Ջուդի Չիկագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդի Չիկագո
Ի ծնեանգլ.՝ Judith Sylvia Cohen[1]
ԿեղծանունJudy Chicago
Ծնվել էհուլիսի 20, 1939(1939-07-20)[2][3][4][…] (84 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, գրող, վիզուալ արտիստ, կանանց իրավունքների պաշտպան, նկարիչ-փորագրող, ինստալյացիոն արտիստ, արվեստագետ և ֆեմինիստ
Ոճֆեմինիստական արվեստ[8][9] և ժամանակակից արվեստ[9]
Ժանրինստալյացիայի արվեստ[9], social-artistic project?[9], գեղանկարչություն, քանդակագործություն և ինստալյացիա
Թեմաներինստալյացիա, Կերպարվեստ[10], գեղանկարչություն[10], քանդակագործություն[10] և Ֆեմինիզմ[10]
Ուշագրավ աշխատանքներՃաշկերույթ (Ջուդի Չիկագո)
Պարգևներ
ԱնդամակցությունPhi Beta Kappa
Կայքjudychicago.com(անգլ.)
 Judy Chicago Վիքիպահեստում

Ջուդի Չիկագո (անգլ.՝ Judy Chicago, ի ծնե Ջուդիթ Սիլվիա Կոեն, հուլիսի 20, 1939(1939-07-20)[2][3][4][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5][6]), ամերիկացի ֆեմինիստ, նկարչուհի, մանկավարժ և գրող։ Հայտնի է իր մեծ ինստալյացիաներով, որոնք նվիրված են պատմության և մշակույթի մեջ կանանց դերին։ 1970-ականներին Ջուդիթը ստեղծել է «ֆեմինիստական արվեստ» տերմինը և հիմնել է ֆեմինիստական արվեստի առաջին գեղարվեստական ծրագիրը Միացյալ Նահանգներում։ Չիկագոյի գործերում օգտագործվում են կանանց ավանդական հմտություններ, ինչպիսիք են ասեղնագործությունը, և տղամարդկանց ավանդական հմտությունները, ինչպիսիք են եռակցումը և պիրոտեխնիկան։ Ջուդի Չիկագոյի գլուխգործոցը` «Ճաշկերույթը», գտնվում է Բրուքլինի թանգարանի հավաքածուում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Սիլվիա Կոենը ծնվել է 1939 թվականին, Չիկագոյում։ Նրա հայրը՝ Արթուր Կոենը, ռաբբի էր, նրանց տոհմից է եղել Վիլնոյի գաոնը։ Ի տարբերություն իր նախնիների՝ Արթուրը դարձել է արհմիութենական գործիչ և մարքսիստ։ Նա գիշերը աշխատում էր փոստային բաժանմունքում և օրվա ընթացքում խնամում էր Ջուդիթին, մինչդեռ նրա մայրը՝ Մայա Քոենը, ով նախկին պարուհի էր, աշխատում էր որպես բժշկական քարտուղար։ Արթուրի ակտիվ մասնակցությունը Ամերիկյան Կոմունիստական կուսակցությանը, կանանց դերի վերաբերյալ լիբերալ տեսակետները և աշխատողների իրավունքներին սատարելը մեծապես ազդել են Չիկագոյի մտածողության և համոզմունքներիի վրա։ 1945 թվականին, երբ Չիկագոն փոքր եղբոր՝ Բենի հետ մենակ էր, նրանց տուն է այցելել ՀԴԲ գործակալ։ Գործակալն սկսել է 6-ամյա Չիկագոյին հարցեր տալ հոր և նրա ընկերների մասին, սակայն հարցաքննությունը ընդհատվել է, երբ մայրը վերադարձել է։ Դրանից հետո Արթուրի առողջությունը կտրուկ վատացել է, և 1953 թվականին նա մահացել է որովայնաթաղանթի բորբոքումից։ Մայրը երեխաների հետ չի քննարկել իրենց հոր մահը և թույլ չի տվել նրանց մասնակցել թաղման արարողությանը։ Բայց Չիկագոն մանկության տարիներին չէր կարողանում համակերպվել հոր մահվան հետ։ 1960-ականների սկզբին սթրեսի պատճառով նա արյունահոսող խոցով մեկ ամիս հոսպիտալացվել է։

