Պիկարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկո Գոյա, «Լասարիլիոն Տորմեսից»

Պիկարո (անգլ.՝ pícaro,բառացի` խաբեբա, խորամանկ), սոցիալական ու գրական տիպար, խաբեբայապատում վեպի գլխավոր հերոս։ Պիկարոյի օրինակներ են Ֆիգարոն, Շվեյկը, Օստապ Բենդերը։ Ռուս փիլիսոփա, մշակույթի տեսաբան Միխայիլ Բախտինի բնորոշմամբ պիկարոյին «վերապահված է առանձնահատուկ յուրահատկություն ու իրավունք` այս աշխարհում օտար լինել։ Կյանքի ոչ մի իրավիճակի հետ պիկարոները չեն հաշտվում, ոչ մեկը նրանց դուր չեն գալիս. նրանք ամեն իրավիճակում տեսնում են կեղծիք ու իրերի հակառակ երեսը»։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լասարիլիոյի» կազմը

Որոշ տվյալներով բառն առաջացել է ֆրանսիական Պիկարդիա գավառից, որտեղից Իսպանիա են ներթափանցել թափառականներ[1]։ Մեկ այլ վարկածով անվանունը կապված է իսպաներեն picar բառի հետ, որ նշանակում է կսմթել։

Գրականության մեջ պիկարոների հայտնվելուն նախորդել է տրիքստերը, որը խաբեբային բնորոշ հատկանիշներով երկրորդական հերոս է։ Այդպիսիք են Պլավտուսի, Պետրոնիուսի, Լուկիանոսի, Լուիջի Պուլչիի, Ջովաննի Բոկաչչոյի, Լուիջի Պուլչիի շատ հերոսներ[2][3]։ Կա կարծիք, որ առաջին պիկարո կարել է համարել Պանուրգի կերպարը Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպից, չնայած նա թշնամական հարաբերություններ չի ունեցել հասարակության հետ[2][4]։

16-րդ դարում Եվրոպայում տարածվում է թափառաշրջիկությունը։ Այն հատկապես լայնորեն տարածվում է Իսպանիայում, որտեղ Նոր աշխարհի գաղութներից եկող եկամուտները հանգեցնում էին տնտեսական ստագնացիայի, անգործության, գնաճի, ազնվականության աղքատացման, կեղծ ուրբանիզացիայի։ Միաժամանակ հեշտ ձեռքբերումների մասին լեգենդները իսպանացիների մեջ ձևավորում էին արտադրական աշխատանքի նկատմամբ արհամարհանք, անձնական հարստացման մասին դատարկ երազանք[5]։ Արդյունքում լյումպենների այս շարքը համալրվում է ուսումը թողած ուսանողներով, ծառայությունը թողած զինվորականներով և համանման մարդկանցով[1]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գուսմանի» կազմը

Պիկարոն առանց հիմնական բնակության տեղ ունենալու մարդ է, որ առանձնանում է իր անբարոյականությամբ և գործունյա լինելով[2]։ Անտուն ու խաբեբա կյանքի նրան մղում են սոցիալական հանգամանքները։ Ավելի ուշ շրջանի վեպերում ի հայտ են գալիս «կոչումով պլուտոներ», որոնց համար կյանքի այդ եղանակը դառնում է սոցիալական ազատության հասնելու միջոց[5]։

Հասարակական բոլոր իդեալները պիկարոյի հոգում աղավաղված են։ Դա վերաբերում է պատվի, ազնվության, աշխատանքի, սիրո մասին պատկերացումներին[6]։ Պիկարոյին բնորոշ են հոռետեսությունը և հեգնական վերաբերմունքը մյուս մարդկանց նկատմամբ[5]։ Այդ մտածելակերպն օգնում է նրան հաղթահարելու սեփական խղճի ապականությունը, ինչպես նաև «վերևից հաստատված» խաղի կանոնները[2]։

Պիկարոների և իշխանության հարաբերությունների մասին հարցը վիճելի է։ Խորհրդային հետազոտողները, ի դեմս պիկարոների դասակարգի, տեսնում էին սոցիալական բողոքի հետքեր, ժամանակակից ուսումնասիրողները գտնում են, որ այդ ժամանակ ձևավորվում է «թագավորի անձի ապասրբացման ուրվապատկերը»[6][7]։ Գյունտեր Գրասն իր Նոբելյան դասախոսության ժամանակ նշել է, որ պիկարոն «միզում է իշանության հենասյուների վրա` խարխլելով դրանք, բայց և լավ գիտակցելով, որ ինքն ի զորու չէ նրան տապալել»[8]։

Նշանավոր պիկարոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գուսմանի» նկարազարդում

Դասական առաջին խաբեբայական ստեղծագործությունը եղել է անանուն հեղինակի «Լասարիլիոն Տորմեսից» պատմվածքը (1554), որը պատմում է աղքատ, բայց խորամանկ թափառականի կյանքի մասին։ Դրանում դրսևորվել է իսպանական խաբեբայական վեպի կանոնիկ ուրվապատկերը` առաջին դեմքից պատում, կոմպոզիցիայի պարզություն, ողբերգականի ու կատակերգականի համադրում, կյանքի «ցածր կողմի» նկատմամբ ուշադրություն[5]։

