Շերտագրություն (երկրաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շերտագրություն, երկրաբանության բաժին, ուսումնասիրում է երկրաբանական մարմինների ձևավորման հաջորդականությունը և նրանց սկզբնական տարածական փոխհարաբերությունները։ Այդ նպատակների համար առաջին հերթին հետազոտում են նստվածքային ապարների շերտերը և ուսումնասիրում նրանց ֆացիալ փոփոխությունները անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների ավազաններում։

Կապը այլ գիտությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրվող նստվածքների նույն հասակին պատկանելը որոշելու համար հիմնական նշանակություն ունի նստվածքային հաստվածքներում գտնվող բրածո օրգանիզմների կազմությունը։ Այդ պատճառով շերտագրությունը սերտորեն կապված է հնէաբանության, ինչպես նաև երկրաժամանակագրության (ուսմունք Երկրի կեղևը կազմող ապարների ձևավորման ժամանակագրական հաջորդականության և հասակի մասին) հետ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտագրության ծագումը կապված է երկրաբանության՝ որպես գիտության ձևավորման հետ։ Այն հիմք է ծառայել երկրաբանական քարտեզների և երկրա-ժամանակագրական սանդղակ կազմելու համար։

Շերտագրության գիտության մշակվող հարցերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտագրության գիտության առանձին հարցեր մշակվել են XVII դարի, սակայն նրա հիմքերը դրվել են XVIII դարում։ XVIII դարի վերջում երկրակեղևը կազմող նստվածքները Արևմտյան Եվրոպայում ստորաբաժանել են առաջնայինի (այժմ՝ պալեոզոյան), երկրորդայինի (մեզոզոյան) և երրորդայինի (կայնոզոյան)։ Նորագույն փխրուն նստվածքները առանձնացվել են 1829 թվականին, որպես չորրորդական գոյացումներ։ Ընդհանուր շերտագրական սանդղակի ստեղծման ու մշակման գործում մեծ դեր են կատարել ռուս և խորհրդային երկրաբաններ Ա․ Պ․ Կարպինսկին, Ն․ Ի․ Անդրուսովը, Ա․ Պ․ Պավլովը, Դ․ Վ,․ Նալիվկինը, Ա․ Ն․ Կրիշտոֆովիչը, Վ․ Վ․ Մենները, ինչպես նաև արտասահմանյան մի շարք մասնագետներ։

Շերտագրություն հաջորդականության օրենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտագրություն հիմնական դրույթը շերտայնության հաջորդականության օրենքն է, երբ շերտերի նորմալ տեղադրման դեպքում յուրաքանչյուր ստորադիր ավելի հին է ծածկող շերտից, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տեկտոնական դեֆորմացիաների հետևանքով շերտերի սկզբնական տեղադրումը խախտվում է։ Շերտերի տեղադրման հաջորդականության ուսումնասիրության հիման վրա կազմվում է շերտագրական սյունակ։ Դրա համար ամենահուսալին հնէաբանության մեթոդն է, որը հիմնված է Երկրի օրգանական աշխարհի զարգացման անշրջելի առաջընթացի վրա։ Նման սյունակներ կազմելու համար շատ կարևոր նշանակություն ունեն զանգվածային տարածում ունեցող բրածոները (ֆորամինիֆերներ, ոադիոլյարներ, նանոպլանկտոն, դիատոմեյներ և այլն)։ Հին նստվածքների համար կարևոր դեր են կատարում իզոտոպային որոշումները՝ հիմնված տարբեր տարրերի (K, Ս, Pb և այլն) ռադիոակտիվ տրոհման վրա։

Հետազոտման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտավոր նստվածքային և հրաբխածին հաստվածքների համադրման համար օգտագործվում են լիթոլոգիական և երկրաքիմիակաև հետազոտությունները և հետախուզության երկրաֆիզիկական տարբեր մեթոդներ։

Մեթոդների կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համադրման բոլոր մեթոդների կիրառումը հնարավորություն է ընձեռել երկրագնդի համար կազմելու ամփոփիչ շերտագրական կտրվածք, որի հիման վրա սահմանված է շերտագրական ստորաբաժանումների խիստ հիերարխիա։ Շերտագրական ստորաբաժանումների նման համակարգը կամ շերտագրական սանդղակը հաստատվել է 1881 թվականին, Միջազգային երկրաբանների կոնգրեսում (Բոլոնիա) և լրացվել XX դարի կեսերին։

Շերտագրության ուսումնասիրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտագրությունը հիմք է հանդիսանում ռեգիոնալ երկրաբնության հետազոտությունների համար, որոնք թույլ են տալիս հասկանալու տարածքի տեկտոնիկան, որոշելու օգտակար հանածոների որոնման ու հետախուզման ուղղությունը։ Վերջինս վերաբերում է հատկապես շերտային հանքավայրերին (նավթ, քարածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, ֆոսֆորիտներ, բոքսիտներ, քարաղ և կալիումական աղեր, թերթաքարեր և այլն), որոնք հարում են որոշակի շերտագրական մակարդակների։ Շերտագրական կտրվածքի ուսումնասիրությունն անհրաժեշտ է նաև երկրաբանական քարտեզներ կազմելու և ինժեներաերկրաբանական աշխատանքներ կատարելու համար։ ԽՍՀՄ-ում շերտագրության բնագավառի ուսումնասիրությունների առաջատար կենտրոններն են ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտը Մոսկվայում, ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի երկրաբանական և երկրաֆիզիկայի ինստիտուտը Նովոսիբիրսկում, Համամիութենական երկրաբանական ինստիտուտը Լենինգրադում և այլն։ Այդ բնագավառում հետազոտություններ են կատարվում նաև ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում և հանրապետության երկրաբանական այլ կազմակերպություններում։ Հրատարակվում է «ԽՍՀՄ շերտագրությունը» բազմահատորանոց շարքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 488