Ջուդիի մայրը` Մայան, սիրում էր արվեստն ու իր սերը ներշնչում էր նաև երեխաների մեջ, ինչպես դա երևում է Չիկագոյի հետագա կյանքից, որը դարձել է նկարիչ, իսկ նրա եղբայր Բենը՝ կավագործ։ Երեք տարեկան հասակում Չիկագոն սկսել է նկարել և դասընթացների հաճախել Չիկագոյի արվեստի ինստիտուտում։ 5 տարեկան հասակում Չիկագոն արդեն գիտեր, որ ինքը «երբեք չի ցանկացել որևէ այլ բանով զբաղվել, քան արվեստը»։ Հետագայում նա փորձել է ընդունվել այդ ինստիտուտ, սակայն մերժվել է։ Փոխարենը նա սկսել է ուսումը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։

Կրթություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսում Ջուդին քաղաքականապես ակտիվ է դառնում՝ համալսարանում գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի (NAACP) համար պաստառներ ստեղծելով։ Ի վերջո Ջուդին դառնում է դրա պատասխանատու քարտուղարը։ 1959 թվականի հունիսին նա հանդիպում և սիրահարվում է Ջերրի Ջերովիցին։ Թողնում է դպրոցը և տեղափոխվում է նրա մոտ։ 1959 թվականին Չիկագոյի մայրն ու եղբայրը տեղափոխվում են Լոս Անջելես՝ նրան ավելի մոտ լինելու համար, իսկ երիտասարդ զույգն ավտոստոպով ճանապարհորդում է մինչև Նյու Յորք։ Մինչև 1960 թվականը նրանք ապրում էին Գրինվիչ Վիլիջում. այդ ժամանակ ստիպված էին Լոս Անջելեսից Չիկագո վերադառնալ, որպեսզի Չիկագոն կարողանա ավարտին հասցնել ուսումը։ Չիկագոն ամուսնացել է Ջերիի հետ 1961 թվականին։ Ավարտել է համալսարանը գեղարվեստի բակալավրի աստիճանով, 1962 թվականին, լինելով «Ֆի Բետա Կապա» ընկերության անդամ։ Ջերին մահացել է ավտովթարի հետևանքով, 1963 թվականին. Ջուդիի վրա խորապես ազդել է ամուսնու մահը։ 1964 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է մշակութաբանության մագիստրոսի աստիճան։

Չիկագոն ասպիրանտուրայում ստեղծել է աբստրակտ նկարների շարք, որոնցում հեշտությամբ գուշակվել են տղամարդկանց և կանանց սեռական օրգանները։ Շարքը կոչվել է «Բիգամիա» (Bigamy ) և նվիրված էր հանգուցյալ ամուսնուն։ Նկարներից մեկում պատկերել է աբստրակտ առնանդամ, որը մինչև հեշտոցի հետ միավորվելը, «կանգ էր առել թռիչքի ժամանակ»։ Նրա դասախոսները, որոնք հիմնականում տղամարդիկ էին, անհանգստացած էին այդ աշխատանքներով։ Չնայած իր աշխատանքում սեռական օրգանների օգտագործմանը, Չիկագոն խուսափում էր գենդերային քաղաքականության և ինքնության թեմաներից։

1965 թվականին Չիկագոն ցուցադրել է իր աշխատանքները Լոս Անջելեսի Ռոլֆ Նելսոնի պատկերասրահում կայացած ցուցահանդեսում։ Չիկագոն ցուցահանդեսին մասնակցած չորս կին նկարիչներից մեկն էր։ 1968 թվականին Չիկագոյին հարցրել են, թե ինչու չի մասնակցել «Կալիֆոռնիա. Կանայք արվեստում» ցուցահանդեսին Լիտթոն կենտրոնում։ Նա պատասխանել է. «Ես չեմ ցուցադրվի մի խմբում, որտեղ կան «կանայք»,«հրեաներ» կամ «Կալիֆոռնիա» բառը։ Մի օր մենք բոլորս դուրս կգանք նման պիտակներից»։ Չիկագոն սկսել է աշխատել սառցե քանդակների վրա՝ ներկայացնելով «կյանքի թանկարժեք իրերի փոխաբերությունը», որը նույնպես կապված էր ամուսնու մահվան հետ։

