Պորտալ:Սրբազան Հռոմեական կայսրություն/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրբազան Հռոմեական կայսրություն (1512 թվականից՝ Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատ.՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թվականից մինչև 1806 թվականը՝ միավորելով Եվրոպայի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր Օտտոնը։ Գերմանական ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արևելյան և Հարավային Իտալիա, ուր գերմանական կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան։ Սկսած 1134 թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն։ 1135 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը։ 13-րդ դարից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ կուրֆյուրստները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին։ 1618-1648 թվականներին Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։ Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև 1806 թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր Ֆրանց II-ը՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր Ֆրանց I-ը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։