Պորտասարի առեղծվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտասարի առեղծվածը
Տեսակբլուր
Տրամագիծ300 մետր
Խառնարանի տրամագիծ300 մետր
ԼեռնաշղթաՄասիուս լեռնաշղթա

Պորտասարի առեղծված, Ուրֆայի (պատմական` Ուռհա) սարահարթում, որը մինչև առաջին դարը գտնվել է Մեծ Հայքի Միջագետք Հայոց նահանգի կազմում, Մասիուս լեռնաշղթայի արևմտյան կողմի բլուրներից մեկը կրում է Պորտասար (Գյոբեքլի թեփե) անունը։ Շուրջ երեք հարյուր մետր տրամագծով այս բլուրն արտաքինից ոչնչով չէր տարբերվում մերձակա լերկ և արևախանձ բլրակներից։ Սակայն 1995 թվականին Պորտասարում գերմանական հնագիտական ինստիտուտի արշավախմբի սկսած պեղումները գիտնականների առջև բացեցին մարդկային քաղաքակրթության մեծագույն գաղտնիքներից, Քարի դարի հանելուկներից մեկը։ Հողի բարակ շերտի տակ հնագետները հայտնաբերեցին աշխարհի ամենահին պաշտամունքային տաճարային համալիրը, որը թվագրվում է մ.թ.ա. 11-10 հազարամյակներով և որը յոթ հազար տարով ավելի հին է, քան Սթոունհենջի հռչակավոր սրբարան - աստղադիտարանը կամ Ջոսերի եգիպտական բուրգը։

Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առայժմ բացվել են չորս կլոր շինություններ, որոնց տրամագիծը 15-20 մետր է։ Դրանց պատերի երկայնքով, ինչպես նաև սրահների կենտրոնում տեղադրված են զանգվածեղ 39 կրաքարե սյուներ, որոնց բարձրությունը հասնում է երեքից հինգ մետրի և կշռում քսանից քառասուն տոննա։ Երկրամագնիսական հետազոտությունները պարզել են, որ ամբողջ բլուրը պատված է ևս մեկուկես տասնյակ շրջանաձև կառույցներով, որոնք սպասում են պեղումների։ Գիտնականների կարծիքով` հողի տակ գտնվում է շուրջ երկու հարյուր քարե սյուն։ Բացառված չէ, որ դրանց մեջ լինեն ավելի մեծ չափերով քարակոթողներ, քանի որ մոտակա քարահանքում գտնվել է յոթ մետր բարձրությամբ և հիսուն տոննա քաշով վերջնականապես չմշակված ցից մի քարազանգված։ Այս քարակոթողները նշանակալի են նրանով, որ դրանց հարթ մակերեսները խնամքով մշակված են, և ամեն մեկը կրում է որևէ կենդանու բարձրաքանդակ։ Այստեղ կարելի է տեսնել ցուլի, վայրի ոչխարի, էշի (ցիռ), վարազի, վիթի, ընձառյուծի, աղվեսի, կռունկի, բադի, սողունների և միջատների պատկերներ, երկրաչափական մարմիններ հիշեցնող նախշազարդեր։ Պորտասարում գտնվել է նաև տղամարդու երկու արձան, որոնց գլուխները բավականին վարպետորեն են քանդակված և, ըստ հնագետների, ունեն արմենոիդի ակնհայտ նշաններ։ Այս հնավայրի պեղումները ստիպում են գիտնականներին նորովի դիտարկել մարդկային վաղ պատմության հայտնի էջերը, մասնավորապես` նորքարեդարյան հեղափոխության սկզբնավորման խնդիրները։