1969 թվականին «Փասադենա» արվեստի թանգարանը ցուցադրել է Չիկագոյի ակրիլային պլաստիկ գնդաձև քանդակների և նկարների շարքը «փորձարարական» պատկերասրահում։ Ամերիկացի փորձագետները նշել են, որ Չիկագոյի աշխատանքը կոնցեպտուալիզմ վառ օրինակ է, իսկ «Los Angeles Times»-ը նկարագրել է այդ աշխատանքը որպես «նյույորքյան արվեստի տեսական տիպի» հետ որևէ կապ չունեցող մի բան։ Չիկագոն ասել է, որ իր վաղ արվեստը մինիմալիստական էր և «տղա լինելու» փորձ էր։ Չիկագոն նաև փորձարկել է փերֆորմանս, օգտագործելով հրավառություն և պիրոտեխնիկա, «մթնոլորտ» ստեղծելու համար, որը ներառում էր գունավոր ծխի բոցեր բաց երկնքի տակ։ Այս աշխատանքի օգնությամբ նա փորձել է «կանացիություն» հաղորդել բնապատկերին և «մեղմացնել» այն։

Այս ժամանակահատվածում Չիկագոն նաև սկսել է իր աշխատանքներում ուսումնասիրել իր սեքսուալությունը։ Նա ստեղծել է Pasadena Lifesavers աբստրակտ նկարների մի շարք, որոնք ակրիլով նկարված էին պլեքսիգլասի վրա։ Գործերը գույների խառնուրդ էին՝ պատրանք ստեղծելու համար, թե կերպարները «պտտվում են, լուծարվում, բացվում, փակվում են, թրթռում, թեքում, ճոճվում», արտացոլելով այն հայտնագործությունը, որ ինքը կարող է շատ անգամներ օրգազմ ապրել։ Չիկագոն այս շարքը կոչում է իր ստեղծագործության մեջ շրջադարձային կետերից մեկը, որը վերաբերում է սեքսուալությանը և կանացիության պատկերելուն։

Անվան փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Չիկագոն ձեռք էր բերում նկարչի անունը և ճանաչում իրեն որպես կին, նա ավելի ու ավելի քիչ էր զգում իր կապը իր ազգանվան` Կոենի հետ (ամուսնական ազգանունը` Հերովից)։ Դա պայմանավորված էր նրա հոր և ամուսնու մահվամբ։ Նա որոշել էր, որ ցանկանում է իր ազգանունը փոխել տղամարդկանցից և ամուսնությունից կամ ժառանգությունից անկախ որևէ բանով։ Այս ժամանակահատվածում նա ամուսնանում է քանդակագործ Լլոյդ Համրոլի հետ 1965 թվականին (նրանք բաժանվել են 1979 թվականին)։ Ռոլֆ Նելսոնի պատկերասրահի սեփականատերը նրան անվանել է «Ջուդի Չիկագո»՝ իր ուժեղ անհատականության և առոգանության պատճառով։ Նա որոշել է, որ դա կլինի իր նոր անունը, և փորձել է այն փոխել այն նաև օրենքի հիմքով։ Չիկագոն ցնցվել է, երբ իմացել է, որ իրեն պետք է նոր ամուսնու ստորագրությունը, որպեսզի անունն օրինականորեն փոխվի։ Արդյունքում անունը փոխվել է։ Այս իրադարձությունը նշելու համար նա ցուցահանդեսի համար լուսանկարվել է բռնցքամարտիկ կերպարով,իսկ վերնաշապիկի վրա գրված էր իր նոր անունը։ 1970 թվականին նա նաև պաստառ է փակցրել Ֆուլլերտոնի Կալիֆոռնիայի համալսարանի անհատական ցուցահանդեսում, որտեղ գրված է. «Ջուդի Չիկագոն հեռացնում է տղամարդկանցից իրեն պարտադրված բոլոր անունները և ընտրում է իր անունը»։ Նույն հայտարարությամբ գովազդ է տեղադրել Artforum-ի 1970 թվականի հոկտեմբեր ամսվա թողարկման ժամանակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականների ֆեմինիստական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Չիկագոն որոշել է լրիվ դրույքով աշխատել Ֆրեզնոյի քոլեջում՝ հույս ունենալով կանանց սովորեցնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց աշխատանքում կանացի հայացք արտահայտելու համար։ Ֆրեզնո քաղաքում նա ստեղծել է միայն կանանցից բաղկացած դասարան և 15 ուսանողուհիներին սովորեցրել է կամպուսի սահմաններից դուրս խուսափել «տղամարդկանց ներկայությունից, և, հետևաբար, կարծիքներից»։ Հենց այս ժամանակ էր, որ Չիկագոն սկսել է ներմուծել «ֆեմինիստական արվեստ» տերմինը։ Նրա դասարանը Ֆեմինիստական արվեստի առաջին ծրագիրն էր Միացյալ Նահանգներում։ Չիկագոն համարվում է «առաջին սերնդի ֆեմինիստ նկարիչ»՝ Մերի Բեթ Էդելսոնի, Կարոլի Շնեմանի և Ռեյչել Ռոզենթալի հետ։ Նրանք 1970-ականների սկզբին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում տարածված ֆեմինիստական շարժման ակտիվ անդամներն էին, որոնք զբաղվում էին ֆեմինիստական գրականության ու արվեստի մշակմամբ։