Այս ժանրի հայտնի մեկ այլ գործ է Մատեո Ալեմանի «Գուսման դե Ալֆարաչե» ստեղծագործությունը (1599), որում նկատելի է վերածննդի արժեքներից բարոկկոյի արժեքների անցումը[2]։ Միգել Սերվանտեսը պիկարոներին հանում է թատերաբեմ, ընդ որում նախընտրում է հոգևոր դրամայի ժանրը. նրա «Ազնվազարմ խաբեբա» ստեղծագործության (1598) հերոսը դառնում է քահանա։ Նիկոլայ Բալաշովի կարծիքով խաբեբայի կերպարը օգնում է Սերվանտեսին առաջադրելու կրոնական-փիլիսոփայական տարբեր հարցեր[9]։ Ֆրանսիսկո դե Քվեդոն իր «Դոն Պաբլոս» ստեղծագործության մեջ (հրատարակվել է 1626 թվականին) ներկայացնում է պիկարոյի ցածր սոցիալական կերպար, որն արտահայտում է մարդկային հասարակության հիասթափությունները[10]։

Խաբեբայական վեպերի պակաս հայտնի հեղինակներից են Ալոնսո Հիերոնիմոս դե Սալաս Բարբադիլիոն, Վիսենտե Էսպինելը, Անտոնիո Էնրիկես Գոմեսը և այլք։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 17-րդ դարում իսպանական խաբեբայական վեպերը սկսել են իրենց ազդեցությունը թողնել հարևան երկրների գրականության վրա։ Հարավային Իտալիայում պիկարոյին համարժեք էր լացարոնին, որը քաղաքային ցածր խավի ներկայացուցիչ էր` կապված «դեմոկրատական բարոկկոյի» հետ[11]։ Իր պիկարոնենրն ունեցավ և հոլանդական գրականությունը, սակայն Նիդերլանդներում թափառականությունը մեծ թափ է ձեք բերել, ինչն իր հետքն է թողել բուրժուական արժեքների հաստատման վրա[7]։

18-րդ դարում պիկարոյի կորպարը զարգացրել է Ալեն Ռենե Լըսաժը` «Ժիլ Բլազ» վեպի հեղինակը։ Նրա թափառական հերոսը իր իսպանական նախատիպերի համեմատությամբ փոփոխվել է, քանի որ իր մեջ ուժ է գտել ընդդիմանալու ճակատագրին ու հասարակական միջավայրին։ Այս հանգամանքը Լըսաժի վեպին լավատեսություն է հաղորդում, որից զուրկ էին դասական պիկարոների մասին պատմող երկերը[12]։ Խաբեբայի գծերով է օժտված նաև Մանոն Լեսկոն Աբբա Պրևոյի նշանավոր վեպում[13]։

19-րդ դարին է առնչվում իսպանացի ռոմանտիկ բանաստեղծ Խոսե դե Էսպրոնսեդայի ստեղծագործությունը։ «Դիվական աշխարհ» պոեմում հերոսը մտնում է այն նույն միջավայր, որում ապրում էին պիկարոները, սակայն հեղինակը ընդգծում է կերպարի սոցիալական ու հոգևոր տարբերությունը[14]։ Նույն ժամանակի մեկ այլ ռոմանտիկ` բրազիլացի գրող Մ. Ալմեյդան, նույնպես վերաիմաստավորում է պիկարոներին բնորոշ ավանդույթը. «Լեոնարդոյի կյանքը» վեպում փողոցային բարքերն ընդունում են լավատեսական բնույթ[15]։

Ռուս գրականության մեջ իսպանական խաբեբայական վեպի ազդեցությունը նկատելի է Միխայիլ Չուլկովի, Վասիլի Նարեժնու, Ֆադեյ Բուլգարինի գործերում[16][17]։ Լըսաժի ու Նարեժնու պիկարոյական ավանդույթներն անցել են Նիկոլայ Նեկրասովին («Տիխոն Տրոստիկովի կյանքն ու արշավանքները»), իսկ Պրևոյի միջոցով նաև Ֆեոդոր Դոստոևսկուն («Խաղամոլը»)[13][18]։ Պիկարոյի հետ ասոցացվում են 20-21-րդ դարերի ռուսական գրականության այլ կերպարներ` Անգետիկը, Իվան Չոնկին, Լեոնիդ Յուզեֆովիչի հերոսները[19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Эман М. Д. Язык плутовского романа // Латинская Америка. — 2007. — № 6. — С. 66.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Михайлов А. Д. Плутовской роман // Краткая литературная энциклопедия
  3. Михальчи Д. Е. Луиджи Пульчи // История всемирной литературы
  4. Михайлов А. Д. Франсуа Рабле // История всемирной литературы
  5. 5,0 5,1 5,2 5,3 Плавскин З. И. Проза зрелого и позднего Возрождения // История всемирной литературы
  6. 6,0 6,1 Папушева О. Н. Кризис испанского общества конца XVI- первой половины XVII века в свете междисциплинарного анализа ментальности пикаро
  7. 7,0 7,1 Ошис В. В. Литература конца века // История всемирной литературы
  8. Грасс Г. Продолжение следует…
  9. Балашов Н. И. Сервантес // История всемирной литературы
  10. Степанов Г. В. Проза // История всемирной литературы
  11. Хлодовский Р. И. Введение
  12. Обломиевский Д. Д. Роман 10—30-х годов // История всемирной литературы
  13. 13,0 13,1 Шульц С. А. «Игрок» Достоевского и «Манон Леско» Прево
  14. Тертерян И. А. Сааведра. Эспронседа // История всемирной литературы
  15. Тертерян И. А. Литература Бразилии // История всемирной литературы
  16. Стенник Ю. В., Степанов В. П. Литературно-общественное движение конца 1760-х — 1780-х годов
  17. Манн Ю. В. Проза и драматургия второй половины 20-х и 30-х годов // История всемирной литературы
  18. Шпилевая Г. А. Жиль Блаз «петербургских углов» Արխիվացված 2014-08-19 Wayback Machine
  19. Кукулин И. В. Игра в сатиру, или Невероятные приключения безработных мексиканцев на Луне // Новое литературное обозрение
  20. Чанцев А. На границе человека и истории