Նորքարեդարյան հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նորքարեդարյան հեղափոխություն» հասկացությունը գիտական շրջանառության համար առաջարկել է անգլիացի հնագետ Գորդոն Վիր Չայդլը (1892 - 1957)` նկատի ունենալով նախնադարյան տնտեսության երկու կարևոր նվաճումները` երկրագործությունն ու անասնապությունը։ Այդ հեղափոխության ժամանակաընթացքում էր, որ մարդը քոչվորական կյանքից անցավ նստակյացության, պտուղների, արմտիքի, զանազան կերաբույսերի հավաքչությունից` բույսերի մշակությանը, որսորդությունից` կենդանիների ընտելացմանը կամ անասնապահությանը։ Գիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ Փոքր Ասիայում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում նորքարեդարյան հեղափոխությունը ծագել է Քրիստոսից առաջ ութերորդ հազարամյակում և տևել է երեքից չորս հազարամյակ։ Սակայն Պորտասարի արտասովոր գտածոն ստիպում է վերանայել շրջանառվող հայեցակետը։ Հայտնի է, որ ծիսական և պաշտամունքային կառույցները հայտնվել են այն ժամանակ, երբ մարդն անցել էր նստակյաց կյանքի, ստեղծել էր իր հավատալիքների համակարգը և սրբարաններում աստվածներից գթություն և պտղաբերություն էր հայցում ոչ միայն իր, այլև իր աճեցրած բերքի ու անասունների համար։ Պորտասարի համալիրի առանձնահատկությունների վերլուծությունն ապացուցում է, որ այդտեղ երկար ժամանակ աշխատել են որոշակի փորձ ու հմտություն ունեցող քարտաշներ և քարագործներ. մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղված են եղել նույն աշխատանքով` չմտածելով այն համատեղել հանապազօրյա սնունդ ձեռք բերելու քրտնաջան որոնումներով։ Ուրեմն, այդ ժամանակ արդեն հանրության մեջ տեղի էր ունեցել աշխատանքի բաժանում, և տաճարի շինարարները սնվել են ուրիշների հաշվին։ Գիտնականների հաշվարկով տաճարի շինարարությանը մասնակցել է ամենաքիչը հինգ հարյուր մարդ։ Իսկ նրանց բոլորին անհրաժեշտ էր սնվել։ Գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը, որը ղեկավարել է Պորտասարի պեղումները, այդ առիթով գրել է. «Միայն որսով հնարավոր չէր այդքան մարդու կերակրել։ Շրջակայքի բնակիչները արդեն իսկ աճեցնում էին կերաբույսեր և խնամում անասուններ»։ Այս ամենը ստիպում է մտածել, որ նոր և քարեդարյան հեղափոխությունը Առաջավոր Ասիայում տեղի է ունեցել մի քանի հազարամյակ ավելի վաղ, քան մինչ այժմ ենթադրվում էր։

Տաճարի պահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսից առաջ յոթ հազար հինգ հարյուր թվականին պորտասարն անսպասելի կորցնում է իր նախկին նշանակությունը, և տաճարն ամայանում է։ Նախքան բլրից հեռանալը, հավանաբար տաճարը սպասարկող քուրմերը, սրահներում բարձրաքանդակ սյուները քողարկելու նպատակով, նախ լրացուցիչ պատեր են շարում, ապա քիչ ավելի ուշ` համալիրը ծածկում հողով։ Բլուրը դառնում է արգելված գոտի։ Այդպես «պահածոյացված» տեսքով տաճարը շուրջ տասը հազար տարի պահպանվում է հողի տակ և անխաթար ներկայանում հնագետներին։ Եթե չլիներ անհայտ կրոնի սպասավորների շրջահայացությունն ու հեռատեսությունը, ապա հազարամյակների ընթացքում տաճարից հետք չէր մնա, ինչպես հավանաբար թալանվել ու ոչնչացվել են քարեդարյան այլ սրբավայրեր։ Պորտասարում չի հաջողվել գտնել բնակելի սենյակներ և գերեզմաններ։ Մարդիկ այստեղ երբեք չեն բնակվել։ Նրանք բլուր են բարձրացել միայն աստվածներին երկրպագելու համար։ Սակայն, թե ինչ կրոն են նրանք դավանել, ինչ աստվածությունների են երկրպագել, առայժմ հայտնի չէ և հազիվ թե հաջողվի իմանալ։