Չիկագոն ավելի հեռուն է գնել` դառնալով Կալիֆոռնիայի Արվեստի ինստիտուտի ուսուցիչ և ղեկավարել է Ֆեմինիստական արվեստի ծրագիրը։ 1972 թվականին Միրիամ Շապիրոյի հետ միասին նա ստեղծել է «Womanhouse» ինստալյացիան, որն արվեստի առաջին ցուցահանդեսային տարածքն էր` արվեստում կնոջ տեսակետը ներկայացնելու համար։ Արլեն Ռավենի և Շեյլա Լևրան դե Բրետվիլի հետ 1973 թվականին Չիկագոն հիմնադրել է «Woman’s Building»-ը Լոս Անջելեսում։ Այնտեղ տեղակայված էր ֆեմինիստական արվեստանոց-ստուդիան, որը հիմնադիրները նկարագրում էին որպես «արվեստի բնագավառում կանանց կրթության փորձարարական ծրագիր»։ Նրանց նպատակն էր մշակել արվեստի նոր հայեցակարգ, արվեստագետի նոր տեսակ և նոր համայնք՝ հիմնված կանանց կյանքի, զգացմունքների և կարիքների վրա։ Այս ժամանակահատվածում Չիկագոն սկսել է նկարել աերոգրաֆով, հիմնականում` երկրաչափական ձևերով վերացական նկարներ։ Այս աշխատանքներն շարունակվել են՝ ավելի ու ավելի շատ կենտրոնանալով «կին» գաղափարի վրա։ Չիկագոյի վրա ուժեղ ազդեցություն է ունեցել Հերդա Լերները, որի աշխատանքներըը նրան համոզել են, որ կանայք, առանց նույնիսկ իմանալով կանանց պատմության մասին, կշարունակեն պայքարը կյանքում` ինքնուրույն և համատեղ։

Womanhouse[խմբագրել | խմբագրել կոդը]

Womanhouse-ը մի նախագիծ է, որին մասնակցել են Ջուդի Չիկագոն և Միրիամ Շապիրոն։ Այն սկսվել է 1971 թվականի աշնանը, երբ նրանք ցանկանում էին տարին սկսել լայնամասշտաբ համատեղ նախագծով՝ այն կին-արվեստագետների համար, ովքեր շատ ժամանակ էին ծախսում՝ խոսելով իրենց կանացի խնդիրների մասին։ Նրանք այդ խնդիրները օգտագործել են որպես շարժիչ ուժ և զբաղվել են դրանցով` նախագծի վրա աշխատելիս։ Ջուդին կարծում էր, որ ուսանողուհիները հաճախ են արվեստով զբաղվելիս չեն ցանկանում ընդլայնել իրենց սահմանները` գործիքների և գործընթացների մասին անբավարար տեղեկատվության և իրենց` որպես աշխատող դիտարկելու անկարողության պատճառով։ «Ֆեմինիստական գեղարվեստական ծրագրի նպատակն է օգնել կանանց վերակառուցել իրենց՝ ըստ նկարիչ լինելու ցանկության, ինչպես նաև` օգնել նրանց արվեստով զբաղվել՝ հիմնվելով իրենց կանացի փորձի վրա»։

