փնտրում էր նոր վայր, մնացածը զբաղված էին ուտելիք փնտրելով ու պատրաստելով։ Երբ խմբակը գտնում է նոր վայր, բոլորն արագ հավաքվում են, պատրաստվում է ճաշը և նշանակվում է գիշերային պահակություն». - գրված էր ԲՓ հուշատետրում։

ԲՓ խուսափում էր դպրոցական դասախոսություններից։

Դրանց փոխարեն նա պատանիների հետ զրուցում էր խարույկի շուրջը, հանձնարարում էր ստացած գիտելիքները կիրառել գործնականում, կազմակերպում էր հետաքրքիր խաղեր ու մրցույթներ։

Բոլոր մասնակիցները կրում էին լատունե շուշանածաղիկներ։ Կենդանիների հետքերը կարդալուց, հանգույցներ կապելուց և այլ փորձություններ հաղթահարելուց հետո նրանց տրվում էր ևս մեկ նշան և սուլիչ՝ «Միշտ պատրաստ» փորագրությամբ։ Երբ տղաները հասնում էին ավելի մեծ արդյունքների, նրանց տրվում էր խակի գույնի փողկապ։

Հետևելով բանակողների գործունեության ընթացքին, ԲՓ իր հուշատետրում գրել է. «Բանակավայրում հավաքվել էին ոչ լավագույնները, իսկ յուրաքանչյուր անկարգ երեխա չի ընդունում կարգապահությունը։ Բայց, ամեն դեպքում, կարգապահությունը բավարար մակարդակի վրա էր։ Նրանց մոտ առաջին տեղում պատվի և պարտքի զգացումն էր. նրանք ջանում էին աշխատանքը կատարել հնարավորինս լավ։ Ավագ պատանին պատասխանատու էր ամբողջ խմբակի համար։ Դրանով իսկ զարգանում էր մյուսների պատասխանատվությունը։ Ընդհանուր առմամբ աշխատանքներն ընթանում էին հիանալի»։

Բանակումից հետո, 1908 թ.-ին ԲՓ հրատարակած «Սկաուտ» (պատանի հետախույզ) անվանմամբ գիրքն ունեցավ մեծ հաջողություն։

Պատանիները հավաքագրվում էին սկաուտական խմբակներում, իրականացնում գրքում ներառված գործնական գիտելիքները։ Գործող խմբերի համար նախատեսված ուսուցողական ձեռնարկը վերածվեց համաշխարհային շարժման նոր գրքի։ Արդյունքում «Սկաուտ» գիրքը թարգմանվեց ավելի քան 35 լեզուներով։

Սկաուտությունը արագ տարածում գտավ ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 1908 թվականին ԲՓ բացեց գրասենյակ, աշխարհի տարբեր երկրներից եկող միլիոնավոր նամակներին պատասխանելու համար։ 1910 թվականին, 53 տարեկան հասակում, իրեն ամբողջությամբ սկաուտական շարժման տարածմանը և զարգացմանը նվիրելու համար, Էդուարդ VII արքայի խորհրդով նա անցավ թոշակի։ Եվ այսպես, ԲՓ շրջեց ողջ աշխարհով, եղավ բոլոր այն վայրերում, որտեղ զգացվում էր իր օգնության կարիքը, նպաստելով շարժման տարածմանն ու զարգացմանը։

1912 թվականին ԲՓ ամուսնացավ Օլավ Սոումսի հետ, որը դարձավ նրա ընկերն ու օգնականը իր աշխատանքում։ Հետագայում Օլավը գլխավորեց համաշխարհային աղջիկ սկաուտների (գայդեր) կազմակերպությունը։ 1920 թվականին Լոնդոնում տեղի ունեցավ միջազգային առաջին սկաուտական բանակումը, որի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ԲՓ միաձայն շնորհվեց Գլխավոր Սկաուտի կոչումը։ Հաջորդող սկաուտական միջոցառումները հաստատեցին, որ դա միայն պատվավոր կոչում չէր. սկաուտները նրանում տեսնում էին իսկական Ղեկավարի։ Ծափահարություններն ու ողջույնի ճիչերը, երբ նա հայտնվում էր հավաքույթներին, լռությունը, երբ նա բարձրացնում էր ձեռքը, հաստատում էին այն, որ նա օժտված էր իր հետնորդների երևակայությունն ու սրտերը գրավելու ունակությամբ։

Երրորդ միջազգային սկաուտական բանակման ընթացքում Ուելսյան արքայազնը հայտարարեց, որ ԲՓ շնորհվում է Հիլվելլյան Լորդի տիտղոս։ Այս լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց աշխարհի բոլոր սկաուտների կողմից։ ԲՓ ջանքերով Հիլվելլ Պարկը վերածվեց միջազգային կրթական կենտրոնի, որտեղ նրա կողմից կազմակերպվում էին խմբապետների պատրաստման սեմինարներ ու պարապմունքներ։

1938 թվականին ԲՓ առողջական վիճակը վատացավ և նա վերադարձավ Աֆրիկա, որտեղ էլ մինչև իր կյանքի վերջը շարունակեց գրել գրքեր, զբաղվել նկարչությամբ։ ԲՓ վախճանվեց 1941 թվականի հունվարի 8-ին, 83 տարեկան հասակում։ Նա թաղված է Նիերում (Քենիա

Իր կյանքի ընթացքում նա գրել է 32 գիրք, ստացել է 6 համալսարանների պատվավոր դիպլոմներ, այլ երկրների կառավարությունների կողմից պարգևատրվել է 28 շքանշաններով ու մեդալներով, արժանացել է այլ երկրների սկաուտական կազմակերպությունների 19 պատվավոր տարբերանշանների։

Իր հրաժեշտի խոսքում, որով նա դիմել է աշխարհի բոլոր սկաուտներին, գրել է. «Եղեք հավատարիմ Սկաուտի Ձեր Երդմանը, նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս եք եկել պատանեկան տարիքից, իսկ Աստված կօգնի Ձեզ դրանում։ Դեպի երջանկություն տանող իրական ճանապարհը ուրիշներին երջանկություն պարգևելն է»։

Օլավ Բեյդն Փաուելը շարունակեց ԲՓ գործը մինչև իր վախճանը (1977 թ)։

Նա թաղված է Նիերում, ԲՓ կողքին։

Հղումներ[խմբագրել]

Հայաստանի ազգային սկաուտական շարժում Հայաստանում «ՀԱՍԿ»։