Պիեռ Աբելար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Աբելարը

Պիեռ Աբելար կամ պարզապես Աբելար (ֆր.՝ Pierre Abailard/Abélard, լատ.՝ Petrus Abaelardus; 1079, Լե Պալե, Նանտ - 1142 թ. ապրիլի 21, Սեն Մարսել աբբայություն, Շալոն-սյուր-Սոն, Բուրգունդիա), ֆրանսիացի փիլիսոփա, սքոլաստ, աստվածաբան և բանաստեղծ։ Նրա աստվածաբանական հայացքները դատապարտվել են Կաթոլիկ եկեղեցու կողմից որպես հերետիկոսություն։

Ծնվել Է Պալե գյուղում՝ Նանտից ոչ հեռու։ Լոշում ուսանել Է տրամաբանություն, Փարիզում՝ աստվածաբանություն ու փիլիսոփայություն։ Համբավավոր ուսուցիչ ու հռետոր էր։ Իր աշակերտուհի Էլոիզի հետ ունեցած սիրո տխուր վախճանից հետո դարձել է վանական։ Ընդհանուր հասկացությունների (ունիվերսալիաների) շուրջը սխոլաստիկ փիլիսոփայական հիմնական հոսանքների՝ նոմինալիզմի և ռեալիզմի պայքարում չափավոր նոմինալիզմի՝ կոնցեպտուալիզմի կողմնակից էր։ Աբելարը գտնում էր, որ ունիվերսալիաները ռեալ իրեր չեն (քանի որ ամեն ռեալ իր անհատական է, եզակի), սակայն արտահայտում են իրերի մեջ եղած ընդհանուր իրողությունը և տրամաբանական հետևությունների հիմք տալիս։ Իր բարոյագիտական ուսմունքում Աբելարը ընդգծում էր բարոյականության բնական, ոչ աստվածային բնույթը։ Աբելարը գտնում էր, որ հավատը պետք է հենվի միայն բանականության, ազատ մտքի վրա, որ խղճի հետ համաձայնեցրած արարքը մեղսագործություն չէ։ Սուասոնյան (1121) ու Սանսյան (1140) եկեղեցական ժողովները և Ինոկենտիոս II պապը դատապարտեցին Աբելարի ուսմունքը՝ որպես հերետիկոսություն։

Գրականության պատմության համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Աբելարի և Էլոիզի ողբերգական սիրո պատմությունը, որը Աբելարը նկարագրել է «Իմ աղետալի կյանքի պատմությունը» (Historia Calamitatum) ինքնակենսագրական բնույթի երկում։ Այն արտացոլված է նաև նրանց միջև նամակագրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png