1975 թվականին լույս է տեսել Չիկագոյի առաջին՝ «Ծաղկի միջով» (Through the Flower) գիրքը։ Այն պատկերել է այդ կնոջ պայքարը` նկարչուհու իր էության համար։

«Ճաշկերույթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոն ընդունել է Հերդա Լերների խորհուրդը և քայլեր է ձեռնարկել կանանց իրենց պատմությունները սովորեցնելու համար։ Դրա արդյունքում ստեղծվել է նրա գլուխգործոցը` «Ճաշկերույթ» աշխատանքը, որն այժմ գտնվում է Բրուքլինի թանգարանի հավաքածուի մեջ։ Դրա ստեղծումը տևել է հինգ տարի և արժեցել է մոտ 250 000 դոլար։ Առաջին անգամ Ջուդին իրականացրել է այս նախագիծը Սանտա Մոնիկայի իր ստուդիայում։ Սա խոշոր եռանկյուն է՝ 14,5, 13 և 11 մետրանոց կողմերով, որն իր մեջ ներառում է 39 սեղանասպասք։ Յուրաքանչյուր հավաքածու ներկայացնում է պատմական կամ առասպելական կին գործիչ, օրինակ՝ նկարիչներ, աստվածուհիներ, ակտիվիստներ կամ տառապյալներ։ Նախագիծը ստեղծվել է ավելի քան 400 մարդու` հիմնականում` կանանց օգնությամբ, ովքեր կամավոր օգնել են ասեղնագործությանը, ստեղծել քանդակներ և մասնակցել այդ գործընթացի այլ ասպեկտներին։

«Ծնունդ» նախագիծ և Powerplay[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից մինչև 1985 թվականը Չիկագոն ստեղծել է «Ծնունդ» նախագիծը (The Birth Project): Ծրագրում օգտագործել է ծննդաբերության պատկերներ՝ արտացոլելով կանանց դերը որպես մայրեր։ Նկարը շատերին ստիպում է վերաիմաստավորել Ծննդոց գրքի պատմությունը, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է այն բանի վրա, որ Աստված-տղամարդը մարդ-տղամարդուն ստեղծել է առանց կնոջ մասնակցության։ Չիկագոն նախագիծը անվանել է «նախամարդկային կանացի էության բացահայտում, որը թաքնված է իմ հոգու խորքերում... կնոջ ծննդաբերությունը արարման արշալույսի մի մասն է»։ Ծրագրին աջակցել են ԱՄՆ-ից, Կանադայից և Նոր Զելանդայից 150 ասեղնագործներ, որոնք աշխատում էին 100 վահանակների վրա` տարբեր ձևերում` կվիլտինգ, մաքրամե, ասեղնագործություն և այլն։ Ծննդյան նախագծից մասերի մեծ մասը գտնվում է Ալբուկերկո թանգարանի հավաքածուի մեջ։

Հետաքրքիր է նշել, որ Չիկագոն անձամբ հետաքրքրված չէր մայրությամբ։ Չնայած նրան, որ նա հիանում էր այն կանանցով, ովքեր ընտրել էին այդ ճանապարհը, նա դա համարում էր իրեն ոչ համապատասխան։ 2012 թվականին նա ասել է.«Այնպիսի տարբերակ չկար, որ ես ունենայի և՛ երեխաներ, և՛ այն կարիերան, որ ես այսօր ունեմ»։

Չիկագոյի «Ծնունդ» նախագիծն ավարտվելուց և ցուցադրվելուց հետո նա վերադարձել է ստուդիայի իր անկախ աշխատանքին։ Այս ժամանակահատվածում նա ստեղծել է PowerPlay-ը՝ գծանկարների, ասեղնագործությունների, նկարների, թղթի և բրոնզե ռելիեֆների շարք։ Այս շարքում Չիկագոն տղամարդկային տեսքը փոխարինել է ֆեմինիստական տեսքով՝ ուսումնասիրելով «տղամարդկությունը» և տղամարդկանց կրած ազդեցությունը իշխանությունից։

