Վահրամ Րաբունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահրամ Րաբունի, հայ քաղաքական մտքի Կիլիկյան դպրոցի նշանավոր ներկայացուցիչ: Ապրել և ստեղծագործել է 13-րդ դարում, ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն: Լինելով բարձրակարգ մտավորական`Վահրամ Րաբունին պաշտոնավարել է Լևոն Գ-ի(1270-1289) արքունիքում որպես ատենադպիր և տնօրինել պետության դիվանագիտական հարաբերությունները, ստեղծել պետական փաստաթղթեր ու գրագրություններ, ընդունել դեսպաններ: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ իմաստասիրական ու կրոնա-աստվածաբանական աշխատություններ` Արիստոտելի, Պորփյուրի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նյուսացու, Դիոնիսիոս Աերոպագացու երկերի մեկնությունները: Հետաքրքրական է նաև Լևոն Գ թագավորի օծման առիթով նրա արտասանած ճառը, որում արտացոլվում են Րաբունու քաղաքագիտական մտքերն ու հայացքները: Այս ճառում նա իր տեսակետն է արտահայտում թագավորական իշխանության առաջացման, նրա էության, պետության ամրապնդման ու զարգացման ուղիների մասին: Վահրամ Րաբունու կարծիքով պետության ծագումը պայմանավորված է աստվածային կամքով ու մարդու բնությամբ: Պատասխանելով այն հարցին, թե ինչից հետո և ինչու է առաջացել թագավորությունը, Րաբունին գտնում է, որ Աստված անմիջականորեն չի ստեղծել թագավորությունը. մարդկանց ստեղծելով իր պատկերի նմանությամբ` նրանց հավասար իրավունքներ է տվել իշխելու և կենդանի բնության վրա, որ նահապետներից ոմանք իրենց թագավոր հռչակեցին`համազգայինների վրա իշխելու նպատակով: Ըստ Րաբունու` պետությունը իշխանության զարգացած ձևն է, որն իրականացնում է իշխանություն բոլորի անունից, ընդհանուրի օգտին: Հետևելով դեռևս անտիկ աշխարհից եկող բնական իրավունքի ավանդական սկզբունքներին`Րաբունին գտնում էր, որ պետությունը պետք է սանձահարի մարդկանց ագրեսիվությունը, ապահովի կարգուկանոն, մեկուսացնի ներոին ապակայունացնող կենտրոնախույս ուժերին, պաշտպանի մարդու ազատությունն ու սեփականությունը: Այս հարաբերությունները, ըստ Րաբունու բխում են սոցիալական որոշակի պայմաններից: Արտաքին հարաբերություններում պետությունը պարտավոր է պահպանել տարածքային ամբողջականությունը, նրա շահերը, ապահովել փոխշահավետ համագործակցությունը և այլն: "Թագավորութիւն է ըստ ուղիղ բանին վերայ աշխարյի, որ իւր է վիճակել և ի նմա բնակելոցն իշխել արդարացի հարկս և իրավունքս ի նոցանէ առնուլ, և զնոսին ի հաստատութիւն պահել արտաքին թշնամացն` քաջությամբ պատկերազմեալ` յաղթել, և կամ հաղթութեան հնարիւք զխաղաղութիվն ողջունել": Թագավորությունը կոչված է երկրի ներսում կարագավորելու իր հպատակների ներդաշնակ գործունեությունը, խրախուսելու բարեգործությունը, պատժելու չարագործությունը, հետևելու օրենքների իրագործմանը, իսկ արտաքին հարաբերություններում` քաջաբար պատերազմելով հաղթել թշնամուն կամ դիվանագիտական արվեստով հաշտություն կնքել հակառակորդի հետ և պահպանել խաղաղությունը: Լևոն Գ-ի իշխանությունը ջատագովող այս ճառը, գործող իրավունքը հայտարարում է արդարացի ու բնական: Պետության գլխավոր դեմքը թագավորն է, որի վարքագծից է կախված երկրի բարեկեցությունն ու համերաշխությունը: Հատուկ ուշադրություն ` դարձվում թագավորի և իշխանների փոխհարաբերություններին և հիմանավորվում կենտրոնաձիգ պետության գաղափարը: Սմբատ Գունդստաբլի օրինակով Րաբունին Հոգևոր իշխանությունը ենթարկում է աշխարհիկ իշխանությանը:

[խմբագրել] Գրականություն

Հենզել Մանուչարյան (2002). "Դրվագներ հայ քաղաքական մտքի պատմության". Երևանի Պետական Համալսարանի հրատարակչություն.

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