Պորտասարի խորհրդանշաններ (Պատկերագրեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում հնագույն տաճարի պատերը, ինչպես նաև քարակոթող սյուները զարդարված են խորհրդանշաններով, որոնք կրկնվում են կամայական հերթականությամբ։ Դրանք ոչ միայն մեզ հայտնի կենդանիների, այլև երկրաչափական տարբեր մարմինների պատկերներ են, որոնց զուգակցությունը թողնում է տողերի տպավորություն։ Այսպես, թիվ երեսուներեք քարակոթողի վրա պատկերագիր նշանները շարված են շղթայակերպ։ Երկու անգամ հանդիպում է լատինական H տառը հիշեցնող խորհրդանշանը օձակծիկի, սարդերի և ոչխարների պատկերների հետ։ Թվում է, թե մենք գործ ունենք ծածկագիր տեղեկատվական համակարգի հետ։ Գիտնականները խուսափում են այս դեպքում խոսել նախագրի և գրչության մասին, որովհետև հարկ կլինի վերանայել մարդկային մշակույթի վերաբերյալ ավանդական բոլոր պատկերացումները։ Այդուհանդերձ, Շմիդտը ստիպված է խոստովանել, որ «Գյոբեքլի թեփեի շինարարներն օգտվել են հաղորդագրություններ կազմելու և դրանք մարդկանց փոխանցելու բարդ խորհրդանշաններից»։ Ի մի բերելով տասը տարվա ընթացքում Պորտասարում կատարած իր հետազոտությունները` 2006 թվականին գերմանիայում լույս տեսած «Նրանք կառուցել են առաջին տաճարները» մենագրությունում Կլաուս Շմիդտը գրում է. «Հազիվ թե մոտիկ ապագայում հաջողվի բացատրել Գյոբեքլի թեփեի խորհրդանշանների ամբողջ իմաստը։ Այդտեղ ապրած մարդիկ օժտված էին բառամթերքի հարուստ պաշարով, որը նրանց թույլ է տվել կազմել այնպիսի իմաստային միավորներ, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս սոսկ պտղաբերությանն առնչվող պատկերացումների արմատացած շրջանակներից»։ Նման պատկերագրերով քարեր հնագետները հայտնաբերել են Պորտասարից հարյուր հիսուն կիլոմետր շառավղով հեռավորության վրա։ Ավելին, նշանավոր բլրից հարյուր կիլոմետր հեռու գտնվող Սաբի Աբիադ հնավայրի բնակիչները, որոնք ապրել են մ.թ.ա. VII-VI հազարամյակներում, իրենց պատրաստած կավե ամանները կնքել են Պորտասարի տաճարից հայտնի խորհրդանշաններով։ Հնագետները համոզված են, որ այդ խորհրդանշանները ևս երեք հազար տարի անց արտացոլվել են Ուրուկի շումերական գրչության մեջ։ Ինչպես «Գիտության պատկեր» (գերմ.՝ Bild der Wissenschaft) ամսագրում գերմանական հնագիտական ինստիտուտի աշխատակից Հարալդ Հաուպրմանն է գրել, «Միանգամայն հնարավոր է, որ մ.թ.ա. 4-3 հազարամյակների միջագետքյան աստվածների պանթեոնն ուներ իր նախորդները։ Կարծում եմ, որ Գյոբեքլի թեփեում արդեն այն ժամանակ ձևավորվել էր մի պատկերացում, որը հետագայում իր անդրադարձն ունեցավ շումերական մշակույթում»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց սրբազան լեռները / Ս. Դանիելյան, Երևան, Էդիթ Պրինտ հրատարակչություն, 2012 թվական, էջ 15