«Հոլոքոստ» նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների կեսերին Չիկագոյի հետաքրքրությունները կին ինքնության հարցերից անցել են Հոլոքոստի համատեքստում տղամարդկանց ուժի և անզորության ուսումնասիրությանը։ Լրագրող Գալիթ Մանան պնդում է, որ այս թեման դեռևս քննարկվում է ֆեմինիստական դիրքերից, որոնք ներկայացված են Չիկագոյի «Հոլոքոստ. Խավարից դեպի լույս» (the Holocaust Project: From Darkness into Light, 1985-1993) նախագծում` ամուսնու` լուսանկարիչ Դոնալդ Վուդմանի հետ համագործակցությամբ, որի հետ նա ամուսնացել է 1985 թվականի Ամանորի նախօրեին։ Չնայած Չիկագոյի նախորդ ամուսիններից երկուսն էլ հրեաներ էին, նա սկսել է ուսումնասիրել իր հրեական ժառանգությունը միայն այն բանից հետո, երբ նա սիրահարվել է Վուդմանին։ Չիկագոն հանդիպել է բանաստեղծ Հարվի Մուդդի հետ, ով էպիկական բանաստեղծություն է գրել Հոլոքոստի մասին։ Ջուդին հետաքրքրվել է պոեմի նկարազարդմամբ, բայց հետո որոշել է ստեղծել իր սեփական աշխատանքը՝ օգտագործելով տեսողական եւ տեքստային մեթոդներ։ Չիկագոն ամուսնու հետ աշխատել է ութ տարի այս նախագծի վրա։ Հոլոքոստի վերաբերյալ նրա ուսումնասիրությունների ժամանակահատվածը համընկել է Ջուդիի երկու կորուստների հետ. մայրը մահացել է քաղցկեղից, իսկ եղբայրը՝ Բենը, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզից։

Ծրագրի համար ոգեշնչում գտնելու նպատակով Չիկագոն և Վուդմանը դիտել են «Շոա» վավերագրական ֆիլմը, որը ներառում էր հարցազրույցներ համակենտրոնացման ճամբարներից և Հոլոքոստի հետ կապված այլ վայրերից փրկվածների հետ։ Նրանք նաև ուսումնասիրելեն լուսանկարչական արխիվները և Հոլոքոստի մասին հոդվածները։ Բացի այդ, նրանք երկուսուկես ամիս ճանապարհորդել են Արևելյան Եվրոպայում, այցելել են համակենտրոնացման բոլոր ճամբարներ և վերջապես ճանապարհվել են Իսրայել։ Այս ճանապարհորդությունը դրդել է Չիկագոյին և Վուդմանին դիտարկել Հոլոքոստը որպես համաշխարհային երևույթ, ուստի Ջուդիին հղումներ է կատարել այլ հարցերի, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, ամերիկացի հնդիկների ցեղասպանությունը և Վիետնամի պատերազմը։ Այդ առարկաների օգնությամբ Չիկագոն փորձել է ժամանակակից խնդիրները համեմատել Հոլոքոստի հետ։ Աշխատանքի այս ասպեկտը հակասություններ է առաջացրել հրեական համայնքի ներսում։ «Հոլոքոստ. խավարից դեպի լույս» նախագիծը բաղկացած է տասնվեց խոշոր աշխատանքներից, որոնք պատրաստված են տարբեր նյութերից, այդ թվում՝ գոբելեն, վիտրաժներ, մետաղ, փայտ և այլն։ Ցուցահանդեսն ավարտվում է շաբաթ օրը հրեական զույգի պատկերող նկարով։ Նախագիծը զբաղեցնում է 3000 քմ մակերես (278 մ²), ինչը դիտողին հնավորություն է տալիս ամբողջական ցուցահանդեսի զգացողություն ունենալ։ «Հոլոքոստ. Խավարից դեպի լույս» նախագիծն առաջին անգամ ցուցադրվել է 1993 թվականի հոկտեմբերին, Չիկագոյի Սպերտուս թանգարանում։ Աշխատանքի մեծ մասը պահվում է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում գտնվող Հոլոքոստի կենտրոնում։

