Կոնցեպտուալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնցեպտուալիզմը (լատ. conceptus-միտք, հասկացություն) ընդհանուր հասկացությունների, գոյության ձևի մասին ուսմունք է։ Ի տարբերություն ռեալիզմի և ծայրահեղ նոմինալիզմի, կոնցեպտուալիզմն ընդունում է, որ ընդհանուրը գոյություն ունի մարդու մտքում. այն մտածական գործունեության՝ իրերի նման հատկանիշների հիման վրա կատարված ընդհանրացման, վերացարկման արդյունք է։ Կոնցեպտուալիզմի արտահայտություն է եղել անտիկ փիլիսոփայությունում։ Միջնադարում դրսևորվել է որպես ունիվերսալների պրոբլեմի լուծման եղանակ։ Կոնցեպտուալիզմին հարել են Պիեռ Աբելյարը, Յոհան Սոլսբերացին, Ուիլյամ Օկարը: Նոր ժամանակների փիլիսոփայության մեջ կոնցեպտուալիզմը ձեռք է բերել իմացաբանական երանգ (Ջոն Լոկ, Էտեն Կոնդիլյակ, Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս
Հայ փիլիսոփայության մեջ ունիվերսալիաների հարցի կոնցեպտուալիստական ըմբռնման տարրեր կան Դավիթ Անհաղթի ուսմունքում։ Ըստ նրա, ընդհանուրի գոյության երեք եղանակներից մեկը մարդու մտքում ընդհանրացված գիտելիքի առկայությունն է։ Այս տեսակետը զարգացրել է Վահրամ Րաբունին: Վերջինս, ունիվերսալիաների բնույթի հարցը լուծելով չափավոր նոմինալիզմի դիրքերից, պնդել է, թե ընդհանուրն ինքնին գոյություն չունի. այն էություն է ստանում մարդու մտքի մեջ և գոյատևում այնտեղ առանց ոչնչանալու։ Կոնցեպտուալիզմի տարրեր կան նաև Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու և միջնադարյան այլ հայ մտածողների հայացքներում։

Գրականություն[խմբագրել]

(1979թ.) "5-րդ հատոր", Հայկական սովետական հանրագիտարան։ 

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png