Պողիկտոս (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պողիկտոս (իտ.՝ Poliuto), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերա երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի հեղինակը` Սալվատորե Կամմարանո, ըստ Պիեռ Կոռնելի «Պողիկտոս» ողբերգության (1641-42): Ստեղծվել է 1838 թ. Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն բեմադրությունը վերջին պահին արգելվել է: 1840թ. Դոնիցետտին վերամշակել է օպերան ֆրանսիական բեմի համար: «Մարտիրոսներ» անվան տակ այն բեմադրվել է 1840 թ. ապրիլի 10-ին: Իտալական տարբերակի առաջնախաղը կայացել է 10 տարի անց` 1848 թ. նոյեմբերի 30-ին Նեապոլի նույն թատրոնում:

Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահի պատմությունը: Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել էր հետապնդումների և հենց աներոջ կողմից էլ տանջամահ էր արվել։

«Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում. առջնախաղը կայացել է 1993 թվականի ամռանը` Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ։ Պարտիտուրան Հայաստան է բերվել 70—ականներին, Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։ Մինչ 2004 թվականը օպերան եղել է թատրոնի մշտական խաղացանկում, այնուհետև, շենքի վերանորոգումից հետո, մյուս բոլոր ներկայացումների հետ վերականգնվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]