Չիկագոն հաջորդ վեց տարիները նվիրել է աշխատանքի ստեղծմանը, որը վերարտադրել է համակենտրոնացման ճամբարի զոհերի զգացողությունները։ Այն իր մեջ ներառում է «Պետք է բղավել» (One must Scream) նկարը, որը հիմնված է երկու մարդկանց փորձի վրա, ովքեր փրկվել են համակենտրոնացման ճամբարի դիահերձարանից։  

Ժամանակակից աշխատանք և կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Չիկագոն ամուսնացել է լուսանկարիչ Դոնալդ Վուդմանի հետ։ Հարսանիքի 25-րդ տարեդարձը նշելու համար 2010 թվականին Չիկագոն ստեղծել է «Քեթուբայի թարմացումը» (Renewal Ketubah) աշխատանքը։

Չիկագոյի արխիվները գտնվում են Ռադկլիֆի քոլեջի Շլեսինգերի գրադարանում, իսկ կանանց պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի ժողովածուն պահվում է Նոր Մեքսիկայի համալսարանում։ 1999 թվականին Չիկագոն ստացել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտների մրցանակ` մասնագիտական նվաճումների համար, ինչպես նաև` պատվոգրեր է ստացել Լեհայի համալսարանի, Սմիթի քոլեջի, Դյուկի համալսարանի և Ռասել Սեյջ քոլեջի կողմից։ 2004 թվականին Չիկագոն ստացել է Visionary Woman մրցանակը` Մուրի արվեստի և դիզայնի քոլեջից։ Չիկագոն կանանց պատմության ազգային նախագծի դափնեկիր է ճանաչվել` 2008 թվականին Կանանց պատմության մեկամսյակ անցկացնելու համար։ Ջուդին իր ֆեմինիստական արվեստի դասավանդման նյութերի հավաքածուն նվիրել է Փենսիլվանիայի նահանգային համալսարանին 2011 թվականին, երբ նա բնակվում էր Նոր Մեքսիկայում։ 2011 թվականի աշնանը Չիկագոն վերադարձել է Լոս Անջելես՝ Փոլ Գեթիի թանգարանում «Մրցակիցներ» ցուցահանդեսի բացման արարողության համար։ Ցուցահանդեսի համար նա վերադարձել է Պոմոնի քոլեջի ֆուտբոլային դաշտ, որտեղ 1960-ականների վերջին կազմակերպել էր հրավառությունով ինստալյացիա և կրկնել է այն։

Ջուդի Չիկագոյի աշխատանքի վերաբերյալ հետաքրքրվածություն կա Միացյալ Թագավորությունում, որտեղ 2012 թվականին անցկացվել են նրա անհատական երկու ցուցահանդեսները Լոնդոնում, ևս մեկը՝ Լիվերպուլում։ 2012 թվականի նոյեմբերին Լիվերպուլի ցուցահանդեսում Չիկագոն ներկայացրել է Վիրջինիա Վուլֆին նվիրված նկարազարդ մենագրությունը։ Նա ասել է, որ նախկինում գրականության ոլորտում իր ուսումը երկրորդական էր համարում` համեմատած վիզուալ արվեստի հետ, բայց այժմ այն համարում է իր աշխատանքի կարևոր մասը։ Գրել է թվով 9 գիրք և «Մեգեր» բանաստեղծությունը (1979)։

Չիկագոն ձգտում է շարժման մեջ լինել, ուսումնասիրելով նոր ուղղություններ իր ստեղծագործության համար. նա նույնիսկ ընդունվել է ավտոմեքենաների նախագծման դպրոց և շուտով սկսել է աշխատել ապակու հետ։ Ժամանակի ընթացքում ընդլայնվել է նրա գործունեության շրջանակը. ինչպես նկարիչն ինքն է ասում. «երևի կարող ենք ասել, որ ես հայացքս վեր եմ բարձրացրել իմ հեշտոցից»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդի Չիկագո» հոդվածին։